Logo

Դեմբելե - «Բարսելոնա» պատմությունն ավարտվեց փոխադարձ մեղադրանքներով․ ինչու՞ այսպես, և ու՞ր կգնա ֆրանսիացին

Հեղինակ
Արամ Սահակյան
18:27 / 23.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ուսման Դեմբելեն շատ շուտով կարող է հեռանալ «Բարսելոնայից»։ Թեպետ մեկուկես ամիս առաջ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան բացարձակ այլ բան էր ասում։ Նրա խոսքով՝ Դեմբելեն ավելի լավն էր, քան Կիլիան Մբապեն։ Երկրպագուների շրջանում կարծիք ձևավորվեց, որ սա յուրօրինակ ակնարկ է նրա, որ կատալոնական ակումբը մեծ պլաններ է կապում ֆրանսիացու հետ։ Դեմբելեի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ի ամռանը։ Ըստ տրամաբանության՝ «Բարսելոնան» պետք է երկարաձգեր պայմանագիրը նրա հետ։ 

Սակայն օրեր առաջ «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին հայտարարեց, որ ակումբը ցանկանում է վաճառել Դեմբելեին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը․

Ակնհայտ է, որ Դեմբելեն չի ցանկանում շարունակել ելույթները «Բարսելոնայում»։ Նա չի ուզում լինել մեր նախագծի մի մասնիկը։ Մենք ասել ենք Դեմբելեին, որ նա պետք է անհապաղ հեռանա ակումբից մինչև հունվարի 31-ը...

Դեմբելեն պատասխանեց «Բարսելոնային»։ Ինստագրամյան գրառման միջոցով նա պարզաբանեց, որ իր դաշտը ֆուտբոլն է, իսկ գործիքը՝ գնդակը։ Դեմբելեն ասաց, որ մյուս հարցերը թողել է իր գործակալի պատասխանատվության տակ։ Դեմբելեն նաև հստակեցրեց, որ չի պատրաստվում դատարան դիմել, թեպետ իրավաբանների պնդմամբ՝ ունի այդ հնարավորությունը։ «Բարսելոնան» իր հայտարարություններով վիրավորել է ֆուտբոլիստի արժանապատվությունը։ 

Նախ՝ եկեք հասկանանք, թե ինչ «սև կատու» անցավ ակումբի ու խաղացողի միջև, իսկ հետո՝ դիտարկենք Դեմբելեի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակները․

ԼԱՊՈՐՏԱՅԻ ԱՆՀԵՌԱՏԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՄԲԵԼԵԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

«Բարսելոնայի» երկրպագուները հաստատ տարակուսանքի մեջ են։ Ժոան Լապորտան ակումբի ղեկը վերստին ստանձնելուց հետո արդեն բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք չի կատարել։ Նախ՝ նա հայտարարեց, թե Լիոնել Մեսին հաստատ մնալու է «Բարսելոնայում», իսկ հետո պարզ դարձավ, որ դա հնարավոր չէ։

Մոտ մեկուկես ամիս առաջ Լապորտան վստահեցնում էր, որ Դեմբելեն մնալու է «Բարսելոնայում» ու երկարաձգելու է ակումբի հետ պայմանագրի ժամկետը՝ դառնալով կատալոնական ակումբի նոր գրվող պատմության կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Բայց ակումբն այդ խոսքերից մի քանի օր անց Դեմբելեին ցույց է տալիս ելքի դռան տեղը։ 

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն՝ Դեմբելեն կլորիկ գումար է պահանջել «Բարսելոնայից» նոր պայմանագրով։ Սա առավել քան տրամաբանական է թվում։ Երբ ակումբի նախագահը քեզ համեմատում է քո անհաշտ մրցակցի տրանսֆերային գլխավոր թիրախի հետ ու նշում, որ դու նրանից լավն ես, ինչու՞ մեծ թվեր չդնել բանակցությունների սեղանին։ 

Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» լրջագույն ֆինանսական պրոբլեմներ ունի, ու նույնիսկ հիմա ակումբը պետք է իր խաղացողներից մեկի աշխատավարձը նվազեցնի, որպեսզի թիմում կարողանա գրանցել նորեկ Ֆերան Տորեսին։ Այս անգամ այդ «զոհը» Սամուել Ումտիտին էր։

Դեմբելեն, ի տարբերություն Ումտիտիի, մտադիր չէ ավելի քիչ վարձատրվել կամ էլ պայմանագիր ստորագրել նույն եկամուտով։ Ֆրանսիացին, ըստ ամենայնի, մերժել է «Բարսելոնայի» բոլոր առաջարկները՝ ղեկավարությանը դնելով փակուղու մեջ։ 

ԱՅՍ ԱՄԵՆԻՑ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՉԻ ՇԱՀՈՒՄ

«Բարսելոնան» 2017 թվականին՝ Նեյմարի տրանսֆերային իրավունքները 222 միլիոն եվրոյի դիմաց ՊՍԺ-ին վաճառելուց հետո, սկսեց մեկը մյուսի հետևից անհեռատես գործարքներ կատարել։ 2016-ից 2018 թվականների ընթացքում «Բարսելոնան» 213 միլիոն եվրո է ծախսել Անդրե Գոմեսի, Լուկա Դինի, Յերի Մինայի ու Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերների վրա։ Այս բոլոր խաղացողներն օրերս մասնակցում էին Պրեմիեր լիգայի «Էվերթոն» - «Ասթոն Վիլա» խաղին։ Ավելի խոսուն օրինակ դժվար է գտնել։ Այդ մեգածախսերից մնացել է Դեմբելեն, որին էլ ակումբը հրաժեշտ կտա կա՛մ մինչև հունվարի վերջ, կա՛մ էլ առաջիկա ամռանը։ 

Ակնհայտ է, որ Դեմբելեի հեռանալը ևս մեկ ձախողում է «Բարսելոնայի» համար նախկինում արված գործարքների շարքում։ Ավելին՝ եթե ակումբը վաճառի Դեմբելեին մինչև հունվարի 31-ը, ստիպված կլինի ևս 5 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիային»։ Հենց գերմանական թիմից 2017-ին Դեմբելեն տեղափոխվեց «Բարսելոնա»։

Այսպիսով՝ այդ դեպքում Դեմբելեի տրանսֆերը վերջնականապես կատալոնական ակումբի համար կարժենա 148 միլիոն եվրո։ Սկզբում՝ նրանք 105 միլիոն եվրո էին վճարել, հետո՝ ավելացել էր ևս 38 միլիոն եվրո՝ բոնուսի տեսքով։ Հիմա էլ՝ հավելյալ 5 միլիոն, եթե Դեմբելեն հեռանա ձմռանը։ 

ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ԳՆԱԼ

«Բարսելոնան» յուրօրինակ շանտաժի է ենթարկում խաղացողին։ Ո՛չ, ո՛չ, սա ամենևին էլ իմ կարծիքը չէ, այլ Դեմբելեի։ Վերոնշյալ գրառման մեջ ֆրանսիացին խոսեց դրա մասին։ Ակումբն ասում է՝ «հեռացի՛ր հիմա, հակառակ դեպքում այս մրցաշրջանում դու այլևս չես խաղա»։ Չնայած այս ամենը հակասում է պայմանագրին, որտեղ գրված է, որ Դեմբելեն «Բարսելոնայի» խաղացող է մինչև 2022-ի հունիսը, այնուամենայնիվ սա ինչ-որ տեղ ներթիմային որոշում է, որն իրավաբանական տեսանկյունից վիճարկել, թերևս, հնարավոր չէ։ Դեմբելեի չխաղալը մարզչի ու ակումբի որոշումն է, բայց ի՞նչ պետք է անի Ուսմանը՝ մնա՞, թե՞ գնա։ 

Դեմբելեն «Բարսելոնայի» գործողություններից գուցե չարանա ու մտածի, որ պետք է մնալ ակումբում, ստանալ աշխատավարձ, չխաղալ ու ամռանը հեռանալ անվճար՝ դրանով է՛լ ավելի բարդ կացության մեջ դնելով ակումբին։  

Սակայն որոշումը պետք է կայացնել՝ հիմնվելով ոչ թե րոպեական զգացումների, այլ հեռատեսության վրա։ Դեմբելեն պետք է իրեն նոր ակումբ գտնի ու դա անի որքան հնարավոր է արագ։ Առջևում աշխարհի առաջնությունն է. ֆրանսիացին չի կարող իրեն թույլ տալ մինչև սեպտեմբեր դաշտ դուրս չգալ։ Եթե Դեմբելեն մնա «Բարսելոնայում», դա առավել քան հավանական է։ 

ՈՒ՞Ր ԳՆԱԼ

Լապորտայի՝ դեռևս դեկտեմբերյան հայտարարության ժամանակ Դեմբելեի նկատմամբ հետաքրքրություն կար անգլիական մի քանի ակումբներից։ Եկեք հասկանանք, թե ինչ վիճակ է տրանսֆերային շուկայում, ու որտեղ է հավանական Դեմբելեի տեղափոխությունը․

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Կարմիր սատանաները» հավակնորդներից են։ Դեռևս 2020-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր գնել Դեմբելեի տրանսֆերային իրավունքները, սակայն ֆրանսիացու՝ անվերջ թվացող վնասվածքները հետ պահեցին «մանկունիանցիներին» տրանսֆերի իրականացումից։ Այս պահին Դեմբելեի տեղափոխությունը Մանչեսթեր նորից բացառված չէ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ կայանա փոխանակման գործարք՝ Անտոնի Մարսիալ - Ուսման Դեմբելե։ Ֆրանսիացու տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ» կարող է խթանել «կարմիրների» հարձակման գծի խաղը։ 

«Արսենալ»

Եթե ամիսներ առաջ «Արսենալ» տեղափոխությունը գրավիչ ու նորաձև չէր, ապա հիմա իրավիճակն այլ է։ Միկել Արտետան հիանալի աշխատանք է կատարել՝ համադրելով երիտասարդներին ու ակումբի հնաբնակներին։ «Արսենալն» Անգլիայում ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմն է։ 

Եթե Դեմբելեն միանա «զինագործներին», լոնդոնցիների խաղն ավելի կգեղեցկանա։ Ֆրանսիացին «Արսենալում» կարող է փոխարինել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։ Գաբոնցին նախ՝ կարգապահական խնդիրների պատճառով զրկվեց ավագի թևկապից, իսկ հետո՝ հայտնի դարձավ, որ Օբամեյանգը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Դեմբելեն արժանիորեն կարող է փոխարինել նրան։ 

«Չելսի»

Լոնդոն տեղափոխվելու ևս մեկ տարբերակ Դեմբելեի համար։ «Չելսիի» հետաքրքրվածության մասին բրիտանական մարզական մամուլում եղան հրապարակումներ։ «Չելսի» տեղափոխությունը հնարավոր է, քանի որ «կապույտների» ղեկին Թոմաս Տուխելն է։ Գերմանացին աշխատել է Դեմբելեի հետ Դորտմունդում։ «Տոտենհեմի» դեմ ԱՊԼ-ի խաղին ընդառաջ կայացած ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ այս թեմային․

«Գաղափար չունեմ, թե ինչ իրավիճակ է նրա ու «Բարսելոնայի» միջև։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, երբ խաղում է բարձր մակարդակում։ Հաջողակ մարզիչ եմ եղել, որ մարզել եմ նրան Դորտմունդում։ Միայն մեկ տարի էր, բայց ես կուզեի՝ ավելին լիներ։ Ես հեռացա, ու նա նույնպես որոշեց հեռանալ»։ 

Տուխելն ակնարկում է, որ ամենևին էլ դեմ չէր լինի Դեմբելեի հետ նորից աշխատելուն։ «Չելսիի»՝ ճգնաժամ ապրող խաղում ֆրանսիացին կարող է օգնություն բերել։ 

«Նյուքասլ»

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ տրանսֆերային ցանկացած թեմայի մեջ կարող ենք ներառել «Նյուքասլին»։ Սաուդյան Արաբիայի խոշոր ներդրողները դեռևս դեկտեմբերին էին հետաքրքրված Դեմբելեով։ Տեղի ունեցածից հետո նրանք հաստատ նորից դիտարկում են ֆրանսիացու ձեռքբերման տարբերակը։ 

Դեմբելեին դժվար թե հետաքրքրի այս տարբերակը։ Մյուս թիմերի պարագայում նրան աստղային թիմակիցներ են սպասում, ինչն իհարկե չես կարող ասել «Նյուքասլի» մասին։ Այստեղ էլ այլ առանձնահատկություն կա․ Դեմբելեն կարող է դառնալ նոր նախագծի գլխավոր դեմքը։ Հարցը միայն այն է, թե արդյոք Ուսմանն ուզու՞մ է դա։

ՊՍԺ

Դեմբելեի համար սա թերևս ամենացանկալի տարբերակն է։ ՊՍԺ-ում են խաղում Ֆրանսիայի հավաքականի նրա թիմակիցներից ոմանք, թեպետ Մբապեն ամռանը կարող է հեռանալ Փարիզից։ Որքան էլ զարմանալի չթվա, հենց իր մտերիմ ընկերոջ հեռանալն էր կարող է խթանել Դեմբելեի տեղափոխությունը Փարիզ։ 

Ամռանը Մբապեն հավանաբար կգա «Ռեալ», ու ՊՍԺ-ն հարձակման գծում նոր խաղացողի կարիք կունենա։ Դեմբելեն կարող է փոխարինել Մբապեին։ Փարիզյան գրանդի սեփականատերերը նաև պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ Դեմբելեն ու Մբապեն մտերիմ ընկերներ են։ Բացառված չէ, որ Ուսմանի ժամանումը հետ պահի Մբապեին «Ռեալ» տեղափոխվելու հեռանկարից, համենայն դեպս այս ամառ։ 

Դեմբելեն պետք է արագ որոշում կայացնի։ Տրանսֆերային պատուհանի փակվելուն մնաց մեկ շաբաթ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա