Logo

«Կեցցե՛ն բրիտանացի գիտնականները». Դարպասաձողերի ու ցանցի ստեղծման պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:00 / 02.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Այսօր ֆուտբոլ դիտելիս չենք էլ պատկերացնում նույնիսկ, թե էվոլյուցիոն ինչ շրջան է անցել աշխարհի ամենամեծ մասսայակաանություն վայելող այս սպորտաձևը։ Զարգացման իր աստիճաններն է անցել նաև այն երևույթը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից հանդիպումը։ Խոսքը դարպասների մասին է։ 

Մի պահ տեղափոխվենք մեր մանկություն ու մտաբերենք՝ ինչպես էինք բակում ֆուտբոլ խաղում. խոտածածկի փոխարեն քարե անհարթ տարածք էր՝ առանց գծանշումների։ Դարպասների փոխարեն վերցնում էինք մոտակայքում ընկած ամենամեծ քարերը, մոտավոր չափում էինք միմյանցից հեռավորությունը։ Բարձրությունն էլ, ինչպես ասում են, «ազնիվ խոսքի» հիման վրա էր որոշվում. ում երբ հարմար էր, բղավում էր՝ «գնդակը բարձր գնաց, բռնել չէի կարող, չի կարող դա գոլ լինել» և այլն, և այլն։ Դե հիմա պատկերացրեք՝ տևական ժամանակ նման կերպ ֆուտբոլ էին խաղում նույնիսկ միջազգային մակարդակով։

Հեռավոր 1848 թվականին Քեմբրիջի համալսարանի մի խումբ ուսանողներ և ուսուցիչներ որոշեցին կազմել ֆուտբոլի քեմբրիջյան առաջին կանոնները: Այդ փաստաթղթում առկա էր խաղից դուրսը, անկյունայինների փոխարեն պարզապես առաջարկվում էր գնդակը դաշտ վերադարձնել այն հատվածից, որտեղ այն գտնվում էր։ Ինչպես ևս այսօր, խաղն սկսվում էր դաշտի կենտրոնից։ Հետագայում «Քեմբրիջի կանոնները» հիմք դարձան Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ընդունած համընդհանուր օրենսգրքի համար։ 11 կանոնից 2-ում հիշատակվում էր ֆուտբոլի դարպասը։ Յուրաքանչյուր գոլից հետո թիմերը պետք է փոխեին դաշտի իրենց հատվածը, իսկ գոլն արձանագրում էին, երբ գնդակն անցնում էր երկու ձողերի արանքով և նրանց միջև ձգվող պարանի տակով։ Այդ ժամանակ դարպասը սովորաբար մոտավոր բարձրություն ուներ, բաղկացած էր ընդամենը երկու սյունից՝ միմյանցից կամայական հեռավորության վրա։

15 տարի անց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակեց հայտնի «Խաղի օրենքները», որտեղ սահմանեցին ֆուտբոլի դարպասի ճշգրիտ չափը՝ 8 յարդ կամ 7 մետր 30 սանտիմետր: Բայց նույնիսկ այս փաստաթղթում չէր նշվում ոչ խաչաձողը, ոչ էլ ձողերի բարձրությունը։ Թիմերն առաջվա նման պարանով նշում էին դարպասի վերին եզրագիծը, որը բարձրանում էր գետնից և ձգվում մինչև մարդու ստանդարտ հասակից մի փոքր բարձր, իսկ երբեմն  խաղերն ընթանում էին առանց դրանց։ 

Մեկ անգամ չէ, որ գոլերը հաշվվել են նույնիսկ այն ժամանակ, երբ գնդակները թռչում էին մի քանի մետր բարձրության վրա։ Նման տարօրինակություններից խուսափելու համար 1866 թվականին ԱՖԱ-ն ակումբների համար պարտադիր դարձրեց բաց գույնի ժապավենները՝ որպես իրենց գոլերի վերին եզր, և 6 տարի անց դա օգտագործվեց Անգլիայի գավաթի առաջին եզրափակիչում։

Դարպասի կոշտ խաչաձողի ստեղծման ու տեղադրման գաղափարի համար մինչև օրս անգլիական «Շեֆիլդը» և շոտլանդական «Քուինզ Պարկը» (չշփոթե՛լ անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ) պայքարի մեջ են։ 1882 թվականին ֆուտբոլային իրավաբանները վերջապես խաչաձողը դարձրին դարպասի պարտադիր տարր և որոշեցին, որ այն պետք է լինի 8 ֆուտ կամ 2 մետր 34 սանտիմետր բարձրության։ Բնականաբար, կարճ ժամանակ անց վրա հասավ այն պահը, որ ակումբներն սկսեցին բողոքել ոչ ստանդարտ ֆուտբոլային խաչաձողերի համար։ 

Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում «Քրյու Ալեքսանդրա» - «Քենսինգթոն Սվիֆթս» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2։ Հանդիպումից հետո  «Ալեքսանդրայի» ներկայացուցիչները գոլի վերաբերյալ բողոքով դիմեցին ԱՖԱ-ի պաշտոնյաներին. խաղացողները կարծում էին, որ «Քենսինգթոնի» տնային մարզադաշտի մի խաչաձողը մյուսից ցածր է։ Չափագրումներ անելուց հետո նրանք նկատեցին հինգ սանտիմետրի տարբերություն, որից հետո դաշտի տերերին գրանցվեց տեխնիկական պարտություն, իսկ թիմը որակազրկվեց։ 8 տարի անց «Շեֆիլդի» հանրահայտ դարպասապահ Ուիլյամ «Չաղլիկ» Ֆուլկը, որի քաշը մոտենում էր 1,5 ցենտերին, ցատկի ժամանակ կոտրեց դարպասի խաչաձողը։

Ունենալով կոշտ խաչաձող և լայնության ու բարձրության հստակ չափանիշներ՝ դարպասին դեռևս բացակայում էր մեկ կարևոր դետալ՝ ցանցը: Տուգանային հրապարակում՝ հատկապես թեժ գրոհների ժամանակ, ոչ երկու թիմերի խաղացողները, ոչ էլ մրցավարը հաճախ չէին հասցնում նկատել, թե ինչպես է գնդակը հայտնվել դարպասային գծից այն կողմ և գլորվելով հասել ուղիղ դաշտի դիմային գծին կանգնած երկրպագուների ոտքերի մոտ։ Այդ ամենի պատճառով հաճախ վեճեր էին ծագում, և խաղը երկար ժամականով ընդհատվում էր։

Այն բանից հետո, երբ Անգլիան հաղթեց Իռլանդիային 9-1 հաշվով, իռլանդացիները դժգոհեցին, որ առնվազն 4 գոլ արձանագրվել է անհիմն: Մի քանի ամիս անց անգլիացիներն արդեն բողոքում էին Բելֆաստում ոչ-ոքիից հետո. դարպասապահ Ջո Ռիդերը վստահեցնում էր, որ մրցակցի հարձակվող Վիլի Գիբսոնը ոչ թե հավասարեցրել է հաշիվը, այլ վրիպել է՝ մի քանի սանտիմետր շեղ հարվածելով: 

Այս ամենի լուծումը գտավ Լիվերպուլի 31-ամյա ինժիներ Ջոն Բրոդին։ Նա որոշեց ֆուտբոլային դարպասի հետևի մասում «գնդակներ հավաքելու հսկայական պայուսակ» ամրացնել:  Այս գաղափարը նրա մոտ առաջացել էր իր տաբատի մեծ գրպաններին նայելուց հետո։ Այս գյուտը փորձարկվել է 1891 թվականին Նոթինգհեմում, և առաջին խաղացողը, որ գնդակ խփեց Բրոդիի գյուտով պատրաստած դարպասը, «Էվերթոնի» հարձակվող Ֆրեդ Գերին էր։ 

Բրոդին, որը ծրագրել է Նյու Դելիի վերակառուցումը, հորինել  էր տրամվայի օղակը և նախագծել հայտնի Քուինսուեյ թունելը Լիվերպուլի ու Բիրքենհեդի միջև, խոստովանել է, որ ամենից շատ հպարտ է ֆուտբոլային դարպասի ցանցի գյուտով: Առաջին հանդիպումը, որում երկու կողմերն էլ կոշտ դարպասաձողեր և ցանց օգտագործեցին, 1892 թ-ի Անգլիայի գավաթի եզրափակիչն էր։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից դարպասն անհնար է պատկերացնել առանց ցանցի՝ դրա օգտագործումը մինչև օրս պարտադիր չի համարվում։

Մինչև անցյալ դարի 70-ական թվականները դարպասների շրջանակները փայտից էին, իսկ դրանք պատրաստելու համար առավել  հաճախ օգտագործվում էր եղևնու փայտ։ Այն դիմացկուն և ամուր է, դիմանում է խոնավությանը և ջերմաստիճանի փոփոխություններին: Հետո փայտը փոխարինվեց պողպատով, այնուհետև՝ ալյումինով։ Դարպասաձողերը ժամանակի ընթացքում շատ են փոփոխվել։ Մինչ ամբողջ աշխարհն աստիճանաբար անցնում էր էլիպսաձև դարպասներին, շոտլանդացիները գերադասեցին հավատարիմ մնալ հին ու բարի ավանդույթներին և չէին պատրաստվում փոխել դարպասը։ 

Միայն 1987 թվականին ՖԻՖԱ-ն վերջապես արգելեց «էքսպերիմենտալ» դարպասները, և մինչև այսօր ալյումինե դարպասաձողերով դարպասները ընդունվում են որպես առավել դիմացկուն և անվտանգ:

Իսկ ձեր բակում կա՞ն ցանցով դարպասներ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա