Logo

Բռնցքամարտի ԵԱ. Չալոյանը ևս մնաց ձեռնունայն

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:49 / 27.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցակցային 5-րդ օրվա ցերեկային մրցահերթը խիստ անհաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար. ռինգ դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը պարտվեցին և ավարտեցին ելույթը եվրոպական ստուգատեսում։

Անհաջողությունների շարքը լրացրեց գյումրեցի գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, որն իսպանացի մրցակցի հետ քառորդ եզրափակիչ մենամարտի առաջին ռաունդի վերջում երկու ծանր հարված բաց թողեց, ինչից հետո ռինգի մրցավարը դադարեցրեց պայքարը։ Որոշմանը համաձայն չէին Չալոյանի անձնական մարզիչները, որոնք շատ կտրուկ արձագանքեցին տեղի ունեցածին, ինչը Հայաստանի համար թերևս ամենաանսպասելի իրադարձությունն էր այս առաջնությունում։

Հայաստանի բռնցքամարտիկներից քառորդ եզրափակիչի արգելքն առայժմ հաղթահարել է միայն Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը դարձել է այս ստուգատեսում մրցանակային տեղ ապահոված մեր առաջին մարզիկը։

Այսօրվա մրցահերթում պարտվել են նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)։

Երեկոյան մրցահերթում (18։00-ից սկսած) Արթուր Բազեյանը (57 կգ) մրցելու է Բաթուհան Չիտֆչիի (Թուրքիա), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Լաշա Գուրուլիի (Վրաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)՝ Վիկտոր Շելստրատի (Բելգիա), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Վահան Նանիտզանյանի (Հունաստան) հետ։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա