Logo

Չեմպիոնների լիգայի եզրափակիչների հերոսները. 5 ֆուտբոլիստ, որ փայլել է գլխավոր բեմում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
15:58 / 05.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ակումբային ֆուտբոլի մեծագույն իրադարձությունն է, ակումբային մրցաշրջանի վերջին խաղն ու այն բեմը, որտեղ փայլելն աշխարհի ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է: 

Նախորդ 2-3 տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք ֆուտբոլիստների, որոնք ֆանտաստիկ ելույթ են ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, կան խաղացողներ, որոնք ամբողջ մրցաշրջանում, մեծ հաշվով, չեն տպավորել, բայց «պայթել» են եզրափակիչում, որոշներին էլ հիշում ենք այդ եզրափակիչներով միայն: 

Տիբո Կուրտուան նրանցից վերջինն էր, որ փայլեց ՉԼ եզրափակիչում: Եթե չլիներ բելգիացու հերոսական խաղը Փարիզի «Ստադ դը Ֆրանսում», «Ռեալը» չէր նվաճի իր պատմության 14-րդ ՉԼ գավաթը: «Լիվերպուլը» մեկը մյուսից վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում, որոնք ավարտում էին հարվածներով, բայց Կուրտուան «Մատրիցա» ֆիլմի Նեոյի նման փակում էր բոլոր հարվածները` ընդհանուր առմամբ կատարելով 9 սեյվ:

VNews-ն առաջարկում է վերհիշել Չեմպիոնների լիգայի այլ եզրափակիչներ, որոնցում ֆուտբոլիստների անհատական խաղը հիացմունք է առաջացրել:

Մարսել Դեսայի, 1994, «Միլան» 4-0 «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի 1993/94 խաղարկության եզրափակիչը, որում «Միլանը» ջախջախեց «Բարսելոնային», ամենախորհրդանշականներից է այս մրցաշարի պատմության մեջ: «Ռոսոներիները» գրանցեցին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամենախոշոր հաղթանակը, չնայած հանդիպմանը մոտեցել էին «անդրդոգի» կարգավիճակով: Ֆավորիտը «Բարսելոնայի» Յոհան Կրույֆի գլխավորած «դրիմ թիմն» էր, որտեղ խաղում էին Ռոնալդ Կումանը, Պեպ Գվարդիոլան, Ռոմարիոն, Խրիստո Ստոիչկովն ու ընկերները: Ֆաբիո Կապելոյի թիմն էլ հաղթել էր Ա Սերիան, բայց, զարմանալիորեն, Իտալիայի առաջնությունում խփել էր ընդամենը 36 գոլ: Սակայն այդ երեկո «Միլանը» ցույց տվեց անհավատալի հարձակողական խաղ:

Դեյան Ստանկովիչը հրաշալի գոլ խփեց՝ ցույց տալով անհատական բարձր որակներ, բայց այդ խաղի հերոսը Մարսել Դեսային էր, որն իր ֆանտաստիկ խաղով դաշտի գրեթե բոլոր գոտիներում ապահովեց «Միլանի» պատմության ամենափառահեղ հաղթանակներից մեկը:

Ֆրանսիացին այդ ժամանակ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ 2 անգամ անընդմեջ հաղթում է մրցաշարում 2 տարբեր թիմերի հետ (1993-ին Դեսային բարձրացրել էր ականջավոր գավաթը «Մարսելում»): Դեսային շոկի ենթարկեց «Բարսելոնայի»՝ մինչև այդ օրը գործող հրաշալի խաղային մեխանիզմը: Բացի իր բուն պարտականությունները կատարելուց ու խաղադաշտի միջին գծում փայլուն խաղից, Դեսային խփեց նաև իր թիմի 4-րդ գոլը: Գրոհներից մեկի ժամանակ նա հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում ու գերազանց հարվածով գրավեց Անդոնի Սուբիսարետայի դարպասը: Անմոռանալի երեկո՝ «Միլանի» ու Մարսել Դեսայիի համար:

Սթիվեն Ջերարդ, 2005, «Լիվերպուլ» 3-3 «Միլան»

Սթիվեն Ջերարդը միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել «Լիվերպուլի» երկրպագուների համար, բայց ամենից շատ՝ Չեմպիոնների լիգայի 2004/05 խաղարկության եզրափակիչում իր անհավանական խաղի շնորհիվ: 

Այդ եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը «Միլանն» էր: Մերսիսայդյան ակումբն առաջին կեսում 0-3 հաշվով պարտվելուց հետո կարողացավ գերմարդկային կամքի ու ջանքերի շնորհիվ հավասարեցնել խաղի հաշիվը: «Լիվերպուլը» ֆավորիտ չէր այդ եզրափակիչում, քանի որ Կառլո Անչելոտիի այդ «Միլանը» վախեցնում էր բոլորին: Այդ թիմը 2 տարի առաջ էր նվաճել Չեմպիոնների լիգան, շատ ավելի մեծ փորձ ուներ, նաև՝ անհամեմատ ավելի լավ կազմ (Մալդինի, Նեստա, Պիռլո, Զիդորֆ, Կակա, Շևչենկո...): Ու առաջին կեսից հետո թվում էր, թե մնում է պարզապես համբերել ևս 45 րոպե, ու «մեծականջ» գավաթը կհանձնվի «Միլանին»: Բայց «Լիվերպուլն» այդ խաղից հետո փոխեց մարդկանց պատկերացումները ֆուտբոլի կանխատեսելիության վերաբերյալ: Թեև պատմական քամբեքներ էլի էին եղել (օրինակ՝ 1999-ի եզրափակիչը, որում հաղթեց ՄՅՈՒ-ն), բայց այս մեկն ուրիշ էր՝ հաշվի առնելով թիմերի կարգավիճակը և հաշվի շատ ավելի մեծ տարբերությունը:

Բայց հենց Սթիվեն Ջերարդի կամային որակներն ու երբեք չհանձնվելու բնավորությունը լիվերպուլցիներին առաջնորդեցին դեպի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան քամբեքներից մեկը: 2-րդ խաղակեսի մեկնարկում մերսիսայդցիները հերթական դիրքային գրոհն էին ձեռնարկում, ու ոչինչ չէր վկայում, որ շուտով գոլ է լինելու: Բայց 54-րդ րոպեին Յոն Առնե Ռիզեի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո Սթիվեն Ջերարդը, որը Նեստայի ու Ստամի պես հսկաների կողքին էր հայտնվել, բարձր ցատկեց ու գլխի անկասելի հարվածով գրավեց Դիդայի դարպասի հեռավոր անկյունը: Այդ շքեղ գոլը խփելուց հետո մրցակցի տուգանային հրապարակ իր անսպասելի մուտքով նա իր թիմի համար վաստակեց 11-մետրանոց, որը երկրորդ փորձից գոլի վերածեց Խաբի Ալոնսոն: Լրացուցիչ ժամանակում էլ Ջերարդը շատ էր օգնում պաշտպանությունում: Ի վերջո «Լիվերպուլը» հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:

Ջերարդը կարիերայում մի քանի անգամ կարողացել է միայնակ հաղթանակ ապահովել «Լիվերպուլի» համար, բայց դա անելով նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Սթիվենը հավերժ գրեց իր անունը թե՛ ակումբի, թե՛ մրցաշարի պատմության մեջ:

Լիոնել Մեսի, 2010/11, «Բարսելոնա» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» հաղթանակը 2011-ին «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ շատերի կողմից համարվում է լավագույն ելույթն առհասարակ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմությունում: Կատալոնական թիմն անհավանական ֆուտբոլ ցույց տվեց «Ուեմբլիում»: «Բարսելոնայի» այդ մրցաշրջանի թիմն էլ համարվում է ֆուտբոլի պատմության լավագույններից: «Ինձ համար բոլոր ժամանակների ուժեղագույն թիմն այդ «Բարսելոնան» է: Ավելի ուժեղ մրցակցի իմ թիմը չէր հանդիպել», - խոստովանեց խաղից հետո Ալեքս Ֆերգյուսոնը:

Եվ ո՞վ էր այդ խաղի գլխավոր հերոսն ու իր թիմի խաղի գլխավոր ճարտարապետը. իհարկե, Լիոնել Մեսին, որն իր կարիերայի լավագույն խաղերից անցկացրեց Լոնդոնում: Այնպես չէ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հզոր չէր այդ մրցաշրջանում: Նրանք նոր-նոր էին հաղթել Պրեմիեր լիգան, հրաշալի ֆուտբոլ էին խաղում, Ուեյն Ռունին իր կարիերայի գագաթնակետում էր, Ռիո Ֆերդինանդ - Նեմանյա Վիդիչ զույգն էլ լավագույններից էր ոչ միայն այդ ժամանակ, այլ նաև 21-րդ դարում: 

Բայց Մեսին ներսից քայքայեց ու կեղեքեց այդ «Յունայթեդին», նա արեց այնպես, որ թիմերի միջև ուժերի հարաբերակցությունը դարձավ անդունդային, իսկ Վիդիչին ու Ֆերդինանդին որոշ դրվագներում դարձրեց միջին կարգի պաշտպաններ: Լեոն նահանջում էր խաղադաշտի կենտրոն, անցումներ ձեռնարկում, կոմբինացիաներ կազմակերպում, անդադար պատ-խաղարկումներ անում, ու մրցակցի կազմում ոչ ոք ոչինչ չէր կարողանում անել նրա դեմ: Եվ այդ ֆանտաստիկ խաղը Մեսին նշանավորեց գոլով, որն էլ տարբերություն էր ստեղծելու թիմերի միջև: Հաշիվը դարձավ 2-1, բայց այն չէր արտացոլում խաղադաշտում կատարվողը: Մեսին այդ օրը մեկուկես գլուխ բարձր էր խաղադաշտում գտնվող մնացած բոլորից:

Կրիշտիանու Ռոնալդու, 2016/17, «Ռեալ» 4-1 «Յուվենտուս»

2016/17 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում փայլելու հերթն արդեն մյուս GOAT-ինն էր:

ՉԼ այդ եզրափակիչ իսկապես հասել էին մրցաշրջանի 2 լավագույն թիմերը: Զիդանի «Ռեալը», որպես կայացած թիմ, գրանցում էր կայուն արդյունքներ և ուներ կազմի անհավանական խորություն: Այդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց Լա լիգան՝ օգտագործելով գրեթե պահեստային կազմը, որոնցում կային Ալվարո Մորատայի, Իսկոյի, Մարկո Ասենսիոյի, Խամես Ռոդրիգեսի պես ֆուտբոլիստներ, իսկ Չեմպիոնների լիգայում էլ խաղում էին հիմնական թիմի աստղերը՝ Ռոնալդուն, Բեյլը, Մոդրիչը, Բենզեման ու մյուսները: «Յուվենտուսն» էլ բարդ ճանապարհ էր անցել մինչև եզրափակիչ հասնելը: Թիմը հաղթահարել էր «Բարսելոնայի» և Կիլիան Մբապեով «Մոնակոյի» արգելքը:

Քարդիֆում կայացած խաղի հատկապես երկրորդ կեսում, սակայն, տպավորությունն ամենևին էլ այնպես չէր, թե հավասար թիմեր էին պայքարում: «Ռեալը» կոտրեց անպարտելի թվացող «Յուվենտուսի» դիմադրությունը ու դա արեց մեծապես Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ: Պորտուգալացին նախ՝ բացեց խաղի հաշիվը, իսկ հետո՝ խփեց իր թիմի 3-րդ գոլը՝ խոցելով «Յուվեի» պաշտպանությունը 2 անգամ: Իսկ Ալեգրիի այդ «Յուվեն», որի դարպասը պաշտպանում էր երկրորդ երիտասարդություն ապրող Բուֆոնը, իսկ պաշտպանությունում ամուր կանգնած էին Կիելինին ու Բոնուչին, ընդամենը 3 գոլ էր բաց թողել ամբողջ մրցաշարում:

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում խփեց իր 4-րդ գոլը, բայց նրա լավագույն ելույթը, միանշանակ, Քարդիֆում էր:

Գարեթ Բեյլ, 2017/18, «Ռեալ» 3-1 «Լիվերպուլ»

Հաջորդ մրցաշրջանում էլ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան: Կիևում էլ սպասվում էր, որ Ռոնալդուն է լինելու երեկոյի հերոսը, բայց այդ երեկոն ուներ անսպասելի հերոս, քանի որ նա նույնիսկ մեկնարկային կազմում էլ չէր:

«Ռեալի» ու «Լիվերպուլի» միջև այդ հանդիպման երկրորդ կեսում խաղի հաշիվը դեռ 1-1 էր, երբ փոխարինման դուրս եկավ Գարեթ Բեյլը: Ուելսցին արդեն կորցնում էր կարևորությունը թիմում, կորցնում էր աստղի կարգավիճակն ու տեղը մեկնարկային կազմում: Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչում անընդմեջ նա մնացել էր պահեստայինների նստարանին: Բայց Բեյլը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, թե ինչպես է տրամադրվում եզրափակիչներին (հիշենք 2014-ին Արքայական գավաթում նրա անմոռանալի գոլը «Բարսելոնայի» դարպասը), և հերթն արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում փայլելն էր:

Եթե այդ խաղում կար գոլ, որը բացառիկ վարպետության արդյունքում ծնվեց, ոչ թե ինչ որ մեկի սխալի հետևանքով, ապա «Ռեալի» խփած գոլերից երկրորդն էր. Մարսելոյի փոխանցումից հետո Բեյլը բավական հեռու տարածությունից՝ մոտ 12-13 մետրից շրջադարձ հարված կատարեց ու խփեց ՉԼ եզրափակիչների պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը: Մի քանի րոպե անց նա խփեց երկրորդը, բայց այս անգամ, իհարկե, շատ օգնեց Լորիս Կարիուսի մանկական սխալը:

Ստացվում է, որ «Ռեալն» իր ֆուտբոլիստներից մեկի հրաշալի ելույթի շնորհիվ հաղթեց Չեմպիոնների լիգայի իր 13-րդ տիտղոսը և իր դարպասապահի ֆանտաստիկ խաղի շնորհիվ էլ՝ 14-րդ գավաթը: Երկու դեպքում էլ տուժեց «Լիվերպուլը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա