Աշոցքում ավելի քան 30 մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ անցկացվեց դահուկավազքի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնության առաջին փուլը, որի բոլոր մրցատարածություններում լավագույն արդյունքը գրանցեցին Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։
Մեր երկրի առաջատար դահուկորդուհին մրցակցությունից դուրս էր 5 կմ ազատ և դասական ոճով մրցավազքերում, ինչպես նաև 1,1 կմ դասական ոճով արագավազքում։ Իսկ Միքայելյանն առաջինն էր 10 կմ ազատ և դասական ոճով հաղթահարած մրցատարածություններում ու դարձյալ 1,1 կմ դասական ոճով արագավազքում։ Տղամարդկանց բոլոր մրցաձևերում երկրորդ ու երրորդ մրցանակակիրներ դարձան համապատասխանաբար Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը։ Կանանցից արծաթե և բրոնզե պարգևների արժանացան Աննա Ռաշոյանը, Գոհար Հովհաննիսյանը և Անգելինա Մուրադյանը։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ սա տվյալ մարզաձևից երբևէ անցկացված ամենաբարձր վարկանիշով հանրապետական ստուգատեսն էր։ Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև ռուսաստանցի դահուկորդներ։
Ֆեդերացիայի նախագահը նաև նշել է, որ փետրվարի 4-ին Չինաստանում մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերում մեր դահուկորդների խնդիրն է լինելու գերազանցել նախորդ Խաղերում իրենց գրանցած արդյունքները։
Օլիմպիական խաղերին պատրաստվող Կատյա Գալստյանը խոստովանել է, որ ձգտելու է հնարավորին չափ լավ ներկայանալ քառամյակի գլխավոր մրցմանը։ Նման նպատակ ունի նաև Միքայել Միքայելյանը, որը, սակայն, առաջնային է համարում մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը լավագույն կերպով ներկայանալը։
Լուսանկարը՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջի
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո