Logo

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու Հոլանդը կրկնեց Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը

01:55 / 11.06.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվեց տիտղոսը նվաճած անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

22-ամյա ֆուտբոլիստը գլխավոր եվրագավաթում խփեց 12 գոլ։ Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրեց անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 8 գոլ։ Լավագույն հնգյակում տեղ գտան նաև բրազիլացի Վինիսիուս Ժունիորը («Ռեալ», 7 գոլ), ֆրանսիացի Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 7 գոլ) և պորտուգալացի Ժոաու Մարիուն («Բենֆիկա», 6 գոլ)։

«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած առաջին մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը մասնակցեց 53 հանդիպման, դարձավ 52 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նորվեգացի հարձակվողին հաջողվեց մեկ մրցաշրջանում դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնների լիգայի հաղթող՝ ճանաչվելով երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու, ինչպես նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով։

Squawka-ի համաձայն՝ անգլիական ակումբների ֆուտբոլիստներից նախկինում նման ցուցանիշ գրանցել էր միայն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։ Այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում խաղացող պորտուգալացի հարձակվողը 2007/2008թթ․ մրցաշրջանում նման հաջողության հասել էր «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել էր իտալական «Ինտերին» ու առաջին տիտղոսը նվաճել գլխավոր եվրագավաթում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ․ «Առաջին կեսում սարսափելի էի խաղում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա