Logo

«Չտեսնված» երևույթ Հայաստանում․ Ֆուտբոլիստ, որ սառույց է կոտրում

Հեղինակ
Արման Աբելյան
15:40 / 30.04.2024Հոդվածներ
Բացառիկ
null

Հայ հարձակվողը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկու․ թվում է՝ այս նախադասության մեջ արտառոց ոչինչ չկա: Բայց այդպես է միայն առաջին հայացքից: Աղյուսակի առաջատար «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը 30 խաղում խփած 19 գոլով առաջնության գլխավոր ռմբարկուն է: Եթե նրան հաջողվի մնացած 6 տուրում պահպանել առաջին տեղը, ապա ՀՊԼ-ն 6 տարվա ընդմիջումից հետո հայ գլխավոր ռմբարկու կունենա:

VNews-ը ներկայացնում է, թե ի՞նչն է 28-ամյա ֆուտբոլիստի ցուցանիշն էլ ավելի տպավորիչ դարձնում, ի՞նչ հեռանկարներ ունի և ինչպե՞ս ստիպեց Ալեքսանդր Պետրակովին իրեն ազգային հավաքական վերադարձնել:

Հայ ռմբարկուների «սով», 11 տարվա ցուցանիշը՝ նշաձող

Հայաստանի Պրեմիեր լիգայի որակական առաջընթացը սկսվեց 2018/19թթ․ մրցաշրջանից: Իրենց ներկայությամբ պայքարը թեժացրին «Արարատ-Արմենիան», «Լոռին», մյուս ակումբները ևս լավ համալրվեցին: Առաջնությունում մեծացավ լեգեոնականների քանակը: Այդ պահից ի վեր ոչ մի հայ ֆուտբոլիստ չի դարձել գլխավոր ռմբարկու, նույնիսկ չի եղել լավագույն քառյակում: Այդ ժամանակահատվածում լավագույն ցուցանիշները գրանցել են 10-ական գոլ խփած Արտակ Եդիգարյանը (2022/23թթ․ մրցաշրջան) և հենց Միրանյանը (2021/22թթ․ մրցաշրջան):

Դրանից առաջ Պրեմիեր լիգան 3 անընդմեջ մրցաշրջան միանգամից 2 ռմբարկու է ունեցել: Այդ ցանկում 2-ական անգամ հայտնվել են Արտակ Եդիգարյանն ու Միհրան Մանասյանը, 1 անգամ՝ Գեղամ Հարությունյանը: Փաստացի վերջին դեպքը, երբ հայ հարձակվողը միանձնյա լավագույն գոլահար է ճանաչվել, եղել է 10 տարի առաջ․ «Ալաշկերտի» հարձակվող Մանասյանը 2013/14թթ․ մրցաշրջանում 17 գոլ էր խփել:

Այդուհանդերձ, այս բոլոր դեպքերում գլխավոր ռմբարկուն չի հասել այն նշաձողին (19 գոլ), որ այս պահին ունի Միրանյանը, և դեռ կարող է բարելավել ցուցանիշը: Ավելի շատ գոլով վերջին գլխավոր ռմբարկուն «Իմպուլսի» կազմում 2012/13թթ․ մրցաշրջանում 22 գոլ խփած Նորայր Գյոզալյանն է եղել: Բայց այստեղ մի նրբություն կա․ այդ մրցաշրջանն անցումային էր, տևեց 1,5 տարի, ուստի Գյոզալյանն այդքան գոլ խփեց անցկացրած 41 խաղում:

All-round striker

Այս տերմինն անգլերենում օգտագործում են՝ նկարագրելով շատ բազմակողմանի հարձակվողներին: Նրանք իրենց գործունեության մեծ մասն իրականացնում են նաև տուգանային հրապարակից դուրս: Համաշխարհային ֆուտբոլում լավագույն օրինակը «Բավարիայի» անգլիացի ֆուտբոլիստ Հարի Քեյնն է: Նա գոլահար է, բայցև հիասքանչ խաղ կառուցող, գոլային պահեր ստեղծող և պաշտպանությանը լավ մասնակցող:

null

Այս նկարագրությունը լավագույնս է համապատասխանում նաև Միրանյանին: Վերջինիս ցուցանիշն ավելի մեծ է դարձնում այն, որ նա մրցաշրջանի մեծ մասում չի եղել «մաքուր» հարձակվող։ «Նոան» հիմնականում խաղացել է 4-4-2 սխեմայով, որտեղ Միրանյանը եղել է երկրորդ հարձակվող կամ ենթահարձակվող՝ գործելով Պաուլ Գլադոնի թիկունքից: Հայ ֆուտբոլիստը շատ է մասնակցում գրոհների կառուցման փուլին: Նա կարող է նահանջել կենտրոն կամ կիսաեզր ու այնտեղից ուղղորդել գրոհը: Նա շատ օգտակար է նաև պաշտպանության ժամանակ, հիանալի մասնակցում է թիմային պրեսինգին: Արթուրը վտանգավոր է թե՛ ոտքին գնդակ ստանալիս, թե՛ պաշտպանների թիկունք բացվելիս: Հենց այս բազմակողմանիությունն է, որ հաճախ խնդիրներ է ստեղծում նրա դեմ գործող պաշտպանների համար:

«Նոան» մրցաշրջանի սկզբում գլխավորած Ռոբերտ Արզումանյանն այսպես էր նկարագրել Միրանյանին․ «Նա իմ տեսած, մարզած, նույնիսկ ինձ հետ խաղացածների շրջանում ամենապրոֆեսիոնալ, ամենատղամարդավարի և ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է: Ինչ դիրք ընտրես, նա կարող է խաղալ, որովհետև միշտ, առաջին հերթին, ցանկանում է թիմին օգնել, նաև մարզչին: Նա հասկանում է, որ, ավելի խորքից խաղալով, կարող է այդքան շատ գոլային պահ չունենալ, որովհետև ահռելի մեծ աշխատանք է կատարում նաև պաշտպանության ժամանակ: Բայց Արթուրը պատրաստ է թիմի համար այդ աշխատանքը կատարել, թեկուզ դա կարող է վնաս լինել իր գոլային ցուցանիշներին: Նա թիմի համար իսկական ավագ է»:

2 անգամ կես տարի տևած դադարները խանգարեցին

Արդեն պարզ է, որ սա Միրանյանի կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է լինելու: Նա նախանցյալ մրցաշրջանում 10 գոլ էր խփել «Ուրարտուի» կազմում: Տարօրինակ է, բայց Արթուրը վերջին տարիներին 2 անգամ կես տարով առանց թիմի է մնացել: Այդպես էր 2020-ին «Փյունիկից» հեռանալուց հետո, նաև 2022-ին «Ուրարտուն» լքելուց հետո: Հարձակվողը 2 թիմերում էլ լավ և արդյունավետ էր խաղացել: Չի բացառվում, որ սպասել է արտերկրից լավ առաջարկների, բայց սխալ հաշվարկ է արել ու, ի վերջո, ազատ մնացել։ Միրանյանը հասցրեց «Նոային» միանալուց առաջ կես տարի էլ «Ալաշկերտում» հանդես գալ: Ակնհայտ է, որ այդպիսի դադարները խանգարեցին նրան, որովհետև կորցրեց տեղը նաև ազգային հավաքականում:

Ֆուտբոլիստը, ըստ երևույթին, «Նոայի» հետ ամռանը կմասնակցի եվրագավաթներին: Ակումբը նրան դժվար թե մինչև այդ բաց թողնի այլ ակումբ, մանավանդ, եթե չեմպիոն դառնա ու Չեմպիոնների լիգային մասնակցի: Եթե Միրանյանը Եվրոպայում էլ իրեն դրսևորի, ավելի լավ առաջարկներ կարող է ունենալ: Նա «Փյունիկի» հետ 2019-ին հիանալի էր խաղացել Եվրոպա լիգայի որակավորման փուլում, որտեղ հանդիպեց նաև անգլիական «Վուլվերհեմփթոնին»: «Փյունիկը» դիտարժան ֆուտբոլ էր ցուցադրում Ալեքսանդր Տարխանովի օրոք, հիշարժան է Միրանյանի դուբլը չեխական «Յաբլոնեցի» դարպասը, ինչպես նաև արտագնա գոլը հյուսիսմակեդոնական «Շկուպիի» դարպասը:

Միրանյանն ամենալավն է ճանաչում Պետրակովին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն Ուկրաինայի պատանեկան հավաքականներում մարզել է Միրանյանին: Ակումբային կարիերայի վայրիվերումները նրան թույլ չեն տվել լիարժեք ամրապնդվել հավաքականում: Նա ընդամենը մեկ անգամ է եղել ազգային թիմի հիմնական կազմում․ Խոակին Կապառոսը հարձակվողին վստահել էր Շվեդիայի դեմ ընկերական մրցավեճում: Ալեքսանդր Պետրակովն Արթուրին 2023-ի նոյեմբերին 1,5 տարվա ընդմիջումից հետո վերադարձրեց հավաքական: Նա փոխարինման մտավ Ուելսի և Խորվաթիայի դեմ խաղերում: Զարմանալի էր, որ ՀՊԼ-ի լավագույն ռմբարկուն ընդամենը 20 րոպե հանդես եկավ այս տարվա մարտին Չեխիայի դեմ կայացած ընկերական հանդիպմանը, Կոսովոյի դեմ մրցավեճին ընդհանրապես չմասնակցեց:

«Գիտեմ նրա խստության և կարգապահության մասին: Դա հավաքականի տղաների համար, միգուցե, նորություն է, բայց ես նրան գիտեմ ու հասկանում եմ, որ այդ գծերը նրա մեջ Ուկրաինայում ինձ հետ աշխատելու ժամանակներից են մնացել: Պետրակովը սիրում է կարգապահություն թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- ասել է Միրանյանը:

Հավաքականում լավ խաղալն ամենակարճ ճանապարհն է Եվրոպայից լավ առաջարկներ ստանալու համար: Միրանյանը պետք է օգտվի ընձեռված շանսերից ու փորձի առաջին գոլը խփել ազգային թիմի կազմում:

Ամեն դեպքում, սխալ է ինչ-որ մեկին միայն հավաքականով դատելը: Միրանյանն այս մրցաշրջանում «Նոայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է, և ոչ միայն խփած գոլերի համար: Նա այդ դերը ստանձնեց մեծ մրցակցության մեջ: Նիդերլանդների Էրեդիվիզեից թիմին էր միացել Պաուլ Գլադոնը, ինչպես նաև հնչեղ կարիերա ունեցած Դիոմերսի Մբոկանին: Բայց հենց Միրանյանը դուրս եկավ առաջին պլան: Սա ևս ցույց է տալիս, որ ֆուտբոլն այսօրվա և վաղվա, ոչ թե երեկվա մասին է: Կապ չունի՝ ով ես և որտեղ ես խաղացել, կարևոր է՝ ինչ կարող ես անել տվյալ պահին: Պատասխանը հիմա ավելի քան ակնհայտ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա