Logo
ՍՊՈՐՏ / Ըմբշամարտ
Հեղինակ

Լիանա Մկրտչյան

03:37 / 02.07.2022Ըմբշամարտ
null

4 մեդալ՝ ըմբշամարտի հայրենիքից. Ավագ մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը VNews-ի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի ընտրանին ներկայացված էր բոլոր քաշային կարգերում ու նվաճեց 4 մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 5-րդ տեղը: Ընդ որում՝ Հայաստանի հավաքականը մի պահ առաջատար էր:

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն դարձավ ու պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Սուրեն Աղաջանյանը (60 կգ), արծաթե մեդալ նվաճեց Աշոտ Խաչատրյանը  (67 կգ), իսկ բրոնզե մեդալներով Հայաստան վերադարձան Վիգեն Նազարյանն (87 կգ) ու Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Բաբալարյանը շեշտեց, որ այս մրցաշարում Հայաստանի ընտրանու կազմը գրեթե ամբողջությամբ թարմացված էր: Բացառությամբ Վիգեն Նազարյանի ու Ալբերտ Վարդանյանի, մյուս ըմբիշների համար սա նորամուտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր: Չնայած տղաների անփորձությանը՝ մարզչական շտաբն ավելի մեծ մեդալային ակնկալիքներ ուներ, սակայն խոչընդոտ դարձան տարբեր հանգամանքներ: 

«Եզրափակիչում կարող էինք ունենալ 4 մասնակից: Մեր հավաքականը կարող էր ավելի շատ մեդալներ նվաճել, պարզապես կիսաեզրափակիչ փուլում մեր տղաները տարբեր պատճառներով դուրս մնացին պայքարից:

Ալբերտ Վարդանյանը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը: Եթե նա ավելի համառ լիներ, ու ամեն ինչ ընթանար մեր նախատեսածի պես, ապա կարող էր պայքարել ոսկե մեդալի համար:

Ալբերտ Վարդանյանը` աջից` բրոնզե մեդալով

Աշոտ Խաչատրյանը դեռ Հայաստանում ոտքի թեթև վնասվածք էր ստացել: Ամեն դեպքում այդպես պայքարեց ու շատ բարդ գոտեմարտեր անցկացրեց, իսկ եզրափակիչում հավասար պայքարում զիջեց վրացի ըմբիշին:

Հոմերոս Առաքելյանը նույնպես Հայաստանում ծնկի խնդիրներ ուներ, այստեղ ներարկումներ կատարեցինք ու մեկնեցինք Հռոմ, սակայն կիսաեզրափակիչ գոտեմարտի ժամանակ ռումինացի ըմբիշը սեղմեց Հոմերոսի վնասված ոտքը, ու վիճակն էլ ավելի բարդացավ: Մենք ստիպված եղանք հրաժարվել հետագա պայքարից, հակառակ դեպքում առնվազն ևս մեկ բրոնզե մեդալ կունենայինք:

Կցանկանամ առանձնացնել նաև 77 կգ քաշային կարգից Հենրիկ Գևորգյանին, որը մեր պատանիների հավաքականից է: Երկրորդ գոտեմարտում նա հաղթում էր հունգարացի ըմբիշին. ավարտին մնում էր 7-8 վայրկյան, սակայն սխալ թույլ տվեց՝ հաղթանակը տալով մրցակցին: Այդուհանդերձ, շատ լավ ըմբիշ է, որը զարգանալու տեղ ունի ու առաջիկա տարիներին միանշանակ կուրախացնի»:

Բաբալարյանը նաև գովասանքի խոսքեր չխնայեց ոսկե մեդալակիր Սուրեն Աղաջանյանի հասցեին: Երիտասարդ մարզիկը 4 գոտեմարտ անցկացրեց Եվրոպայի առաջնությունում, որոնցում վաստակեց 32 միավոր ու զիջեց միայն 1-ը: Մինչև եզրափակիչ հասնելը, Սուրենը բոլոր հակառակորդներին հաղթեց մեծ առավելությամբ, այդ թվում՝ իր ճանապարհից հեռացրեց Եվրոպայի Մ23 չեմպիոն, մեծահասակների առաջնությունների մրցանակակիր ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին (9-1):

«Այնպես չէր, որ Սուրենից նման արդյունք չէինք սպասում, բայց զարմացանք, որ այսպիսի աղմկոտ հաղթանակներ տարավ: Նա նույնիսկ միավոր չի տվել մրցակիցներին, պարզապես կիսաեզրափակիչ գոտեմարտում ոտքը գծից այն կողմ դրեց: Ես հավատում էի, որ կարող է դառնալ չեմպիոն, բայց ոչ նման մեծ ու ակնհայտ առավելությամբ:

Սուրենը շատ ուժեղ բնավորությամբ տղա է, մինչդեռ կյանքում շատ բարի երիտասարդ է: Հաղթելու մեծ ցանկություն ու նպատակասլացություն ունի: Հավաքականի ու անձնական մարզիչները որքան էլ տարբեր տեսակ հնարքներ սովորեցնեն, եթե ըմբիշը դուրս եկավ գորգ առանց հաղթանակի ձգտման, ոչ մի արդյունքի էլ չի հասնի: Ամենակարևորը հաղթելու ցանկությունն է: Սուրենն ապացուցեց, որ պայքարող տղա է»:

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը Եվրոպայի ու աշխարհի պատանիների առաջնությունների մրցանակակիր է, Իտալիայում բավարարվեց բրոնզե մեդալով: Բաբալարյանի խոսքով՝ թույլ տված մեկ սխալը հայ մարզիկին ոսկե մեդալ արժեցավ:

«Վիգեն Նազարյանը 2-3 ծանր գոտեմարտ անցկացրեց, այնուհետև կիսաեզրափակիչում հանդիպեց ադրբեջանցու հետ, որը տարիքով մեծ էր ու փորձառու: Այնպես էլ չէ, որը Վիգենը հաղթելու հնարավորություն չուներ: Երբ Վիգենը բարձրացրեց մրցակցին, որպեսզի գցում կատարի, ձեռքերը բաց վիճակով կատարեց հնարքը ու չստացվեց: Ենթադրեցինք, թե մրցակիցը քրտնած էր կամ մարմնին յուղ էր քսել... Բայց դա էական չէ այլևս: Եթե այդ հնարքը ստացվեր, հաշիվը հավասար էր լինելու, ու դուրս էր գալու եզրափակիչ, որում հաղթանակի մեծ շանս կունենար: Բայց բրոնզե մեդալի համար էլ փայլուն գոտեմարտ անցկացրեց ու շատ լավ մասնակցեց»:

Հանգստից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականն սկսելու է նախապատրաստվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օգոստոսի 15-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Բաբալարյանը ընդգծում է, որ իրենց խնդիրն է տղաներին կոփել ու կատարելագործել մինչև մեծահասակների գորգ տեղափոխությունը, որտեղ պայքարն անզիջում է ու կատաղի:

«Սուրենը հաղթեց, բայց սխալներ էլ թույլ տվեց: Ես հաղթողին էլ եմ քննադատում: Հաղթանակների մեջ պետք է նույնպես սխալներ փնտրել: Աշոտի դեպքում պետք է աշխատենք ֆունկցիոնալ պատրաստականության վրա: Յուրաքանչյուր ըմբիշ թույլ է տվել սխալներ, որոնք պետք է շտկել մինչև աշխարհի առաջնությունը:

Պատանիների պայքարում հնարքներն ավելի շատ են լինում, երիտասարդների մոտ՝ կոպտանում, իսկ մեծահասակների պայքարում՝ դառնում պողպատյա: Այսինքն՝ պողպատից պետք է լինես, որպեսզի դիմանաս: Հիմա արդեն հարկավոր է նրանց այնպես պատրաստել, որ կարողանան պողպատի նման կանգնել հակառակորդի առաջ, իրենց առավելություններն օգտագործեն ու հասնեն հաղթանակի, մեր երկրին մեդալներ բերեն ու մեզ էլ ձեզ հետ ուրախացնեն»,-եզրափակեց մարզիչը:

Լրահոս