Logo

«Կախվածություն Հենոյից VS. նիդեռլանդական պրագմատիզմ». «Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
21:48 / 24.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Ռոման» երկու խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց անգլիական «Լեսթերին» ու դուրս եկավ մրցաշարի պատմության առաջին եզրափակիչ, որտեղ «գայլերի» մրցակիցը կլինի նիդեռլանդական «Ֆեյենորդը»։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը, որում առանցքային դեր է խաղում Հայաստանի հավաքականի արդեն նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կարող է ընթացիկ մրցաշրջանի արդյունքում տիտղոս նվաճել։ 

2016-17 թթ․ մրցաշրջանը, երբ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, թվում էր՝ նման բան այլևս չի կրկնվի՝ հաշվի առնելով հայ ֆուտբոլիստի և պորտուգալացի մասնագետի հարաբերությունները։ Բայց կոնֆլիկտը ոչ միայն հարթվեց, այլև վերածվեց փոխադարձ հարգանքի, և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքը կարող է նորից պտղաբեր լինել՝ ևս մեկ տիտղոսի տեսքով։ 

Այս հոդվածով կվերհիշենք Մոուրինյո-Մխիթարյան հարաբերությունների պատմությունն ու կներկայացնենք, թե ինչի շնորհիվ է հայ կիսապաշտպանը դարձել է «Ռոմայի» առանցքային խաղացողը, որը գուցե բեմում չէ, գոլեր քիչ է խփում, գոլային փոխանցումներ քիչ է կատարում, սակայն կուլիսներում հենց նրա կատարած աշխատանքն ապահովում է թիմի կայուն խաղը։ 

Մոուրինյոյի և Մխիթարյանի հարաբերությունները

Մոուրինյոն և Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» եկան գրեթե միաժամանակ։ Ժոզեն ակումբը գլխավորեց 2016 թվականի մայիսին, իսկ շուրջ մեկ ամիս անց թիմին միացավ Հենրիխը։ ՄՅՈՒ-ում հայ ֆուտբոլիստի գործերն այնքան էլ լավ սկիզբ չունեցան, չնայած հետագայում պարզ դարձավ, որ ամենալուսավոր կետը հենց այդ մրցաշրջանն էր։ Մոուրինյոն սկզբում աջակցում էր Մխիթարյանին, բայց հիասթափված էր «Մանչեսթեր Յունայթեդում» նրա երկար ադապտացիայից։

Սեպտեմբերին հայ կիսապաշտպանը վնասվածք ստացավ և կորցրեց տեղը մեկնարկային կազմում։ 

2016 թվականի հոկտեմբերին Մոուրինյոն վստահ էր, որ Հենրիխը դեռ օգտակար կլինի «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Որոշ խաղացողներ արագ հարմարվում են նոր պայմաններին, իսկ մյուսները՝ ոչ անմիջապես: Հենրիխը պատկանում է երկրորդ տիպին, և նրան ժամանակ է պետք, որպեսզի նորից հայտնվի որպես այնպիսի մեծ խաղացող, ինչպիսին մենք ենք նրան ճանաչում։ Ակնկալում եմ, որ Մխիթարյանը վաղ թե ուշ դաշտ դուրս կգա»,- ասել է Ժոզեն։ 

Բայց արդեն նոյեմբերին պորտուգալացի մարզիչն սկսեց դժգոհել Մխիթարյանից։

«Նա պետք է ավելին անի: Ամեն ինչ պարզ է։ Այս ակումբում մենք մեծ ակնկալիքներ ունենք։ Այս դիրքերում շատ խաղացողներ կան։ Մխիթարյանը պետք է ավելի լավ խաղա, քան Մատան, Լինգարդն ու Մարսիալը։ Այնքա՜ն պարզ է ամեն ինչ։ Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել հանդիպումները, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է օգտագործել այն խաղացողներին, որոնք, իր կարծիքով, ամենաշատը կօգնեն թիմին: Ես բացառություն չեմ»,- ասել է Մոուրինյոն։ 

Մխիթարյանը փայլուն անցկացրեց 2017 թվականի գարնանային հատվածի եվրագավաթային հանդիպումները։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում նա խփեց 5 գոլ և օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» նվաճել գավաթը: Մոուրինյոյի քննադատությունը մարեց։

Պորտուգալացին շարունակեց դժգոհել Մխիթարյանից 2017 թվականի նոյեմբերի վերջին։ «Ես դժգոհ եմ նրա վերջին ելույթներից։ Նրա խաղն անհաջող է: Մեկ կամ երկու հանդիպում չէ. ես խոսում եմ երեքի, չորսի կամ հինգի մասին»,- ասել է Մոուրինյոն։ Մրցաշրջանի այդ հատվածում Մխիթարյանը խփել էր 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Դեկտեմբերին պատասխանելով այն հարցին, թե ինչու Մխիթարյանը չի խաղում՝ Ժոզեն ասել է. «Այժմ ես վստահում եմ այլ խաղացողների»:

ԶԼՄ-ները գրում էին, որ հաջորդ օրը «Բրայթոնի» հետ հանդիպման վերլուծության ժամանակ Ժոզեն ու Հենրիխը վիճել են։ Մոուրինյոն դժգոհ է մնացել այդ խաղում ֆուտբոլիստի գործողություններից։

Կոնֆլիկտից հետո Մխիթարյանը 5 կիսատ խաղ անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Ակումբները փոխանակում կատարեցին, և հակառակ ուղղությամբ տեղափոխվեց Ալեքսիս Սանչեսը։ 

2020 թվականին Եվգենի Սավինի հետ հարցազրույցում («Красава») Մխիթարյանը հաստատել է, որ հեռացել է հենց հանդիպման վերլուծության ժամանակ Ժոզեի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

«Ամեն ինչ սկսվեց այդ կոնֆլիկտից։ Ես որոշեցի, որ այլևս անելու ոչինչ չունեմ Մանչեսթերում: Եթե ես աշխատում եմ, պրեսինգի եմ դիմում, պաշտպանվում եմ, օգնում եմ թիմին, գոլ եմ խփում ու գոլային փոխանցումներ կատարում, բայց ինչ որ մեկը դժգոհ է, ուրեմն՝ անելիք չունեմ այնտեղ։ Ես չէի ուզում ժամանակ կորցնել, ես ուզում էի առաջ շարժվել և ֆուտբոլ խաղալ»,- ասել է Հենրիխը։

Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ

Երբ Ժոզե Մոուրինյոն եկավ «Ռոմա», թվում էր, թե Մխիթարյանը երկար չի մնա Հռոմում։ Այնուամենայնիվ, Մխիթարյանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը 1 տարով։ Գուցե շատերը պնդեն, որ Մխիթարյանն այլ տարբերակ չուներ, բայց դա բոլորովին այդպես չէ։ 2020-21 թթ․ փայլուն մրցաշրջանից հետո Հենրիխն առանց դժվարությունների կարող էր նոր ակումբ գտնել։ Նա ազատ գործակալի կարգավիճակ ուներ, նրա համար փողը երբեք մոտիվացիա չի եղել, բայց նույնիսկ այդ դեպքում Մխիթարյանը մնաց «Ռոմայում» ու դարձավ Մոուրինյոյի թիմի գլխավոր շարժիչ ուժը։ 

Ինչո՞վ է, նախորդ մրցաշրջանի համեմատ, արդյունավետությունը կորցրած ֆուտբոլիստը դարձել անփոխարինելի խաղացող «Յուրահատուկի» համար.
 
Ժոզե Մոուրինյոն իր ամբողջ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստներին է համապատասխանեցրել իր նախընտրած սխեմային, գաղափարներին, իսկ «Ռոմայում» դա անելը գրեթե անհնար էր։ Լինենք անկեղծ՝ «Ռոմայի» այս կազմը մակարդակով զիջում է «Յուվենտուսին», «Ինտերին», «Միլանին», «Նապոլիին», գուցե նաև «Ատալանտային»։ Ֆուտբոլիստների միջև համագործակցության և խաղակցվածության մակարդակով «Ռոման» զիջում է ևս մի քանի թիմերի։ Վերոնշյալ թիմերն արդեն ունեն հստակ խաղաոճ, խաղային մոդել, իսկ «Ռոման»․․․ Ի՞նչ խաղաոճ ունի «Ռոման»։ 

Մոուրինյոն արագ հասկացավ, որ իր հիմնական գաղափարներն արդեն չեն աշխատի։ Նա ռադիկալ քայլերի դիմեց։ Պատկերացրեք, որ փազլ եք հավաքում և միայն մեկ կտորի տեղը հստակ գիտեք։ Մոուրինյոյի դեպքում դա Մխիթարյանն էր։ Նա պետք է խաղա կենտրոնում՝ օգնելով թե՛ հարձակվողներին, թե՛ պաշտպաններին։ Հայաստանի ազգային հավաքականում տարիներ շարունակ փորձել են նման մի բան ստանալ, սակայն ստացվում էր ոչ միշտ։ Ստանալով ազատ խաղաժամանակ՝ Հենրիխն սկսեց աշխատել Մոուրինյոյի հետ ու այդ աշխատանքը հասցրեց բացառապես նոր մակարդակի։ Այս խառը և խուճուճ մրցաշրջանի ընթացքում որտեղ ասես՝ Մխիթարյանը չի խաղացել՝ ենթահարձակվողից սկսած, եզրային պաշտպանով վերջացած։ Կասեք՝ նույն պատկերը նաև Մանչեսթերում էր։ Դուք իրավացի կլինեք միայն առաջին հայացքից. մեդալն ունի երկու կողմ. Մոուրինյոն Մանչեսթերում Հենոյին դնում էր տարբեր դիրքերում՝ ինչ-որ վերացական իրականության մեջ պատկերացնելով Հենրիխին այդ դիրքի ֆուտբոլիստ։ Իսկ «Ռոմայում» տարբեր դիրքերում խաղում է բացառապես այլ ֆուտբոլիստների բացակայության պատճառով։ 

«Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, պարզապես ֆանտաստիկ։ Նա անփոխարինելի է մեզ համար։ Երբ նա իր դիրքում է խաղում, պարզապես լավագույնն է, իսկ երբ մեզ պետք է ազատ ֆուտբոլիստ, որը կփակի ինչ-որ դիրք, ես գիտեմ, որ ունենք Միկիի կարգի գերպրոֆեսիոնալ», - այս խոսքերը Ժոզեն ասել է «Սամպդորիայի» հետ Իտալիայի առաջնության հերթական հանդիպումից հետո՝ VNews-ի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում։ 

«Ռոման» Հենրիխի հետ և առանց նրա

Նախորդ մրցաշրջանում, երբ «Ռոմայի» գլխավոր մարզիչը Պաուլու Ֆոնսեկան էր, թիմում կար մի քանի առաջատար: Հենրիխը նրանց շարքում էր։ Այս տարի դեմքերը փոխվեցին, եկան մի շարք նոր տղաներ, հներից մի քանիսը մարզավիճակ կորցրին։ Մխիթարյանը դիրքերի հաճախակի փոփոխությունների պատճառով զիջեց վիճակագրության տեսանկյունից, սակայն առավել քան ակնհայտ է, որ ի դեմս հայ ֆուտբոլիստի՝ Ժոզեն ունի «ջոկեր», որը ցանկացած պահ կարող է մի խելացի գործողությամբ սրել խաղը կամ համառության շնորհիվ հարձակվողի դիրքից հասնել հենակետայինի գոտի, խլել գնդակն ու սկսել նոր գրոհ։ 

Այս տարի Ժոզեն մի փոքր զիջումների գնաց ու հրաժարվեց 4 պաշտպանով ավանդական սխեմայից՝ հասկանալով, որ նման ֆուտբոլով «Ռոման» հեռու չի գնա, և իր սիրելի հակագրոհային ֆուտբոլը ցուցադրելու համար 4 պաշտպանով սխեման Հռոմում չի աշխատի։ Մրցաշրջանի ընթացքում «փչացավ» Վերետուն, «կոտրված էր» Սպինացոլան, իսկ նրան փոխարինելու եկած Վինյան հեռու էր Ա Սերիայի մակարդակից։ Մոուրը Հենոյին տարավ եզր, որտեղ մեր ֆուտբոլիստը, եթե չէր պաշտպանվում, այլ գրոհում էր, կազմակերպում էր սրընթաց հարձակում ձախ կիսաեզրից։ Երբ այդ դիրքը թիմակիցը փակում էր, Մխիթարյանն օգնության էր հասնում  կենտրոնից, ինչպես հին ու բարի ժամանակներում... 

«Լեսթերի» հետ առաջին խաղի ընթացքում Մխիթարյանը ցավալի վնասվածք ստացավ ու ժամանակից շուտ թողեց խաղադաշտը։ Ազդրի հետին մկանի վնասվածք. այս ախտորոշումը Մոուրինյոյի համար դարձավ դատավճիռ: Այս չարաբաստիկ վնասվածքից հետո «Ռոման» հաղթել է միայն 2 անգամ։ Բոլոր խաղերում, որոնցում Հենրիխը չի եղել, «Ռոման», կարելի է ասել, թույլ հանդիպում է անցկացրել։ Միջին օղակում չի եղել ֆուտբոլիստ, որը կարողանար իրար կապել հետևի ու առջևի գծերը։ Չի եղել ֆուտբոլիստ, որ եզրային անցման շնորհիվ սրեր խաղը, գնդակը քարշ տար առաջ, ազատ թիմակից գտներ ու ոսկերչական փոխանցումով դուրս բերեր մրցակցի դարպասպահի հետ մեն-մենակ։ 

«Ֆեյենորդի» հետ խաղում Հենրիխը պարտադիր պետք է խաղա. Մոուրն այլընտրանք չունի։ Ըստ լուրերի՝ Մխիթարյանը պատրաստ է դաշտ դուրս գալ, բայց, ամենայն հավանականությամբ, Հենոն խաղաժամանակ կստանա, սակայն միայն երկրորդ կեսում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ֆեյենորդը»

Ուղիղ 20 տարի է անցել, երբ վերջին անգամ Ռոտերդամը ներկայացնող ամենահեղինակավոր ակումբը խաղացել է եվրագավաթային եզրափակիչում։ «Բորուսիայի» հետ տնային եզրափակիչը (այո՛, այո՛, 2002-ի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը Ռոտերդամում էր) երկրպագուները երկար են իրենց մտքում պահել. Հիմա հիշողությունները թարմացնելու ժամանակն է։ Իրականում, «Ֆեյենորդի» երկրպագուներն ունեն բոլոր իրավունքները՝ հավատալու, որ իրենց թիմը կարող է ծնկի բերել «Ռոմային»։ 

Անուններով գուցե նիդեռլանդական ակումբը զիջի «Ռոմային», սակայն խաղային կարգապահության ու կամքի ուժի տեսանկյունից հաստատ հետ չի մնում։ Վերջերս ներքին առաջնության շրջանակում ՊՍՎ-ի հետ տնային խաղում Առնե Սլոտի տղաները դա ևս մեկ անգամ ապացուցեցին։ Թիմը պարտվում էր առաջին կեսից հետո 0-2 հաշվով, սակայն կարողացավ երկրորդ կեսում կտրուկ շրջել խաղի ընթացքը ու հետ բերել կորցրածը՝ 2-2։ 

Նիդեռլանդների ավարտված առաջնությունում «Ֆեյենորդը» գերազանց անցկացրեց երկրորդ շրջանը և կարողացավ վերադառնալ առաջատարների եռյակ։ Մրցաշրջանի առաջին փուլում «Ֆեյենորդը» չէր կարողանում գտնել իր խաղը։ Ամեն ինչ իր տեղը գցեց հենակետային կիսապաշտպան Օրկյուն Կյոկչուն։ Թուրք ֆուտբոլիստը միջին գծում պարզապես անփոխարինելի է։ Լինելով հենակետային կիսապաշտպան՝ Կյոկչուն ոչ միայն կարողանում է մասնակցել մրցակցի գրոհները քանդելու պրոցեսին, այլև կատարում է գրագետ փոխանցումներ առաջ։ 

Այդ հարցում նրան օգնում է մի փոքր առջևից գործող Գուս Տիլը։ Սովորության համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակում» չեն նկատել հերթական լավ ֆուտբոլիստի ունակությունները ու նրան գրոշներով բաց են թողել «Ֆեյենորդ»։ Երիտասարդ ֆուտբոլիստը ֆիզիկական հիանալի տվյալների շնորհիվ կարողացավ դառնալ առաջատարներից ու լավագույն ռմբարկուներից մեկը։ Թվում է՝ նման ֆուտբոլիստների առկայության դեպքում կարելի է անվերապահորեն երազել մրցանակի մասին, սակայն վերոնշյալ ֆուտբոլիստներն ունեն մի մեծ թերություն. թե՛ Կյոկչուն, թե՛ Տիլը դուրս են մնում խաղից, եթե թիմը չի գործում նախաձեռնողի դերում։ Սա էլ արդեն «Ֆեյենորդի» թերությունն է: Առնե Սլոտը հակագրոհներով չի խաղում, իսկ դա հենց այն է, ինչ պետք է Մոուրինյոյին։ 

Սակայն այսքանով ռոտերդամցիների զենքները չեն ավարտվում։ «Ֆեյենորդն» իր ֆուտբոլը հիմնականում կառուցում է ձախ թևում գործող երկու ֆուտբոլիստի՝ պաշտպան Տայրել Մալասիայի ու հարձակվող Լուիս Սիսիստերայի համագործակցության շուրջ։ Մի շարք մասնագետների կարծիքով՝ այս զույգը Նիդեռլանդներում հավասարը չունի։ Թվերին եթե նայենք, Տադիչ-Բլինդ/Տալյաֆիկո դուետն ավելի արդյունավետ է գործել, սակայն այստեղ սերբ հարձակվողի դերն անհամեմատ ավելի մեծ է։ Իսկ Մալասիա-Սինիստերա զույգը գործում է ավելի համակարգված։ 

Մենք տեսել ենք՝ ինչ է լինում, երբ «Ռոման» դիմակայում է հստակ համակարգով ու գործող թիմերին։ Լավագույն օրինակն «Ինտերի» դեմ վերջին հանդիպումն է, որտեղ Սիմոնե Ինձագին անթերի ֆուտբոլ գծեց ու հեշտությամբ քանդեց Մոուրինյոյի բոլտերը։ Եթե Առնե Սլոտն ամեն ինչ ճիշտ անի ու խաղա առաջին համարով ոչ թե նրա համար, որ «Ռոման» է այդպես ցանկանում, այլ սեփական նախաձեռնությամբ, Մոուրի համար շատ դժվար կլինի։ Սակայն ժողովրդական լեզվով ասած՝ «կուտն ուտելու» դեպքում Սլոտն ու թիմը, ինչպես նաև ամբողջ աշխարհը, հերթական անգամ ստիպված կլինեն փաստել՝ «Յուրահատուկը» մնում է յուրահատուկ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա