Logo

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կրկին լավագույնն է, Երմակովի տարիքային ռեկորդը. Fastex ՀՊԼ-ի 17-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:02 / 10.12.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

17-րդ տուրի հանդիպումներով վերջնագիծը հատեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության աշնանային հատվածը: Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ աշնանային հատվածի հաղթող ճանաչվեց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ ռուս մարզչի գլխավորությամբ առաջնության աշնանային հատվածի հաղթող էր ճանաչվել «Արարատ-Արմենիան»՝ 8 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:

VNews-ը տարեվերջյան տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. 17-րդ տուրից  հետաձգված 4 հանդիպումներից 2-ում հաղթեցին դաշտի տերերը, մեկում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, մեկ խաղում գրանցվեց ոչ-ոքի: Առաջնության աշնանային հատվածում անցկացված 99 հանդիպումներից 36-ում հաղթել են դաշտի տերերը, 40-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 23 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց ընդամենը 6 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,5 գոլ): Եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի 13-ին կայացած տուրի մեկնարկային խաղում («Վան»-«Ալաշկերտ») ընդամենը մեկ գոլ էր գրանցվել, ապա 17-րդ տուրն ընթացիկ առաջնության ամենասակավագոլ տուրն էր: Մինչև այդ, ամենացածր արդյունավետությունը գրանցվել էր 11-րդ, 12-րդ և 16-րդ տուրերում, որոնցում խփվել էր 8-ական գնդակ: Առաջնության աշնանային հատվածում անցկացված 99 հանդիպումներում գրանցվել է 226 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,28 գոլ):

Առաջնության աշնանային հատվածի վերջին գոլի հեղինակն «Ուրարտուի» հարձակվող Դմիտրո Խլյոբասն էր:

2. Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» երկրորդ անգամ հաղթեց «Փյունիկին», որի հետ անցկացրած նախորդ 4 խաղերից 3-ում պարտվել էր, մեկն ավարտել էր ոչ-ոքի: «Ուրարտուն» խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց: Մինչև այդ, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 6 անպատասխան գնդակ էր ուղարկել «Նոայի» դարպասը, 4-1 հաշվով էլ պարտության էր մատնել ԲԿՄԱ-ին:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» զգալի առաջընթաց է ունեցել՝ 21 միավոր ավելի վաստակելով: Հիշեցնենք, որ 2021-22թթ. առաջնության 20 հանդիպումներից հետո «Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ 26 միավորով ընթանում էր 6-րդ տեղում:

3. «Արարատ-Արմենիան» առաջնությունում 10-րդ անպարտելի խաղն անցկացրեց: Այդ հանդիպումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը տարել է 7 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է «Փյունիկից»՝ հոկտեմբերի 17-ին կայացած խաղում զիջելով 1-2 հաշվով:

4. «Փյունիկի» անպարտելի 9 խաղերի շարքն ընդհատվեց: Այդ ընթացքում փյունիկցիները 5 հաղթանակ էին տոնել, 4 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Նախորդ պարտությունը փյունիկցիները կրել էին հոկտեմբերի 9-ին՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատին»:

5. «Արարատին» կրկին չհաջողվեց հաղթել ԲԿՄԱ-ին՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 հանդիպումներում էլ հաղթել էր ԲԿՄԱ-ն: Վերջին անգամ «Արարատը» ԲԿՄԱ-ին պարտության էր մատնել անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին՝ 2-1:

6. «Լեռնային Արցախն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտվեց «Արարատ-Արմենիային»՝ կրկին զիջելով նվազագույն հաշվով: Արդեն 5 խաղ, 524 րոպե շարունակ «Լեռնային Արցախը» չի գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլն արցախցիները խփել են նոյեմբերի 6-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպման 16-րդ րոպեին Վալդո Բիլունգայի հարվածի շնորհիվ: Առաջնության վերջին 7 խաղերում «Լեռնային Արցախը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

7. Ուգոչուկվու Իվուն բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ խփելով «Ուրարտուի» կազմում 8-րդ գոլը: Նա ընդգրկվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:

8. Մուսա Փոլ Բակայոկոն Fastex ՀՊԼ-ում 20-րդ գոլը խփեց: Այդ ցուցանիշով նա եզրափակում է «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականների քառյակը: 23-ական գնդակով ցանկը գլխավորում են Մորի Կոնեն և Ժան Ժակ Բուգուհին, որին հետևում է Լամին Լի Յորոն, որի հաշվին 21 գոլ է գրանցված: Բակայոկոն 4 գնդակով «Շիրակի» լավագույն ռմբարկուն է:

9. Նախորդ տուրում «Ալաշկերտի» հետ խաղում «Արարատում» նորամուտը նշած Գոռ Մանուկյանը կրկին անառիկ պահեց դարպասը: Նա ընթացիկ առաջնության մասնակից միակ դարպասապահն է, որ գոլ բաց չի թողել: Մինչև ընթացիկ մրցաշրջանը, Գոռ Մանուկյանը Fastex ՀՊԼ-ում վերջին խաղն անցկացրել էր 2017-18թթ. առաջնությունում՝ 2018թ. մարտի 17-ին «Ալաշկերտի» հետ կայացած մրցավեճում պաշտպանելով «Փյունիկի» դարպասը:

10. 26-ամյա Վսևոլոդ Երմակովը Fastex ՀՊԼ-ում 137-րդ խաղն անցկացրեց ու կրկնեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը: Ռուս դարպասապահը 2022թ. օրացուցային տարում կայացած առաջնության հանդիպումներում 16-րդ «չոր» խաղն անցկացրեց ու գերազանցեց Վալերիո Վիմերկատիի տարիքային ռեկորդը: Ընթացիկ առաջնությունում Երմակովը 11-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, 5 «չոր» խաղ էլ անցկացրել էր նախորդ առաջնության գարնանային հատվածում «Արարատի» դարպասը պաշտպանելիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա