Logo

Ծանրամարտի ԵԱ. այսօր ունենք երկու մասնակից, Հայաստանի մյուս մարզիկների ելույթների մանրամասն ժամանակացույցը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:27 / 01.06.2022Ծանրամարտ
Հայ  ծանրամարտիկներ-ԵԱ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս գալու Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջին մարզիկները։

Երևանի ժամանակով 22:00-ից սկսած՝ նրանք ներգրավվելու են մինչև 81 կգ քաշային կարգի Ա խմբի մասնակիցների պայքարին։ Ասպարեզ դուրս կգան աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր, մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի չեմպիոն գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը և երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 20 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն էջմիածնեցի Կարեն Մարգարյանը։

Երկամարտի նրանց նախնական հայտում նշված է 355 կգ արդյունք, որը երկրորդ ցուցանիշն է մոլդովացի Մարին Ռոբուի հայտից հետո։ Դա նշանակում է, որ մեր ծանրորդները տրամադրված են միջամտելու մեդալների համար պայքարին։  

Հիշեցնենք, որ եվրոպական այս ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մեկնարկել է երևանցի Իզաբելա Յայլյանը, որը երկամարտի 197 կգ արդյունքով (պոկում՝ 90, հրում՝ 107 կգ) 5-րդ տեղն է գրավել 55 կգ քաշային կարգում։

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի, որոնք ելույթ են ունենալու ներկայացվող հաջորդականությամբ.

հունիսի 2-ին՝ ժամը 19-ից՝ Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝ 89 կգ քաշային կարգ), ժամը 22-ից՝ Տաթև Հակոբյան (76 կգ)

հունիսի 3-ին՝ 22։00-ից՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ)

հունիսի 4-ին՝ 16:00-ից՝ Սամվել Գասպարյան (102 կգ), 19:00-ից՝ Արսեն Մարտիրոսյան (109 կգ), 22։00-ից՝ Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ)

հունիսի 5-ին՝ 18։00-ից՝ Գոռ Մինասյան և Վարազդատ Լալայան (109 կգ-ից բարձր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա