Logo

Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:16 / 04.06.2022Ծանրամարտ
null

Ալբանիայում ընթանում է  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Պոկում վարժությունում 171 կգ արդյունքով նա փոքր ոսկե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում 206 կգ արդյունքով՝ փոքր արծաթե մեդալ։

Մեր մյուս ներկայացուցիչ Արա Աղանյանը երկամարտի 375 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 

Արդեն հայտնել ենք, որ տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն էջմիածնեցի Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով երկրորդ տեղն է գրավել պոկում վարժությունում։ Հրում մրցաձևում և երկամարտի գումարով նա 5-րդն էր։ Կարապետյանն արդյունավետ է կատարել 6 մոտեցումներից 3-ը։

Մինչդեռ նույն քաշային կարգում ելույթ ունեցած նրա համաքաղաքացի Վարդան Մանուկյանը, բավարարվելով պոկում վարժության առաջին մոտեցմամբ (160 կգ, 7-րդ տեղ), ձախողել է մյուս փորձերը ու, ստանալով 0, հաշվարկային տեղ չի գրավել։

Կանանց 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում կատարել է երկու արդյունավետ մոտեցում և 104 կգ արդյունքով արժանացել է բրոնզե պարգևի։ Հրում մրցաձևում երևանցի մարզուհին չի կարողացել բարձրացնել նախ՝ 119, ապա նաև՝ 120 կգ (երկու մոտեցում) կշռող ծանրաձողը և ստացել է 0։

Ավելի վաղ երկամարտի գումարով Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 81 կգ քաշային գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը, որը դարձել էր պոկում վարժության արծաթե, հրում մրցաձևի ոսկե մեդալակիր։

Նույն քաշային կարգում Կարեն Մարգարյանը երկու վարժություններում և երկամարտում գրանցել էր 4-րդ արդյունքը։ Իսկ Իզաբելա Յայլյանը 5-րդ տեղն էր գրավել 55 կգ քաշային կարգում։

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա