Logo

ՉԼ. Մխիթարյանի գոլն օգնեց «Ինտերին» հաղթել միլանյան դերբիում

00:56 / 11.05.2023Ֆուտբոլ
Ինտեր-Միլան-Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» օգնեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել «Միլանին»:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն՝ 1-0:

Երեք րոպե անց Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, որն իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումից հետո տպավորիչ հարվածով գրավեց Մայք Մենյանի դարպասը:

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է: Մխիթարյանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Նախկինում նման հաջողության հասել էին ուկրաինացիներ Վիտալի Կոսովսկին և Անդրեյ Շևչենկոն:

Մխիթարյանն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտելու համար դեղին քարտ ստացավ:

32-րդ րոպեին հանդիպումը սպասարկող իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն 11-մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն դրվագը VAR-ով դիտելուց հետո փոխեց որոշումը:

Առաջին խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները կատարեցին 11 հարված, որից երեքը դիպուկ էր: «Միլանի» ֆուտբոլիստները կատարած 5 հարվածներն էլ դիպուկ չէին: «Միլանն» առաջին խաղակեսի 59 տոկոս ժամանակահատվածում վերահսկում էր գնդակը:

Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Խաղի հերոսներից Մխիթարյանը 62-րդ րոպեին փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը:

Երկրորդ խաղակեսում «Միլանն» ունեցավ մեկ գոլային պահ, 63-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հարվածից հետո «Ինտերին» գոլից փրկեց դարպասաձողը:

Խաղն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 2-0: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կիսաեզրափակիչի առաջին դիմակայության առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մեկական գնդակ էին փոխանակել՝ 1-1:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Միլան» (Իտալիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0-2

Էդին Ջեկո, 8, Հենրիխ Մխիթարյան, 11

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա