Logo

«Սա աննախադեպ հաջողություն է». Մելիք Ղուկասյանի զրույցը VNews-ի հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:26 / 11.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Արդեն հայտնել ենք, որ հայ ծանրորդները տարբեր չափի ու արժողության 14 մեդալ են նվաճել Հունաստանում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Տարիքային այդ խմբի մեր հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը VNews-ի հետ զրույցում աննախադեպ անվանեց այդ արդյունքը, անդրադարձավ առանձին մարզիկների ելույթներին և ներկայացրեց իր մտահոգությունները։

«Արդյունքից գոհ եմ այնքանով, որ մինչև այժմ մեր ծանրորդները նման ցուցանիշ չէին գրանցել աշխարհի երիտասարդական առաջնություններում։ Երկամարտի գումարով նվաճեցինք 2-ական ոսկե և արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Իսկ ընդհանուր առմամբ մեր երկրի հաշվին գրանցվեց 14 պարգև՝ 5-ական ոսկե և բրոնզե, 4 արծաթե։ Մեդալների քանակով 45 երկրի հաշվարկում գրավեցինք առաջին տեղը։ Թիմային հաշվարկում միավորներով զիջեցինք միայն Թուրքիային, որն ավելի շատ մասնակից ուներ։ Արդեն 13 տարի մարզում եմ երիտասարդական հավաքականը, որը նման մեծ արդյունք չէր գրանցել»,- VNews-ին հայտնեց Մելիք Ղուկասյանը։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր բոլոր հաշվարկները կատարել էինք առաջին տեղը գրավելու նկատառումով։ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը հենց այդ տրամադրվածությամբ կատարեց բոլոր 6 մոտեցումները։ Իսկ 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը վստահ կատարեց պոկում վարժությունը։ Հրում մրցաձևում դիմեցինք մարտավարական քայլի, որպեսզի հաջողության հասնեինք ավելի ուժեղների հետ պայքարում։ Դա աշխատեց. մեր մարզիկը այդ վարժությունում գրավեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի գումարով դարձավ չեմպիոն»։

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սուրեն Գրիգորյանը նոր է 81-ից տեղափոխվել 89 կգ քաշային կարգ։ Անցյալ տարի 2-րդ տեղն էր գրավել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, իսկ համաշխարհային ստուգատեսում դարձել էր 4-րդը։ Հիմա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հաստատվեց նոր քաշային կարգում և բարելավեց արդյունքները։ Վերջին մոտեցումն էլ հաջող կատարելու դեպքում չեմպիոն կդառնար։

Մինչև 102 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության ժամանակ չկարողացավ բարձրացնել 160 կիլոգրամը, բայց հետո արձանագրեց 161 կգ քաշը։ Այդ հապաղումը մի փոքր հետ գցեց նրան։ Հրում վարժության վերջին մոտեցմանը պատվիրել էինք 212 կգ, որը նա երբեք չէր փորձել բարձրացնել։ Դա է պատճառը, որ չստացվեց։ Ի դեպ, այստեղ Պետրոսն առաջին անգամ բարձրացրեց 202 կգ։ Կարևորը՝ պայքարեց։ Արդարացավ նաև մարզիչներիս ընտրած մարտավարությունը»։

ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ՄԱՍԻՆ

«67 կգ քաշային Գոռ Սահակյանը Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոնն է։ Այս առաջնությունում զիջեց թայլանդցի և թուրք ծանրորդներին։ Սահակյանը պայքարող մարզիկ է, խոստացել է գալիք Եվրոպայի առաջնությունում անպայման կիլոգրամների մեծ տարբերությամբ հաղթել թուրք մրցակցին»։

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՉԱՐԺԱՆԱՑԱԾ ՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը երկու վարժություններում էլ փոքր-ինչ բարելավեց Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքները։ Նա նույնպես պայքարող մարզիկ է, ու գլխավորապես այդ որակի շնորհիվ էի նրան ընդգրկել թիմում։ Նպատակն էր, որ վստահություն ձեռք բերի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ։ Նրա մասնակցությունը միտված էր ապագային։

Ունեցանք 0 ստացած երկու մարզիկ։ Անդրանիկ Պապեյանը (61 կգ) երկար ժամանակ չէր մասնակցել մրցումների։ Ցանկանում էի փորձել նրան։ Պոկում վարժության ժամանակ երկու անգամ չկարողացավ բարձրացնել 120 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում ձախողեց 140 կգ-ին կատարած բոլոր 3 մոտեցումները։ Մարզումների ընթացքում մի քանի անգամ բարձրացրել է այդ քաշը։ Այստեղ, հավանաբար, ընկրկեց. ժամանակից շուտ հանձնվեց պոկումի վերջին 2 անհաջող փորձից հետո։

89 կգ քաշային Գևորգ Ղահրամանյանին անհրաժեշտ էր ընդամենը մեկ արդյունավետ մոտեցում կատարել՝ մրցանակակիր դառնալու համար։ Հրում մրցաձևում պահանջվում էր բարձրացնել 190 կգ կշռող ծանրաձողը, ինչն անել չկարողացավ։ Ասում է՝ կաշկանդված էր մրցահարթակ բարձրանալիս։ Մինչդեռ նախավարժանքի ժամանակ հեշտությամբ բարձրացրել էր 180 կգ։ Իսկ անցյալ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 197 կգ արդյունքով»։

ԽՆԴԻՐՆԵՐ

«Ես ու օգնականս, մեր բուն գործառույթներից բացի, կատարում ենք նաև հոգեբանի, մանկավարժի և նույնիսկ մերսողի ու բժշկի աշխատանք։ Մինչդեռ մյուս երկրների հավաքականներում աշխատանքի հստակ տարանջատում կա։ Շատ կարևոր է հոգեբանի դերը, եթե իհարկե հետագայում մեծ արդյունքներ ենք ակնկալելու։ Աշխարհի երիտասարդական առաջնությունը պատահական մրցում չէ, դրան մասնակցում են մոլորակի 45 հզոր թիմերը, որոնց կազմում կան մինչև իսկ 2024 թվականի Օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակիցներ։ Անցյալ տարի մեր ծանրորդների հետ հոգեբաններ էին աշխատում, ու մեր բոլոր 7 մարզիկն էլ մեդալով վերադարձան Եվրոպայի առաջնությունից»։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

«Այս տարի Եվրոպայի երիտասարդական ստուգատեսն անցկացվելու է հոկտեմբերին Ալբանիայում։ Նախապատրաստական շրջանում, հավանաբար, 2-3 երկարատև հավաք կանցկացնենք։ Ընթացքում տղաները կմարզվեն տեղերում։ Զգուշացրել ենք, որ լուրջ մոտենան տեղերում պարապմունքներին, որպեսզի գոնե 80-տոկոսանոց պատրաստականությամբ ներկայանան հավաքներին։ Հնարավոր է նաև՝ կազմում փոփոխություններ լինեն։ 2004 թվականին ծնված 2-3 լավ պատանի կա, որոնց կընդգրկեմ թիմում, եթե հասցնեն ցույց տալ իմ ուզած արդյունքը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա