Logo

ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
hi res 86ed016495ee6f5f95811ebad6499e7e crop north scaled - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Ուրարտուին» ծանր փորձություն է բաժին հասել ՈՒԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում: Մրցակիցը սլովենական ֆուտբոլի դրոշակակակիրն է՝ «Մարիբորը», որը հարուստ պատմություն ունի: Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Սլովենիայում:

3 անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, նախորդ մարզիչն աստղային անձնավորություն էր, ի՞նչ մեծ հաջողություն է գրանցել ներկայիս՝ բավականին երիտասարդ գլխավոր մարզիչը և ինչո՞ւ է «Մարիբորի» ստադիոնը հաջողակ Սլովենիայի ազգային հավաքականի համար․ այս և այլ թեմաների մասին՝ ավելի մանրամասն:

Պատմությունը

«Մարիբորը» հիմնադրվել է 1960 թվականին և երկրի ֆուտբոլի խորհրդանիշներից մեկն է: Նրա ֆուտբոլիստներին անվանում են «Մանուշակներ», «Մանուշակագույններ»՝ նկատի ունենալով թիմի մարզաշապիկի գույնը: Ակումբի կարգախոսն է՝ «մեկ ակումբ, մեկ պատիվ»: Ստեղծվել է «Բրանկ Մարիբոր» ակումբի լուծարումից մի քանի ամիս անց: Սկզբնական շրջանում խաղացել է Հարավսլավիայի 3-րդ դիվիզիոնում, 1967 թվականից՝ Բարձրագույն խմբում: «Մարիբորի» համար 1971/72թթ․ մրցաշրջանը վերջինը դարձավ ուժեղագույնների խմբում: Այնտեղ թիմը ընդհանուր 166 խաղում 40 հաղթանակ տոնեց, կրեց 69 պարտություն: Ակումբը 1988 թվականին պայմանագիր կնքեց MŠD Branik ընկերության հետ և սկսեց կոչվել «Մարիբոր Բրանիկ»: Թեև թիմի անունը ներքին և միջազգային մրցաշարերում որպես «Մարիբոր» է հնչում, պաշտոնական անվանումը պահպանվել է մինչև օրս՝ «Մարիբոր Բրանիկ»:

Nogometna tekma Maribor   Uljanik 1961 960x458 - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

«Մարիբորը» Հարավսլավիայի փլուզումից հետո սկսեց հանդես գալ Սլովենիայի Բարձրագույն խմբում: 1992 թվականին գրանցեց իր առաջին մեծ հաջողությունը՝ դառնալով երկրի գավաթակիր: 90-ականներին հաջողվեց գավաթը ևս մեկ անգամ նվաճել, բայց առաջնությունում ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթող դառնալ՝ 3 անգամ հռչակվեց փոխչեմպիոն, մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր: 4 անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ «Օլիմպիան»՝ «Մարիբորի» առ այսօր ամենասկզբունքային մրցակիցը: Այդ հակամարտությունը ստացել է «Հավերժական դերբի» անվանումը: 1996/97թթ․ մրցաշրջանում «Մարիբորը» նվաճեց Սլովենիայի թե՛ չեմպիոնությունը, թե՛ գավաթը, 1999/00թթ․ մրցաշրջանում մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: «Մարիբորը» նախկին Հարավսլավիայի երկրների այն 4 թիմերից մեկն է (միակ սլովենականը), որ մասնակցել է այդ մրցաշարի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլին:

2004-2008թթ․ եղան ֆինանսական մեծ խնդիրներ (շուրջ 4 մլն եվրո պարտք), խոսք էր գնում նույնիսկ ակումբի լուծարման մասին: Թիմը ստիպված էր ակումբի սաներով խաղալ նախքան այն պահը, երբ 2011-ին նոր ղեկավարությունը հայտարարեց, որ բոլոր պարտքերը մարվել են: 2006-ին «մանուշակագույնները» նվաճեցին Ինտերտոտոյի գավաթը՝ ճանապարհին հաղթելով նաև իսպանական «Վիլյառեալին»: 2009-ին եռահաղթանակի հասավ՝ դառնալով Սլովենիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 2011/12թթ․ մրցաշրջանում սլովենական թիմը մասնակցեց Եվրոպա լիգայի խմբային փուլին: «Մարիբորը» 2009-ից ի վեր 8 անգամ հռչակվել է Սլովենիայի չեմպիոն (5 անգամ՝ անընդմեջ): Առհասարակ երկրի 15-ակի չեմպիոն է, ինչը բացարձակ ռեկորդ է, 6-ակի փոխչեմպիոն, 9-ակի գավաթակիր (ռեկորդ), 4-ակի սուպերգավաթակիր (ռեկորդ): Ակումբն ունի երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիան:

188149282 10161116886884126 8312891122677125722 n - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

Ելույթները նախորդ մրցաշրջանում

«Մարիբորը» Սլովենիայի գործող փոխչեմպիոնն է: Այն 10 թիմի պայքարում հավասար՝ 63-ական միավոր է վաստակել չեմպիոնական կոչումը նվաճած «Մուրայի» հետ՝ նրան զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով: Որոշիչ է եղել այդ թիմերի միջև վերջին տուրում կայացած հանդիպումը, որում «Մուրան» հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: Նրանք խփած 64 գոլով դարձել են առաջնության ամենաարդյունավետ թիմը, միաժամանակ 36 մրցավեճում 41 գոլ են բաց թողել, այնքան, ինչքան, օրինակ՝ 8-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալյումինիյը»: Առաջնության 2 լավագույն ռմբարկուներից մեկը 22-ամյա սլովենացի հարձակվող Յան Մլակարն է, որը 14 գոլ է խփել: Ինչ վերաբերում է գավաթի խաղարկությանը, ապա այնտեղ ակումբը հասել է մինչև քառորդ եզրափակիչ:

Մարզիչը

38-ամյա մասնագետ Սիմոն Ռոժմանն այս տարվա մարտի 20-ից է գլխավորում «Մարիբորը»: Ուշագրավ է, որ նա այդ պաշտոնում փոխարինել է արգենտինացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, «Յուվենտուսում» Ա սերիայում 224 խաղ անցկացրած Մաուրո Կամորանեզիին, որը 55 հանդիպման է մասնակցել Իտալիայի ազգային հավաքականում, 2006-ին դարձել աշխարհի չեմպիոն: Նա շուրջ 5 ամիս աշխատեց «Մարիբորում»՝ հեռացվելով փետրվարին, թեպետ 3 տարվա պայմանագիր էր ստորագրել ակումբի հետ:

128276129 10160581734329126 2915566505599411508 n - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

Ռոժմանը ևս ֆուտբոլիստ է եղել, բայց որպես կիսապաշտպան խաղացել է միայն սլովենական ցածր մակարդակի առաջնություններում: Հետո դարձել է գործող չեմպիոն «Ցելյե» ակումբի ակադեմիայի տնօրեն, նաև մարզել մի քանի պատանեկան թիմեր: Նա էլ ժամանակին իր ֆուտբոլային առաջին քայլերը հենց այդ ակումբում էր կատարել, նույնիսկ 1 խաղ անցկացրել գլխավոր թիմում: 2014-ին 31 տարեկան հասակում նշանակվել է առաջին թիմի գլխավոր մարզիչ: Թիմը նույն տարում դարձավ փոխչեմպիոն, հասավ գավաթի խաղարկության եզրափակիչ: 2015-ի աշնանը կրկին անցավ ադմինիստրատիվ աշխատանքի, այս անգամ՝ «Դոմժալե» ակումբում՝ որպես մարզական համակարգող, բայց այստեղ էլ հաջորդ տարվա սեպտեմբերին դարձավ առաջին թիմի գլխավոր մարզիչ:

Այդ պաշտոնում 3 տարի աշխատեց, 2017-ին «Դոմժալեին» հասցրեց գավաթակրի կոչման: Անմոռանալի էր այդ տարվա եվրագավաթային ճանապարհը: «Դոմժալեն» հասավ մինչև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ՝ խմբային փուլի ճանապարհին պարտվելով միայն ֆրանսիական «Մարսելին»: Որակավորման 3-րդ փուլում հաջողվել էր հաղթահարել նույնիսկ գերմանական «Ֆրայբուրգի» արգելքը: 2019-ի սեպտեմբերին անցավ արտագնա աշխատանքի՝ գլխավորելով խորվաթական հանրահայտ «Ռիյեկա» թիմը: Այն Ռոժմանի օրոք 2019/20թթ․ մրցաշրջանում դարձավ Խորվաթիայի գավաթակիր:

161578339 1661032094100257 4817902019454496075 n - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

«Ռիեկան» Եվրոպա լիգայի 2020/21թթ․ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում պայքարից հանեց «Կոպենհագենին» ու մտավ խմբային փուլ: Ճիշտ է, խմբում գրավեց վերջին տեղը, բայց 4 միավոր վաստակեց «Նապոլիի», «Ռեալ Սոսյեդադի» և «ԱԶ Ալկմարի» հետ մրցակցությունում: Հաղթեց նիդեռլանդական թիմին, հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց իսպանացիների հետ: Ընդ որում, «Ռեալ Սոսյեդադի» դեմ մրցավեճում 2 անգամ հաշվի մեջ առջևում էր, բայց չպահպանեց հաղթանակը: Ռոժմանն այս տարվա մարտին 3 տարվա պայմանագիր կնքեց «Մարիբորի» հետ ու մինչ այժմ այդ թիմի ղեկին է:

Մեր ընտրանին

Կազմը

Թիմում գերազանցապես սլովենացի ֆուտբոլիստներ են: Կան 2 խորվաթ, 1-ական՝ բրազիլացի, արգենտինացի, չեռնոգորցի, բոսնիացի, հոլանդացի ու գերմանացի լեգեոներներ: Թիմի միջին տարիքը 27,1 տարեկան է: Սլովենացի 29-ամյա դարպասապահ Աժբե Յուգը 3 խաղ է անցկացրել ֆրանսիական «Բորդոյում» (2011-2015), եղել է նաև պորտուգալական «Սպորտինգում» (2016-2017): Սլովենացի 29-ամյա կիսապաշտպան Բլաժ Վրհովեցը 2016-ին 3 խաղ է անցկացրել երկրի ազգային հավաքականում, 27-ամյա կիսապաշտպան Ալեքս Պիհլերը՝ 1: 34-ամյա սլովենացի կիսապաշտպան Ռոկ Կրոնավետերը խաղացել է գերմանական «Էներգի Կոտբուսում» (2010-2012, 31 խաղ, 3 գոլ), ազգային հավաքականում 2016-ին մասնակցել 4 հանդիպման ու խփել 1 գոլ:

188015343 10161117133154126 8587767858925212210 n - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

Թիմի ավագը բրազիլացի 37-ամյա հարձակվող Մարկոս Տավարեսն է, որը ռեկորդակիր է ակումբում անցկացրած խաղերի (468) և խփած գոլերի (175) քանակով: Խաղացել է Բրազիլիայի Մ20 հավաքականում: Սլովենացի 27-ամյա կիսապաշտպան Ռուդի Վանկաշը 2018-ին 1 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։ Սլովենացի 27-ամյա պաշտպան Գրեգոր Սիկոշեկը 2 տարի է անցկացրել դանիական «Բրոնդբյուում» (2017-2019, 11 խաղ), 2016-ին 1 մրցավեճի մասնակցել ազգային հավաքականում: Սլովենացի 24-ամյա կիսապաշտպան Յան Ռեպասը հանդես է եկել ֆրանսիական «Կանում» (2017-2020, 25 մրցավեճ), ազգային ընտրանու անդամ է (3 հանդիպում):

Սլովենացի 28-ամյա կիսապաշտպան Ամիր Դերվիշևիչը ևս հավաքականի անդամ է, նրա կազմում 6 անգամ է խաղադաշտ մտել: Սլովենացի 29-ամյա պաշտպան Մարտին Միլեցը հանդես է եկել բելգիական «Ստանդարտ Լիեժում» (2014-2017, 39 խաղ), իր երկրի հավաքականի ֆուտբոլիստ է, անցկացրել է 7 հանդիպում: Սլովենացի 28-ամյա կենտրոնական պաշտպան Նեմանյա Միտրովիչը եղել է իտալական «Ինտերի», «Սասուոլոյի», «Բոլոնիայի» մանկապատանեկան թիմերում, նա ևս հավաքականի անդամ է (5 խաղ, 2 գոլ): Սլովենացի 25-ամյա կիսապաշտպան Անդրեյ Կոտնիկը, լինելով սլովենական «Գորիցայի» ֆուտբոլիստ, 2017-ին վարձավճարով ելույթ է ունեցել իտալական «Կրոտոնեում» (2 հանդիպում): 27-ամյա չեռնոգորցի պաշտպան Իլյա Մարտինովիչը Չեռնոգորիայի ազգային հավաքականի անդամ է (3 մրցավեճ):

182184411 10161076880819126 3661792673901509065 n 960x640 - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

Եվրագավաթային փորձը

«Մարիբորը» մինչև 1999 թվականը մի քանի հուսահատ փորձ ձեռնարկեց Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի (ներկայիս՝ Եվրոպա լիգա) խմբային փուլ մտնելու համար, բայց բոլոր ջանքերն ապարդյուն էին: Իսկ 1999/00թթ․ մրցաշրջանում «մանուշակները» Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլում հաղթեցին «Լիոնին» և մտան խմբային փուլ: Սլովենիայի չեմպիոնը «Լացիոյի», «Դինամո Կիևի» ու «Բայեր Լևերկուզենի» հետ պայքարում գրավեց վերջին հորիզոնականը, սակայն հասցրեց 4 միավոր վաստակել: 2006 թվականին նվաճեց պակաս հեղինակավոր՝ Ինտերտոտոյի գավաթը:

Թիմը դարի առաջին տասնամյակում ոչ մի կերպ չէր հաղթահարում որակավորման փուլերը, իսկ 2009-2013թթ․ 2-ական անգամ հասավ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, բայց կրկին չմտավ խմբային փուլ: 2014/15թթ․ մրցաշրջանում ի վերջո նրանք հաղթեցին շոտլանդական «Սելթիկին» և նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Բայց սլովենացիները վերջին տեղը գրավեցին «Չելսիի», «Շալկեի» և «Սպորտինգի» հետ մրցակցությունում (3 միավոր, 3 ոչ-ոքի, մեկը՝ «Չելսիի» հետ): 2017/18թթ․ մրցաշրջանում հաջողությունը կրկնվեց՝ կրկին մասնակցություն գլխավոր եվրագավաթի խմբային փուլին: «Մարիբորն» այդ անգամ էլ 3 միավոր վաստակեց՝ այս անգամ «Լիվերպուլի», «Սևիլիայի» ու «Սպարտակ Մոսկվայի» հետ պայքարում (կրկին 3 ոչ-ոքի, մեկը՝ «Սևիլիայի» հետ):

d9dd116151458b72fc2e658b99a0d8b9 960x656 - ՉԼ-ում «Չելսի» և «Լիվերպուլ» տեսած թիմ՝ աշխարհի չեմպիոնին փոխարինած առեղծվածային մարզչով․ Ինչ ակումբ է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորը»

«Մարիբորի» վերջին եվրագավաթային պայքարը 2019/20թթ․ մրցաշրջանում էր: Թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում պարտվեց նորվեգական «Ռուսենբորգին» և տեղափոխվեց Եվրոպա լիգա՝ ներգրավվելով որակավորման փլեյ-օֆֆ: Հաղթանակը կտար Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, սակայն սլովենական թիմը ճանապարհը զիջեց բուլղարական «Լուդոգորեցին»:

Ստադիոնը

«Մարիբորն» իր տնային խաղերն անցկացնում է համանուն քաղաքի «Լյուդսկի Վրտ» ստադիոնում: Այն բացվել է 1952 թվականին, հետագայում 4 անգամ վերակառուցվել: Այն կարող է տեղավորել 11671 հանդիսականի: Այս ստադիոնում հաճախ են տեղի ունենում նաև մշակութային միջոցառումներ: Ստադիոնն իր անվանումը ստացել է «Ազգային զբոսայգու» պատվին, որը վերացվել է 1873 թվականին: 1920-ականներին դրա տեղում առաջին ֆուտբոլային դաշտն է կառուցվել: «Ljudski vrt» սլովեներենից թարգմանաբար նշանակում է «Ազգային այգի»: Այստեղ 23 հանդիպում է անցկացրել Սլովենիայի ազգային հավաքականը, վերջինը՝ 2015-ին: Հենց այս ստադիոնում է 2009-ին կայացել Մունդիալ-2010-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի Սլովենիա – Ռուսաստան հանդիպումը, որում սլովենացիները հաղթել են 1-0 հաշվով և պատմության մեջ երկրորդ անգամ որակավորվել աշխարհի առաջնությանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա