Ֆրանսիական ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան» կազմեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին զույգը՝ պայքարից դուրս թողնելով Իսպանիայի ներկայացուցիչների:
Ֆրանսիայի չեմպիոնը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում տպավորիչ կամային հաղթանակի հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ 4-1:
Կատալոնիայում կայացած խաղի 12-րդ րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան, որին գոլային փոխանցում կատարեց եզրային հարձակվող Լամին Յամալը: Իսպանացին դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ՝ ռեկրոդը սահմանելով 16 տարեկան 278 օրականում։
Չավիի գլխավորած թիմի կազմում 29-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որը վերջին հույսի խախտում թույլ տվեց ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլայի դեմ պայքարում:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում 40-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց փարիզյան գրանդին հեռահար գեղեցիկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան: Ընդամենը 6 րոպե անց Դեմբելեն 11-մետրանոցի իրավունք վաստակեց, նշակետից էլ դիպուկ գտնվեց ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 3-1:
Ֆրանսիայի հավաքականի ավագը 89-րդ րոպեին էլ դուբլ գրանցեց՝ դնելով խաղի վերջակետը: Այս դիմակայության առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը Փարիզում հաղթել էր 3-2 հաշվով: Այսպիսով, ՊՍԺ-ն դիմակայությունում հաղթեց 6-4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայից դուրս մնաց փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթելուց հետո։
Զուգահեռ ընթացող խաղում «Բորուսիան» տանը դրամատիկ պայքարում 4-2 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:
Էդին Թերզիչի գլխավորած թիմի կազմում 34-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, իսկ 5 րոպե անց դորտմունդցիների առավելությունը կրկնապատկեց հոլանդացի պաշտպան Յան Մատսենը:
Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 15 րոպեի ընթացքում հավասարեցրեց հաշիվը, 49-րդ րոպեին դորտմունդցիների գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը գրավեց սեփական դարպասը, իսկ 64-րդ րոպեին արգենտինացի վինգեր Անխել Կորեան խփեց մադրիդցիների երկրորդ գոլը:
Այնուամենայնիվ, Գերմանիայի փոխչեմպիոնը 71-րդ և 74-րդ րոպեներին երկու գոլ խփեց և հաղթեց 4-2 հաշվով: «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դարձան գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգն ու ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը:
«Բորուսիան» դիմակայությունում հաղթեց 5-4 հաշվով, առաջին խաղում «Աթլետիկոն» տանն առավելության էր հասել 2-1:
Այսպիսով, ՊՍԺ-ն և «Բորուսիան» կազմեցին գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի առաջին զույգը: Կիսաեզրափակիչի մյուս երկու մասնակիցները հայտնի կդառնան ապրիլի 17-ին:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1-4 (առաջին հանդիպում՝ 3-2) (տեսանյութ)
Ռաֆինյա, 12 - Ուսման Դեմբելե, 40, Վիտինյա, 54, Կիլիան Մբապե, 61 (11մ), 89
Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո, 29 («Բարսելոնա»)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 4-2 (առաջին հանդիպում՝ 1-2) (տեսանյութ)
Յուլիան Բրանդտ, 34, Յան Մատսեն, 39, Նիկլաս Ֆյուլկրուգ, 71, Մարսել Զաբիտցեր, 74 - Մաթս Հումելս, 49 (ինքնագոլ), Անխել Կորեա, 64