Logo

Չեմպիոնական մրցավազքում ինտրիգը պահպանվեց, Միրանյանն ու Ֆիրմինոն կրկին անկասելի են. VBET ՀՊԼ-ի 30-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:22 / 01.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

30-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի մասնակիցների անչափ կարևոր մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի, ուստի ոսկե մեդալների համար պայքարում ինտրիգը պահպանվեց: 3-րդ տեղի հավակնորդների՝ «Արարատի» և «Ալաշկերտի» միջև էլ 2 միավորի տարբերությունն անփոփոխ մնաց:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրընկալվելիս հաջողության հասան «Ալաշկերտն» ու «Արարատը»: Առաջնությունում կայացած 132 հանդիպումներից 53-ում հաղթել են դաշտի տերերը, 46-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 33-ում գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 53 խաղում 117 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 132 հանդիպումներում խփվել է 316 գոլ (միջինը՝ 2,39 գոլ մեկ խաղում):

2. «Արարատ-Արմենիան» «Վանից» հետո դարձավ երկրորդ թիմը, որին հաջողվեց առաջնության գարնանային հատվածում մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում: Վերջին 5 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ վաստակելով 9 միավոր:

3. «Փյունիկի» 5 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Առաջնության գարնանային հատվածում փյունիկցիները 2-րդ անգամ չկարողացան հաղթել մրցակցին՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: «Փյունիկը» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է՝ 12 խաղում վաստակելով 32 միավոր: «Փյունիկը» կրկնեց առաջնության աշնանային հատվածում անպարտելի խաղերի իր ռեկորդային շարքը, որն ընդհատվել էր դեկտեմբերի 11-ին «Արարատից» 2-6 հաշվով կրած պարտությամբ:

4. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որում ընդամենը 2 միավոր էր վաստակել: Նախորդ հաղթանակն արարատցիները տոնել էին մարտի 15-ին՝ Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնելով «Նորավանքի» նկատմամբ:

Ընթացիկ առաջնությունում «Արարատը» երկրորդ անգամ հաղթեց «Ուրարտուին», որին այդպես էլ չհաջողվեց 4 խաղերից որևէ մեկում առավելության հասնել արարատցիների նկատմամբ: Վերջին անգամ «Ուրարտուն» «Արարատին» հաղթել է անցյալ տարվա մայիսի 22-ին կայացած խաղում՝ 2-0:

5. ԲԿՄԱ-ն ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքն ու 396 րոպե տևած գոլային երաշտը՝ «Նոայի» հետ անցկացրած 2-րդ խաղն էլ ավարտելով միևնույն 1-1 հաշվով: Հետաքրքիր է, որ նախորդ գոլն էլ ԲԿՄԱ-ն խփել էր 11մ հարվածով: Աչքի էր ընկել Արթուր Սերոբյանը՝ խոցելով Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: «Նոայի» հետ խաղում իր նախկին թիմի դարպասը գրավեց Էդգար Մովսեսյանը: Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում մինչ այդ Մովսեսյանը մեկական գոլ էր խփել իր նախկին ևս երկու թիմերի՝ «Վանի» և «Ուրարտուի» դարպասները:

6. Արդեն 5 խաղ է, ինչ Արթուր Միրանյանը դաշտից չի հեռանում առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ գոլերից երկուսը Միրանյանը խփել է 11մ հարվածով: «Ուրարտուի» կազմում արդյունավետ խաղերի ռեկորդային շարքի հեղինակն Արա Հակոբյանն է, որը 2003թ. առաջնությունում 11 անընդմեջ հանդիպումներում 24 գոլի հեղինակ էր դարձել: Այդ մրցաշրջանում Հակոբյանը ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ էր սահմանել՝ 24 խաղում խփելով 45 գոլ:

Ընթացիկ առաջնության բոլոր 9 գոլերը Միրանյանը խփել է գարնանային հատվածում, ինչը լավագույն ցուցանիշն է փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի հետ: Միրանյանը նաև ամենաարդյունավետն է առաջնության մասնակից հայ ֆուտբոլիստների շրջանում: Ներկայիս ցուցանիշը Միրանյանի համար լավագույնն է: Մինչ այդ, նա առավել արդյունավետ էր գործել 2019/20թթ. առաջնությունում՝ «Փյունիկի» կազմում դառնալով 6 գոլի հեղինակ: VBET ՀՊԼ-ում նրա հաշվին 24 գոլ է գրանցված՝ 12-ական «Փյունիկում» և «Ուրարտուի» կազմում:

7. Էդգար Մալաքյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ խփելով ընթացիկ առաջնությունում 6-րդ գոլը: Նա գերազանցեց 2010թ. առաջնությունում «Փյունիկում» գրանցած իր լավագույն ցուցանիշը (5 գոլ): VBET ՀՊԼ-ում նրա հաշվին 26 գոլ է գրանցված, որից 7-ը Մալաքյանը խփել է «Արարատում»: Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Մալաքյանի արդյունքը լավագույնն է ընթացիկ առաջնությունում:

8. Ուգո Ֆիրմինոն առաջնության վերջին 4 հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ֆիրմինոն ընթացիկ առաջնությունում 15-րդ գոլը խփեց, ինչը վերջին 7 մրցաշրջաններում լավագույն արդյունքն է «Փյունիկի» ֆուտբոլիստներից: Մինչ այդ 2014/15թթ. առաջնությունում մեքսիկացի Սեսար Ռոմերոն 21 գնդակով դարձել էր «Փյունիկի» լավագույն ռմբարկուն: Իսկ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Փյունիկի» պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին (154 գոլ), որը 1994թ. 39 գոլի հեղինակ էր դարձել:

9. Դավիթ Մանոյանը գոլով նշեց հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 300-րդ խաղի հոբելյանը: «Արարատի» հաղթական գոլը ոչ միայն առաջինն էր Մանոյանի համար ընթացիկ առաջնությունում, այլև դարձավ VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» բաց թողած 750-րդ գնդակը: Մինչ այդ «Արարատում» միակ գոլը Մանոյանը խփել էր 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ գրավելով «Շիրակի» դարպասը:

Դավիթ Մանոյանն ընդգրկվեց «300-ի ակումբում»: Խաղերից 214-ը նա անցկացրել է Բարձրագույն խմբի առաջնություններում, 29-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 18-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 26 անգամ կրել է Հայաստանի ազգային հավաքականի, 9 անգամ՝ երիտասարդական հավաքականի մարզաշապիկները:

«Ուրարտուի» հետ խաղում «Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռազմիկ Հակոբյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց:

10. ԲԿՄԱ-ի ավագ Հայկ Իշխանյանը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած պաշտոնական մրցումներում 300-րդ խաղի հոբելյանը նշեց ու ընդգրկվեց «300-ի ակումբում»:

Խաղերից 247-ն Իշխանյանն անցկացրել է Բարձրագույն խմբի առաջնություններում, 26-ը՝ ՀՀ գավաթի, 2-ը՝ Սուպերգավաթի, 8-ը՝ եվրագավաթների, 4-ը՝ ԱՊՀ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում, 13 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա