Logo

Կիելինին հայտարարել է «Յուվենտուսից» հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ջորջիո Կիելինի

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Ջորջիո Կիելինին Իտալիայի գավաթի եզրափակիչում Միլանի «Ինտերից» կրած պարտությունից հետո (2:4, լրացուցիչ ժամանակ) հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թուրինյան թիմից։

«10 հիանալի տարի մնաց հետևում, հիմա տղաները պետք է շարունակեն այն, ինչ սկսել են։ Ես ամեն ինչ արեցի և հուսով եմ, որ ինչ-որ բան թողեցի հետևում: Երկուշաբթի հրաժեշտ կտամ «Յուվենտուսի» տնային ստադիոնին:

Սա իմ՝ 100%-ով գիտակցված որոշումն է, ես ուրախ եմ հեռանալ նման բարձր մակարդակով։ Ես տվել եմ ամեն ինչ, շուտով կդառնամ «Յուվենտուսի» ամենամեծ երկրպագուն արդեն դրսից: Այս ակումբում այսքան տարի անցկացնելուց հետո անհնար է անտարբեր լինել»,- Կիելինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք՝ Ջորջիո Կիելինին դարձել է «Յուվենտուսի» խաղացող 2005 թվականին՝ տեղափոխվելով «Ֆիորենտինայից» 7,7 միլիոն եվրոյով: Այդ ժամանակից ի վեր՝ նա ակումբի կազմում անցկացրել է 559 հանդիպում, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի առաջնության 9-ակի հաղթող, Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի 5-ակի հաղթող, ինչպես նաև 2006/2007 մրցաշրջանում դարձել է Բ Սերիայի հաղթող։

Ավելի վաղ Կիելինին հայտարարել էր Իտալիայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպման մասին, որը կանցկացնի Արգենտինայի ընտրանու դեմ հունիսի 1-ին «Ուեմբլիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա