Logo

«Դել Բոսկեն մարզիչ չէ, նա ապուշ է». Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ հերթական ձայնագրությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
Florentino Perez - «Դել Բոսկեն մարզիչ չէ, նա ապուշ է». Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ հերթական ձայնագրությունը

El Confidencial-ը շարունակում է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ բացահայտումները:

Հիշեցնենք, որ աղբյուրն արդեն ձայնագրություններ է հրապարակել, որոնցում «Ռեալի» նախագահը տարբեր ժամանակահատվածներում վիրավորում է Ռաուլին, Իկեր Կասիլյասին, Ժոզե Մոուրինյոյին ու Կրիշտիանու Ռոնալդուին:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի միջոցով թիմի նախագահն անդրադարձել է Ռաուլի ու Կասիլյասի հասցեին հնչեցրած խոսքերին: Ռոնալդուի ու Մոուրինյոյի հասցեին հնչեցրած խոսքերի վերաբերյալ անդրադարձ մինչև այժմ չի եղել: Marca-ն գրում է, սակայն, որ Ֆլորենտինո Պերեսն արդեն դիմել է իր իրավաբաններին ու շուտով դատական գործընթաց կսկսվի El Confidencial-ի դեմ ձայնագրությունների հրապարակման առնչությամբ:

El Confidencial-ը, այնուամենայնիվ, շարունակում է Ֆլորենտինո Պերեսի սկանդալային հայտարարությունների հրապարակման գործընթացը: Այս անգամ աղբյուրը հրապարակել է իսպանացի գործարարի՝ 2006 թվականին «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի մասին ասած խոսքերը:

«Նա չի կարողանում մարզել, նա չգիտի՝ ինչ է մարտավարությունը: Նա ապուշ է: Նրան ոչ ոք աշխատանքի չի հրավիրում, քանի որ բոլորը հասկացել են, որ նա մարզիչ չէ(ձայնագրությունը կատարվել է 2006 թվականին, երբ Դել Բոսկեն առանց ակումբի էր-խմբ.): Դել Բոսկեն կյանքիս ամենամեծ խաբեությունն է:

Խոսեք «Բեշիքտաշի» նախագահի հետ(2004-05 մրցաշրջանում Դել Բոսկեն 6 ամիս աշխատել է թուրքական ակումբում-խմբ.), թող նա ասի, թե ինչ է մտածում: Դել Բոսկեն մարզիչ չէ, իսկ Կամաչոն(Խոսե Անտոնիո) մարզիչ է:

Ֆիգուն եկավ «Ռեալ», դարձավ Ռաուլի մտերիմ ընկերը, ու նրանք Հիերոյի հետ միասին ղեկավարում էին թիմը: Խե՜ղճ Վիսենտե, նա այնտեղ անելիք չուներ:

Ասում են՝ նա կարող է ստանձնել ազգային հավաքականի ղեկը: Նրան միայն ազգային հավաքականն էր պակասում… Հասկանո՞ւմ եք»,- ասել է Պերեսը:

Վիսենտե դել Բոսկեն 1999-2003 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող: Դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը 2010 թվականին դարձավ աշխարհի, 2012 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն:

«Ռոնալդուն իսկական հիմար է». Պերեսի նոր ձայնագրություններն են հրապարակվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա