Logo

Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից, որտեղ նրան հիշեցրին Սերբիայի ռմբակոծությունների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:47 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Novak-Jokovich

Ավստրալիայից արտաքսված աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչը վերադառնում է հայրենիք։ Նա արդեն դեպի Դուբայ ուղևորվող ինքնաթիռում է՝ տեղեկացնում է Telegraf.rs-ն, որը հրապարակել է նաև մարզիկի լուսանկարներն օդանավի սրահից։

Ավստրալիայի բաց առաջնության անցյալ տարվա հաղթողը հեռացավ «կանաչ» աշխարհամասից, քանի որ տեղի իշխանությունները հայտնի սկանդալից հետո չեղարկել են նրա վիզան։ Սերբ թենիսիստն այդ որոշումը դատարանում վիճարկելու անհաջող փորձ է ձեռնարկել, սակայն տանուլ է տվել հայցը և ստիպված է լինելու վճարել նաև դատական ծախսերը։

Մրցաշարի հիմնական ցանցում Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի հաղթողին փոխարինել է աշխարհում 150-րդ վարկանիշն ունեցող իտալացի Սալվատորե Կարուզոն։

Տեղի ունեցածին անմիջապես արձագանքել է Ջոկովիչի հովանավոր Lacoste ընկերությունը, որի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ընկերությունը հնարավորինս արագ կկապվի Նովակ Ջոկովիչի հետ, որպեսզի վերանայի Ավստրալիայում նրա մասնակցությամբ միջոցառումների ցանկը։

Ջոկովիչին առնչվող պատմությունը հեգնանքով է մեկնաբանել ավստրալացի լրագրող Փիթ Շմիգելը, որը նաև ակնարկել է 23 տարի առաջ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Սերբիան ռմբակոծելու մասին։ «Շատ ուրախ ենք, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է, դու երկրում չես. քեզ դուրս են շպրտել Դուբայ։ Ո՞վ է ասել, որ փաստաբանները կեղտոտ են։ Անվանի՛ր դա դաժան սեր, Ջոկեր։ Բայց ավստրալերեն եմ ասում՝ դու ապուշ ես։ Ապուշ, որ ինքն էլ չի հասկանում դա։

Դու դեմ ես պատվաստմանը, սակայն ասում ես, որ ուրիշներին խորհուրդ չես տա խուսափել դրանից։ Դու զվարճանում էիր երեկույթում, կարծես դա 1999 թվականին Սերբիայում լիներ, իսկ հետո քո սեփական երեկույթում վարակվեցիր կորոնավիրուսով։ Հետո նորից վարակվեցիր, բայց մտածեցիր, թե քո անձնական պլաններն ավելի կարևոր են, քան երեխաների առողջությունը։ Չափազանց շատ չէ՞ ինքնավստահությունդ»,- WAToday-ի համար պատրաստած հրապարակման մեջ նշել է լրագրողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա