Logo

Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
51182252788 532232ec58 o - Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկությունը նշանավորվեց նոր նվաճմամբ: Արարատցի Դավիթ Մանոյանը դարձավ Հայաստանի վեցակի գավաթակիր՝ կրկնելով Արթուր Յուսպաշյանի եռամյա վաղեմության պատմական ռեկորդը: Վերջինս 2018թ. «Գանձասար-Կապանի» կազմում 6-րդ անգամ էր պատվո շրջան կատարել գավաթով՝ դառնալով Հայաստանի միակ վեցակի գավաթակիրը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Յուսպաշյանն էլ Մանոյանի պես վեցակի գավաթակիր էր դարձել «Ալաշկերտի» հետ կայացած եզրափակիչում: Նախորդ 5 տիտղոսները Արթուր Յուսպաշյանը նվաճել էր «Փյունիկի» կազմում 2009, 2010, 2013, 2014 և 2015թթ.:

Յուսպաշյանի համար 2018թ. եզրափակիչը 6-րդն էր: Այդ ցուցանիշով նա հավասարվել էր ռեկորդակիրներին՝ Արմեն Շահգելդյանին, Արամայիս Տոնոյանին, Համլետ Մխիթարյանին, Սարգիս Հովսեփյանին և Կարեն Ալեքսանյանին: Սակայն ի տարբերություն նրանց, Յուսպաշյանի համար բոլոր 6 եզրափակիչներն էլ հաղթական են եղել:

32592845 2137764459775848 643020856921948160 n - Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

Դավիթ Մանոյանը՝ Հայաստանի վեցակի գավաթակիր դառնալուց հետո․ «Պետք է գերազանցեմ Յուսպաշյանի ռեկորդը» (տեսանյութ)

Հատկանշական է, որ Դավիթ Մանոյանը ժամանակին «Փյունիկի» կազմում Արթուր Յուսպաշյանի խաղընկերն էր և նրա հետ միասին 5 անգամ պատվո շրջան էր կատարել գավաթով: Սակայն ի տարբերություն ՅուսպաշյանիՄանոյանը մասնակցել էր միայն «Փյունիկի» համար հաղթական երկու եզրափակիչների (2010, 2013թթ.):

Հետաքրքիր է նաև, որ երբ 2018թ. Արթուր Յուսպաշյանը գանձասարցիների կազմում իր 6-րդ տիտղոսը նվաճեց, Դավիթ Մանոյանը մայիսի 16-ին կայացած եզրափակչում կապանցիներին պարտված «Ալաշկերտում» մասնակցեց վճռորոշ հանդիպմանը: Եվ հենց Մանոյանի վրիպումը հետխաղյա 11մ հարվածաշարում շատ բանով կանխորոշեց գավաթի բախտն ու ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Ալաշկերտից»:

Երբ հետխաղյա 11մ հարվածաշարում հաշիվը 3-3 էր և «Ալաշկերտը» դեռ երկու 11մ հարվածի իրավունք ուներ մրցակցի մեկ հարվածի դիմաց, Մանոյանն անվստահ գործեց՝ թույլ տալով Գևորգ Կասպարովին հետ մղել գնդակը: Հետո գանձասարցի Գեղամ Հարությունյանը հաշիվը դարձրեց 4-3, իսկ Տարոն Ոսկանյանն էլ վճռորոշ պահին արժանացավ Մանոյանի ճակատագրին. Կասպարովը կրկին գերազանց խաղաց՝ հետ մղելով գնդակն ու ապահովելով իր թիմի վերջնական հաղթանակը: Հակառակ դեպքում Յուսպաշյանի փոխարեն հենց Մանոյանն այդ օրը պատմական ռեկորդի հեղինակ կդառնար:

OlqA9tlBeFjZcBTBdncDH1XhTo - Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

Մանոյանից հետո «Արարատում» ամենատիտղոսակիրն Արտակ Եդիգարյանն է, որը դարձավ հնգակի գավաթակիր: Արտակն առաջին 3 տիտղոսները նվաճել էր «Փյունիկում» 2009, 2010 և 2013թթ., իսկ 2019թ. գավաթակիր էր դարձել «Ալաշկերտում»: Նա համալրեց այն ֆուտբոլիստների շարքը, որոնք գավաթակիր են դարձել 3 թիմերում:

Որակազրկման պատճառով գավաթի եզրափակիչին չմասնակցած Հրայր Մկոյանը համալրեց Հայաստանի քառակի գավաթակիրների շարքերը: Գավաթի խաղարկություններում իր առաջին տիտղոսը Մկոյանը նվաճել էր 13 տարի առաջ «Արարատում»: Հետագայում նա գավաթի նվաճման բերկրանքը վայելել էր «Միկայում» (2011թ.) և «Ալաշկերտում» (2019թ.):

Էդգար Մալաքյանը, Ռազմիկ Հակոբյանը, Զավեն Բադոյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը եռակի գավաթակիրների տիտղոսին արժանացան: Ճիշտ է, Մելիքսեթյանն «Արարատի» կազմում այդպես էլ չմասնակցեց գավաթի ընթացիկ խաղարկության որևէ հանդիպման, սակայն նշված էր եզրափակիչ խաղի արձանագրությունում, ուստի մրցակարգի համաձայն նա էլ ստացավ իր բաժին ոսկե մեդալը:

51182253313 9668853019 o 960x656 - Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

«Արարատից» 13 տարի պահանջվեց գավաթային բարձունքը կրկին նվաճելու համար․ VNews-ի ֆոտոշարքը VBET Հայաստանի գավաթի եզրափակիչից

Վսևոլոդ Երմակովը, Մարկո Պրլևիչը, Կարեն Մուրադյանը, Ուրոշ Նենադովիչն ու Աղվան Պապիկյանը դարձան կրկնակի գավաթակիրներ, իսկ մնացած արարատցիներն առաջին անգամ վայելեցին գավաթի նվաճման բերկրանքը:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք 4 և ավելի անգամ դարձել են Հայաստանի գավաթակիրներ՝ նշելով մասնակցած եզրափակիչ հանդիպումների քանակը (փակագծում հաղթական եզրափակիչների թիվն է):

Ծանոթանալով ստորև ներկայացված ցանկին, ընթերցողների մոտ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ օրինակ Հակոբ Մկրյանի ցուցանիշը, որը մասնակցել է գավաթի 5 եզրափակիչ հանդիպման ու դարձել է հնգակի գավաթակիր, սակայն միայն 4 եզրափակիչներն են նրա համար հաղթական եղել:

15.05.2021 Ararat Alashkert cup final 8 960x640 - Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

1992թ. ՀՀ գավաթի անդրանիկ խաղարկությունում Մկրյանը ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի») կազմում մասնակցել էր «Բանանցի» հետ կայացած եզրափակիչին, որում թիմակիցների հետ 0-2 հաշվով զիջել էր մրցակցին: 1993-1995, 1997թթ. «Արարատի» կազմում նա մասնակցել էր թիմի համար հաղթական 4 եզրափակիչ խաղերին: 2000թ. արդեն «Միկայում» Մկրյանը դարձել էր Հայաստանի հնգակի գավաթակիր, սակայն հանդես չէր եկել «Զվարթնոցի» հետ կայացած եզրափակիչում՝ մասնակցելով նախորդ փուլերի հանդիպումներին:

Գավաթակիրներ Գ Ե
1.Արթուր Յուսպաշյան 6 6 (6)
2.Դավիթ Մանոյան 6 4 (3)
3.Տիգրան Գսպեյան 5 5 (5)
4.Հակոբ Մկրյան 5 5 (4)
5.Արտակ Եդիգարյան 5 4 (3)
6.Արմեն Պետիկյան 5 4 (4)
7.Կամո Հովհաննիսյան 5 4 (4)
8.Արամ Ոսկանյան 5 3 (3)
9.Վարազդատ Հարոյան 5 3 (3)
10.Ռաֆայել Նազարյան 5 3 (2)
11.Արմեն Շահգելդյան 4 6(4)
12.Արամայիս Տոնոյան 4 6 (4)
13.Համլետ Մխիթարյան 4 6 (4)
14.Տարոն Ոսկանյան 4 6 (4)
15.Արթուր Քոչարյան 4 4 (4)
16.Հայկ Հարությունյան 4 4 (3)
17.Վահագն Մինասյան 4 4 (3)
18.Հրայր Մկոյան 4 4 (3)
19.Վասպուրակ Մինասյան 4 3 (3)
20.Ղուկաս Պողոսյան 4 3 (3)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա