Logo

ՉԼ հաղթողից նույնիսկ նշույլ չկա. Որոնք են «Չելսիի» ճգնաժամի պատճառները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:22 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Նախորդ տարի՝ մոտավորապես այս օրերին, «Չելսիի» կյանքում նոր փուլ սկսվեց. հեռացավ մրցաշրջանի մեկնարկը ձախողած Ֆրենկ Լեմպարդը, ու Ռոման Աբրամովիչը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց գործազուրկ մնացած մասնագետներից լավագույնին՝ ՊՍԺ-ից հեռացված Թոմաս Տուխելին:

Տուխելի՝ թիմը գլխավորելուց հետո պատկերն ամբողջությամբ փոխվեց: Գերմանացի մասնագետը մի լավ նորոգեց թիմը ներսից, ինչի արդյունքները միանգամից տեսանելի դարձան. ԱՊԼ-ում «Չելսին» մտավ լավագույն քառյակ ու արեց անհնարին թվացողը՝ հաղթեց Չեմպիոնների լիգան:

Թվում էր՝ այս մրցաշրջանում լոնդոնցիներն ավելի ուժեղ, ավելի կայացած, ավելի խաղակցված ու հզոր կլինեն, հատկապես, որ թիմ էին եկել Սաուլն ու Ռոմելու Լուկակուն: Բայց ժամանակի ընթացքում «Չելսիի» խաղը մարեց ու սկսեց Տուխելի գլխավորությամբ թիմի վատագույն էտապը:

Փորձենք հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրից նշույլ նույնիսկ չկա:

ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅՈՒՄ «ՉԵԼՍԻՆ» ՑԱԾ Է ԳԼՈՐՎՈՒՄ

Սկսենք արդյունքներից: Այնպես չէ, որ «Չելսին» վատ սկսեց այս մրցաշրջանը: Ավելին՝ առաջնության 10-րդ տուրում լոնդոնցիները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով «Լիվերպուլին», 3-ով՝ «Մանչեսթեր Սիթիին», բայց մեկուկես ամսվա ընթացքում «Սթեմֆորդ Բրիջում» ծիծաղը փոխարինվեց դեմքի տխուր արտահայտությունով:

Պրեմիեր լիգայի նախորդ 7 խաղերում «Չելսին» ընդամենը 1 հաղթանակ է տարել, և յուրաքանչյուր հաջորդ տուրում Տուխելը տեսնում է՝ ինչպես են կորում Պրեմիեր լիգան 2017-ից հետո առաջին անգամ հաղթելու հնարավորությունները:

Ընդ որում՝ «Չելսին» միավորներ է կորցնում ոչ միայն անմիջական մրցակիցների հետ պայքարում («Մանչեսթեր Սիթիին» ու «Վեսթ Հեմին» թիմը պարտվեց, «Լիվերպուլի» հետ՝ ոչ-ոքի), այլ նաև այն խաղերում, որոնցում պարտավոր է հաղթել: Ոչ-ոքիներ «Բրայթոնի», «Էվերթոնի» ու «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղերում:

Այս պահին «ազնվականները» 3-րդն են ու 12 միավորով զիջում են «Մանչեսթեր Սիթիին», այն էլ այն դեպքում, որ Գվարդիոլայի թիմը 1 խաղ պակաս է անցկացրել:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ ԽՄԲՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

«Չելսիի» ճգնաժամը չսահմանափակվեց Անգլիայով ու տարածվեց նաև Եվրոպայում: «Կապույտները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում բարդացրին իրենց գործը: «Յուվենտուսին» 4-0 հաշվով ջախջախելուց հետո նրանք կախված էին միայն իրենք իրենցից՝ 1/8 եզրափակիչ որպես խմբի առաջատար ուղևորվելու համար:

Բայց Տուխելի թիմն անճանաչելի էր «Գազպրոմ Արենայում» կայացած խաղում, որտեղ ոչնչի համար չպայքարող «Զենիթն» ուներ ավելի լավ տեսք ու հաղթելու ավելի մեծ ցանկություն: Անհատների ավելի բարձր կարգի շնորհիվ «Չելսին» այդ խաղում կարողացավ հաղթողի դերում լինել, բայց այդ հաղթանակն ու խմբում առաջին տեղը թիմը բաց թողեց ձեռքից՝ 90+4-րդ րոպեին գնդակ ընդունելով սեփական դարպասը:

«Չելսիին» բախտը ժպտաց վիճակահանության ժամանակ (այն էլ՝ 2 անգամ): 1/8 եզրափակիչում լոնդոնցիների հնարավոր մրցակիցների թվում էին «Ռեալի» ու «Բավարիայի» նման թիմեր, բայց ինչպես առաջին (չստացված), այնպես էլ երկրորդ վիճակահանության ժամանակ որպես մրցակից բաժին հասավ ամենացանկալի թիմը՝ «Լիլը»:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ԱՌԱՋԻՆԸ ՀԱՐՎԱԾԵՑ ԿՈՐՈՆԱԳՐՈՀԸ

Վերլուծելով «Չելսիի» ճգնաժամի պատճառները՝ առաջինը հիշում ենք կորուստների մասին: Վնասվածքներն ու հատկապես կորոնավիրուսը լուրջ հարվածներ հասցրին թիմին և էապես թուլացրին այն: Անդրեաս Քրիստենսենի, Կալում Հադսոն-Օդոյիի, Ռոմելու Լուկակուի, Տիմո Վերների, Բեն Չիլուելի, Ժորժինյոյի, Ռուբեն Լոֆթուս-Չիկի ու Կայ Հավերցի բացակայությունների պատճառով «Չելսին» «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում պահեստայինների թվում հայտավորել էր ընդամենը 6 ֆուտբոլիստի, որոնցից 2-ը դարպասապահներ էին՝ Կեպան ու Բետինելին:

«Խորապես հիասթափված ենք, որ մեր՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղը հետաձգելու խնդրանքը մերժվեց: Իրավիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտ էր հետաձգել խաղը՝ մեծ թվով կորուստների, ինչպես նաև ֆուտբոլիստների անվտանգության նկատառումներից ելնելով», - նշեց Տուխելը հանդիպումից հետո:

Դրանից բացի, «Չելսին» կորցրեց երկու շատ կարևոր ֆուտբոլիստների: 3 կենտրոնականով սխեմայում առանցքային դեր ունեն լատերալները, որոնք էլ երկար ժամանակով շարքից դուրս մնացին: Առաջինը Չիլուելն էր, որը կտրել է ծնկի խաչաձև կապանները և այս մրցաշրջանում դժվար թե շարք վերադառնա: Երկրորդը՝ Ռիս Ջեյմսը, որն այս մրցաշրջանում առանձնահատուկ արդյունավետություն էր ցույց տալիս. անցկացրած 23 խաղում նա խփել էր 5 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:

ԼՈՒԿԱԿՈՒՆ ՉԼՈՒԾԵՑ ԳՈԼԻ ԽՆԴԻՐԸ

2020-ի ամռանը «Չելսին» 133 մլն եվրո ծախսեց՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար(53 մլն՝ Վերների, 80 մլն՝ Հավերցի համար): Չնայած Չեմպիոնների լիգայում հաղթանակին՝ ակնհայտ էր, որ լոնդոնյան թիմում չկա գոլահար, որ թիմն ունի պահերի իրացման խնդիր: Չկար ֆուտբոլիստ, որ մրցաշրջանում ապահովեր 20-30 գոլ:

Հենց այդ խնդիրը լուծելու համար էլ եկավ Ռոմելու Լուկակուն: «Չելսին» «Ինտերին» վճարեց 115 մլն եվրո՝ իրականացնելով իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Թվում էր՝ որոշումն իդեալական էր. Լուկակուն 2 անհավանական տարի էր անցկացրել «Ինտերում» ու կլրացներ այն միակ բացը, որ կար Տուխելի թիմում:

Բայց նախ` «Բիգ Ռոմին» բախտը չի ժպտում՝ հաշվի առնելով նրա վնասվածքներն ու կորոնավիրուսով վարակված լինելը (23 խաղ, 8 գոլ, 2 ասիստ), թեև խփած գոլերից բացի կարողանում է թիմին օգուտ տալ այլ գործոններով, օրինակ՝ իր վրա է հրավիրում մրցակիցների ուշադրությունն ու ազատ տարածություններ ստեղծում թիմակիցների համար:

Ապաքինվելուց հետո արդեն բելգիացին սկանդալային հայտարարություն արեց, որով ոչ միայն մեծ աղմուկ բարձրացրեց թիմի շուրջ, այլ նաև փչացրեց իր ու ակումբի հարաբերությունները:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել «Ինտերի» երկրպագուներից այնպես հեռանալու համար, ինչպես ես արեցի: «Ինտերը» միշտ իմ սրտում է, և ես ցանկանում եմ կրկին խաղալ այնտեղ:

«Չելսիում» երջանիկ չեմ այս պահին: Տարաձայնություններ կան իմ ու Տուխելի միջև թիմի սխեմայի վերաբերյալ», - հայտարարեց Լուկակուն, ինչն անակնկալ էր գերմանացի մասնագետի համար: Տուխելը Լուկակուին դուրս թողեց «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից, ինչից հետո 28-ամյա հարձակվողն ստիպված եղավ ներողություն խնդրել արդեն լոնդոնյան թիմի երկրպագուներից ու նոր միայն հաշտվել Տուխելի հետ:

Սպասելիքները չի արդարացնում նաև մյուս տրանսֆերը՝ Սաուլ Նիգեսը: Իսպանացին ձախողեց նորամուտի խաղն ու կորցրեց խաղաժամանակը: Թիմակիցների բացակայության պայմաններում նա նորից շանս ստացավ, բայց ինչպես երևում է, Պրեմիեր լիգան Սաուլինը չէ:

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ

Նախորդ մրցաշրջանում «Չելսիի» գլխավոր առավելություններից մեկն ինտենսիվ խաղն էր՝ առաջին րոպեից մինչև վերջինը, անդադար վազքն ու աշխատանքը և թիմային գրագետ տեղաշարժը:

Բայց այս մրցաշրջանում ֆուտբոլիստների այդ ցանկությունը, վերաբերմունքն ու ոգևորությունը մարել են, ինչի մասին նշեց Տուխելը «Զենիթի» դեմ հետխաղյա ասուլիսի ժամանակ. «Գուցե մոռացել ենք, թե ինչու նախորդ մրցաշրջանում դարձանք Եվրոպայի լավագույն ակումբը: Մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն ու կենտրոնացվածությունը լավ վիճակում չեն այսօր», - նշում է ՏՏ-ն՝ ընդգծելով, որ անհաջող արդյունքների համար ևս մեկ պատճառ կա:

«Երբ հաղթողի դերում ենք հայտնվում, չափազանց վաղ ենք սկսում պահել այդ հաշիվը, և, որպես կանոն, պատժվում ենք դրա համար: Այդպես էր «Վեսթ Հեմի» դեմ խաղում ու «Բրայթոնի» հետ երկու խաղերում: Մեր վերաբերմունքը խաղի նկատմամբ փոխվում է, երբ փոխվում է խաղի հաշիվը: Դա անթույլատրելի է:

Ֆուտբոլիստներն այնքան ջանք պետք է գործադրեն, որ նրանց մարմնի մասերն սկսեն ցավել: Պետք է խաղավարտին մոտենան ֆիզիկապես սպառված: Այլ դեպքում մրցակիցները մեզ կպատժեն»:

ՄԻ ՇԱՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է

«Չելսիի» վերջին ելույթների վրա կարող է իր ազդեցությունը թողնել նաև այն հանգամանքը, որ մի շարք ֆուտբոլիստների ապագան դեռ մնում է անորոշ:

Սեզար Ասպիլիկուետայի, Անտոնիո Ռյուդիգերի և Անդրեաս Քրիստենսենի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ի հունիսին, և նրանցից ոչ ոք դեռ չի երկարաձգել այն: Չի կարելի ասել, որ նրանք ավելի քիչ նվիրվածությամբ են խաղում, բայց այն աղմուկը, որ կա նրանց ապագայի (մասնավորապես՝ Ռյուդիգերի) շուրջ, իհարկե խանգարում է:

Նախորդ տարի՝ այս օրերին նույնպես, «Չելսին» ծանր վիճակում էր: Այն ժամանակ լուծումը մարզչական փոփոխությունն էր: Հիմա ակումբի ղեկավարությունը մտածել անգամ չի ցանկանում Տուխելին փոխարինելու մասին, այնպես որ, գերմանացին պետք է ինքը լուծի իր թիմի խնդիրները: Մրցաշրջանը «փրկելու» համար ժամանակ դեռ կա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա