Logo

Ինչպիսի՞ մարզիչ է Դավիդե Անչելոտին՝ Պապա Կառլոյի որդին և օգնականը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:26 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմության ամենալեգենդար մարզիչներից է, ընդ որում՝ «Պապա Կառլոյի» բախտը բերել է կրկնակի, քանի որ երկար տարիներ նրա օգնականը ոչ միայն բանիմաց է, այլև ոչ ավելի ոչ պակաս՝ որդին: VNews-ի այս հոդվածով կծանոթանանք 32-ամյա Դավիդե Անչելոտիի հետ... Ո՞վ գիտե, գուցե որոշ ժամանակ անց հենց նա գլխավորի «Արքայական ակումբը»։ 

ԱՆՉԵԼՈՏԻ ԿՐՏՍԵՐ. ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԱՂԱԺԱՄ ԱՎԱՐՏՆ ՈՒ ՄԱՐԶՉԱԿԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Դավիդեն ծնվել է Պարմայում (նրա հայրն այդ ժամանակ խաղում էր «Միլանում») և մեծացել ֆուտբոլային աստղերի շրջապատում, թեև ինքն է խոստովանել, որ մանուկ հասակում ամաչկոտ տղա է եղել:

Դավիդեի պրոֆեսիոնալ կարիերան կարճ է եղել։ 2007-2010 թվականներին նա խաղացել է «Միլանի» երիտասարդական թիմերում, իսկ հետո՝ 21 տարեկանում, ավարտել է կարիերան։  «Շատերն են ուզում դառնալ ֆուտբոլիստ, բայց ես արագ հասկացա, որ դրա համար տաղանդ չունեմ, ուստի որոշեցի սովորել»,- ասել է իտալացին Daily Mail-ի հետ զրույցում։ Իսկ 22 տարեկանում նա արդեն ստացել է իր առաջին կրթությունն սպորտային գիտությունների ոլորտում։

Ֆուտբոլիստների մոտ շարժիչ հմտությունների մասին նրա համալսարանական ատենախոսությունն ընդունվել է ծափահարություններով։ Դավիդեն ՈՒԵՖԱ-ում մարզչական արտոնագրի համար քննությունները հանձնել է գրեթե գերազանց (137/140 և 13/15 միավոր)։ Նա նաև իր թեզը գերազանցությամբ պաշտպանել է Պարմայի համալսարանում՝ ֆուտբոլիստների մոտ էներգիայի սպառման չափման թեմայով։

Բայց սա դեռ ամենը չէ. իտալացին շարունակում է ուսումնական գործընթացը։ Նա ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի մարզչական կուրս անցած մարզիչների հետ ու պատմել Մադրիդի «Ռեալում» աշխատանքի մեթոդների մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է ինքը մարզչական շտաբի հետ մարզումներ մշակում ֆուտբոլիստների համար։

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՌԼՈՅԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ

Դավիդեն իր գործունեությունն սկսել է «Չելսիում», բայց ոչ պաշտոնապես։ Նա մարզումների և հանդիպումների ժամանակ հետևել է երիտասարդ խաղացողներին, շփվել նրանց հետ (ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին շփվում երիտասարդ մարզչի հետ), իսկ հետո անհրաժեշտ բոլոր տվյալները փոխանցել հորը։

2011 թվականից Դավիդեն պաշտոնապես աշխատում է մասնագիտությամբ և այս ամբողջ ընթացքում հորն ուղեկցում է եվրոպական ակումբներում՝ Փարիզից մինչև երկրորդ այցը Մադրիդ։ Նա մարզչական կարիերան սկսել է որպես ֆիթնես մարզիչ 2011 թվականին՝ մեկ տարի անցկացնելով ՊՍԺ-ում։ Իսկ հետո նույն պաշտոնին է անցել «Ռեալում»։ 

«Բավարիայում» Դավիդեն դարձավ գլխավոր մարզչի օգնական և շարունակեց նույն դերը կատարել «Նապոլիում», «Էվերթոնում» և այժմ «Ռեալում»:

ՎՍՏԱՀԵԼԻ ՕԳՆԱԿԱՆ «ՆԱՊՈԼԻՈՒՄ»

Նա իր նորամուտը նշել է Ա Սերիայի առաջին թիմի մարզչի պաշտոնում, երբ Կառլոն հեռացվել էր «Ատալանտայի» հետ խաղին ու որակազրկվել «Ռոմայի» դեմ հանդիպման համար: «Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Գինտոլին խաղից առաջ գովել էր Անչելոտի կրտսերին. «Մենք կկարոտենք Կառլոյին, բայց նրա որդին՝ Դավիդեն, կլինի պահեստայինների նստարանին: Նա շատ լավ պատրաստված մասնագետ է և վստահելի օգնական»։

Արդյունքում՝ Դավիդեն այդ ընթացքում մարզել է թիմը, իսկ խաղից հետո խոսել է նաև լրագրողների հետ: Ամեն դեպքում «Նապոլին» պարտվել էր 1:2 հաշվով:

ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ «ՌԵԱԼՈՒՄ»

Գաղտնիք չէ, որ Կառլո Անչելոտին մարզումային պրոցեսը հիմնականում վստահում է իր շտաբին և գործընթացին հետևում կողքից: Այսպիսով՝ Դավիդեն ու մյուս օգնականներն անցկացնում են մարզումները (մարտավարություն և մարզման գործընթաց) և զբաղվում է հակառակորդ թիմերին վերլուծելով։

Անչելոտիի մյուս օգնականների՝ Ջովանի Մաուրիի և Անտոնիո Պինտուսի հետ Դավիդեն շատ ժամանակ է անցկացնում՝ շփվելով ֆուտբոլիստների հետ։ Իսպանական լրատվամիջոցները նույնիսկ գրում են, որ երիտասարդ մարզիչն «ապրում» է Վալդեբեբասի բազայում և անդադար վերլուծում մրցակիցներին։

Խաղերից առաջ Դավիդեն կարող է կարճ զրույց անցկացնել որոշ խաղացողների հետ: Oրինակ՝ դեկտեմբերին կայացած մադրիդյան դերբիի ժամանակ Դավիդեն Բենզեմային տակտիկական ցուցումներ էր տալիս։ Իսպանացի լրագրողները վերլուծել են Դավիդեի ժեստերը և պարզել, որ Կարիմը պետք է մի փոքր հետ քաշվեր դեպի տուգանային հրապարակ, սպասեր իր պահին և հարվածեր։

Հենց այդպես էլ խփվեց առաջին գոլը Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը։

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երբ «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել «Տորինոյի» աջ պաշտպան Մատեո Դարմիանին, Դավիդեն բանակցել էր ֆուտբոլիստի հետ: Իսկ «Բետիսից» «Նապոլի» տեղափոխված կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը պատմել է, թե ինչպես են իրեն նկատել իտալական ակումբում։ 

Դավիդե Անչելոտին հանդիպում էր Սևիլիայից մի աղջկա հետ։ Մի անգամ, երբ նա այցելել էր նրան, ներկա էր եղել անդալուզյան դերբիին և խաղի ժամանակ նկատելով Ռուիսին՝ խորհուրդ էր տվել «Նապոլիի» սկաուտներին ձեռք բերել Ֆաբիանին։ Ավելի ուշ իսպանացի կիսապաշտպանը խոստովանել էր․ «Երբ հանդիպեցի այդ աղջկան, շնորհակալություն հայտնեցի նրան»։

ՉՈՐՍ ԼԵԶՈՒ

Դավիդե Անչելոտին չորս լեզու գիտի: Դա հիմնականում հոր հետ տարբեր ակումբներում աշխատելու արդյունքում է եղել։ Նա սովորել է իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ 
«Բավարիայում» Դավիդեն ավելի լավ էր խոսում գերմաներեն, քան լեգեոներների մեծ մասը։ Նա Արյեն Ռոբենի և Ռոբերտ Լևանդովսկիի նման շատ լավ խոսում էր գերմաներեն։ Կինգսլի Կոմանը և Ռենատու Սանշեշը բոլորից վատ գիտեին լեզուն:

«Բավարիայի» հանդերձարանում պետք է խոսել գերմաներեն։ Միայն ֆրանսերեն կամ պորտուգալերեն խոսելը բավարար չէ։ Խաղացողներից պահանջվում է գերմաներեն սովորել, սա պետք է կանոն լինի: Հակառակ դեպքում նրանք պետք է վճարեն։ Երբ կա ցանկություն, կա հնարավորություն։ Որոշ խաղացողներ պետք է օրինակ վերցնեն Դավիդե Անչելոտիից»,- ասել էր մյունխենյան ակումբի արդեն նախկին նախագահ Ուլի Հյոնեսը։ 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՐ ՀԵՏ

Բնականաբար, Դավիդեն մեկ անգամ չէ, որ լսել է, թե հոր հովանու տակ է և թոփ ակումբներում աշխատելու հիմնական գործոնը Կառլոյի որդին լինելն է։ Բայց նա հումորով է արձագանքում նման խոսակցություններին, նույնիսկ երբ Իբրահիմովիչն է հակադրվում:

«Մի անգամ ես մեղադրեցի Զլատանին մարզումների ժամանակ ծուլանալու համար: Նա պատասխանեց. «Ես կպատրաստվեմ ավելի լավ, իսկ դու ե՞րբ քեզ «կպոկես» հայրիկիցդ ու ինքնուրույն կլինես»: Մենք ծիծաղեցինք։ Փարիզում հավաքվել էին շատ պարզ տղաներ, մենք հիանալի հարաբերություններ ունեինք»։

Մադրիդում հաստատում են՝ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ կռահել, որ Կառլոն և Դավիդեն հայր ու որդի են. նրանց միավորում են միայն մասնագիտական հարաբերությունները։ Ավելին՝ Դավիդեն հարցազրույցներից մեկում նշել է, որ «Ռեալի» ներսում հոր հետ շփումը բացառապես աշխատանքային բնույթ է կրում։

«Իմ նպատակն է տարբերակներ առաջացնել, իմ կարծիքն արտահայտել։ Ի վերջո, նա է որոշում կայացնողը։ Ես այստեղ չեմ, որպեսզի ասեմ՝ «այո՛, այո՛, այո՛». ես այստեղ եմ, ինչպես յուրաքանչյուր մարզչի օգնական: Բայց ես վստահություն ունեմ՝ ասելու՝ «ո՛չ, ես համաձայն չեմ քեզ հետ»:

Դավիդեն Կառլոյին օրինակ է համարում կյանքում։ Անչելոտի ավագն էլ ասել է. «Ինձ դուր է գալիս Դավիդեն, որովհետև նա համեստ է և ուզում է ամեն ինչ իմանալ, ապագայում նա իսկապես լավ մենեջեր կդառնա»։

Ձմռանը Դավիդե Անչելոտին առաջարկ էր ստացել գլխավորելու իտալական «Չեզենան», սակայն հրաժարվել էր։

Դավիդեն չի թաքցնում, որ ցանկանում է գլխավոր մարզիչ դառնալ, բայց նշում է, որ նախ՝ պետք է շատ բան սովորել, այդ թվում՝ հորից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա