Logo

«Բատիգոլի հետնորդը». Ով է Դուշան Վլահովիչը, որին տենչում է ամբողջ Եվրոպան

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:11 / 15.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Իտալիայի այս առաջնությունը գրեթե բոլոր առումներով բացառիկ է։ Որպեսզի չխորանանք բոլոր մանրուքների մեջ, բավական է նայել միայն մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներին։ Կալչիոյի հնաբնակ երկրպագուները նոստալգիկ հայացքով են միանշանակ նայում 1-7-րդ տեղերն զբաղեցնող թիմերին. այստեղ բոլոր թոփերն են, միայն «Պարման» է պակասում։ Այստեղ է նաև «Ֆիորենտինան», որը 32 միավորով հանգրվանել է լավագույն 8 թիմերի շարքում ու ակտիվորեն պայքարում է՝ հաջորդ տարի եվրագավաթներում Իտալիան ներկայացնելու համար։ Այդ հարցում թիմին օգնում է անգերազանցելի հարձակվող Դուշան Վլահովիչը, որի հետևից ընկած է ամբողջ Եվրոպան։

Համառոտ ներկայացնենք մի քանի թիվ, որպեսզի «բանից անտեղյակ» ֆուտբոլասերները պատկերացում կազմեն՝ ով է Դուշան Վլահովիչը.

  • Միայն 2021 թվականի ընթացքում Դուշանն Ա Սերիայում խփել է 33 գնդակ։ Վերջին 60 տարվա ընթացքում Ապենինյան թերակղզում ոչ մի մարդ նման արդյունքի չէր հասել (Ռոնալդուն էլ է 2020-ին խփել 33 գոլ, բայց դե մենք «կիբորգների» մասին չենք խոսում)։
  • Վլահովիչը 21 տարեկանում արդեն հասցրել է 3 հեթ-տրիկ գրանցել Ա Սերիայում։ Այս ցուցանիշով կարող են գլուխ գովել միայն Կալչիոյի տիտանները՝ Տոտին, Ռոնալդոն, Շևչենկոն ու Զլատանը։
  • Իր տարիքում սերբ ֆուտբոլիստն արդեն դուրս է եկել «Ֆիորենտինայի» լավագույն ռմբարկուների անվանացուցակի 16-րդ հորիզոնական։ Լավագույններից լավագույնին՝ Գաբրիել Բատիստուտային հասնելը բարդ է, բայց նման տեմպերով եթե Վլահովիչը գնաց, հաստատ կհասնի 10-րդ տեղում կանգնած Լուկա Տոնիին (57 գոլ)։

Վլահովիչը 2021-ին այնպիսի ֆուտբոլ է ցույց տվել, որ տրանսֆերային արժեքը բարձրացել է աներևակայելի ձևով։ Ըստ Transfermarkt-ի՝ Վլահովիչի տրասնֆերային իրավունքներն արժեն 70 մլն եվրո։ Եթե հաշվի առնենք, որ Դեմբելեի տրանսֆերային իրավունքներն արժեն 2 անգամ ավելի, 70 միլիոնը կոպեկներ է կատարցի շեյխերի համար։ Այս պահին Վլահովիչի անունը կապում են «հին աշխարհամասի» բոլոր մեծ ակումբների հետ, սակայն մամուլում հիմնականում շրջանառվում է 4 թիմի անուն.

  • Զարմանալի է, սակայն, որ գրեթե ամեն օր հաղորդվում է, որ «Արսենալը» լուրջ պայքար է մղում Վլահովիչի համար ու պատրաստ է վճարել գումարն ամբողջությամբ։ Դրան կարող են նպաստել ակումբների միջև լավ հարաբերությունները (Լուկաս Տորեյրայի վարձավճարը վկա): Բայց «չար լեզուներն» ասում են, որ Վլահովիչը ցանկանում է ավելի մեծ ակումբում խաղալ։
  • Նրա ցանկությունները հենց այնպես չեն. Վլահովիչը գիտի, որ իրենով հետաքրքրված են «Սիթիի» շեյխերը։ Նախորդ տարի «քաղաքաբնակները» կենտրոնացել էին Հարի Քեյնին ձեռք բերելու վրա, սակայն «Տոտենհեմը» դիմացավ։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ գրում են, որ անձամբ Պեպն է ցանկանում իր թիմում տեսնել սերբ հարձակվողին։ Խնդիրները երկուսն են. Նախ՝ եթե և տրանսֆերը տեղի ունենա, ապա միայն ամռանը, իսկ եթե Վլահովիչը շարունակի նույն կերպ (իսկ Վլահովիչը հենց այսպես կշարունակի), նրա տրանսֆերային իրավունքները կարժենան ոչ թե 70, այլ 100 մլն եվրո։ Բացի դրանից, Վլահովիչն իր խաղաոճով գուցե չհարմարվի «Սիթիի» մեխանիզմում (խաղային առանձնահատկությունները՝ ստորև)։
  • «Յուվենտուս» - երևի թե իմաստ էլ չկար գրելու թուրինյան գրանդի անունը։ Բավական է՝ Իտալիայում հայտնվի ինչ որ թույն ֆուտբոլիստ, «Յուվեի» սկաուտներն «Առյուծ արքա» մուլտֆիլմի շնագայլերի պես սկսում են պտտվել նրա շուրջը։ Ըստ շշուկների՝ եղել են նաև որոշակի բանակցություններ։ Վլահովիչն անձամբ է խոսել այլ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։ «Իմ նպատակը «Ֆիորենտինայի» հետ Եվրոպա ներխուժելն է։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի ապագայում։ Նոր ակու՞մբ։ Տեսնենք», - ասել է Վլահովիչը։
  • Մյունխենում հասկանում են՝ Լևանդովսկին հավերժ չէ, ու նրան անպայման փոխարինող է անհրաժեշտ։ Գերմանական մամուլը գրում է, որ «Բավարիան» իր աչքը մի պահ թեքել է Վլահովիչի ուղղությամբ։ Այդ առիթով Կառլ-Հայնց Ռումենիգեն ստիպված է եղել այդ թեմայով խոսել։ «Ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ Վլահովիչին… Մնալ «Ֆիորենտինայում»։ Այդ տարիքում մեծ գումարի հետևից վազելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում», - Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Ամենահարմար տարբերակը, իրոք, «Յուվենտուսն» է։ Ալեգրին ու Անյելին հայտարարել են, որ ցանկանում են ակումբի ապագան կառուցել երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ։ Առավել քան երբևէ «Յուվեն» ունի լավ հարձակվողի կարիք։ Մորատան չի «ձգում», Մոյզե Քինը՝ նույնպես, Կայո Ժորժեն էլ…«չի ձգում», Դիբալան էլ մաքուր հարձակվող չէ։ Բացի դրանից, Վլահովիչն ասել է, որ կցանկանար կարիերան կառուցել հարազատ դարձած Իտալիայում, իսկ Ապենինյան թերակղզում միակ ակումբը, որ կարող է Վլահովիչին տրամադրել կայուն եկամուտ, խաղաժամանակ ու հեռուն նայող պլաններ, միայն «Յուվեն» է («Ինտեր», «Միլան» - ոչ գումարով են մրցակից, ոչ էլ նախագծային հավակնություններով)։

ԻՆՉՊԵՍ ՎԼԱՀՈՎԻՉԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Վլահովիչը «Պարտիզանում» ցույց տված ֆուտբոլի շնորհիվ արդեն 18 տարեկանում հայտնվել էր անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Թվում էր՝ երկնակամարում հայտնված «Ֆիորենտինան» իր համեստ միջոցներով դժվար մրցակցեր «մառախլապատ ալբիոնի» գիգանտների հետ։ Նույնիսկ առաջին կոնտակտը կողմերի միջև հաջող չստացվեց։ Ի սկզբանե «մանուշակագույնների» ղեկավարությունը կապ է հաստատել ոչ թե գործակալների, այլ ֆուտբոլիստի հետ։ Երբ Վլահովիչը խոսափողի մյուս կողմում լսեց իտալերեն խոսող մեկին, կախեց խոսափողը՝ մտածելով, որ իրեն փորձում են մոլորության մեջ գցել։ Սակայն գործակալն իմացավ՝ ինչն ինչոց է, կարգավորեց ամեն ինչ։

Տրանսֆերից տևական ժամանակ անց Վլահովիչը վերջապես խոսեց ընտրության մասին։ Նրա խոսքով՝ տեղափոխության գլխավոր «մեղավորը» պաշտպան Նիկոլա Միլենկովիչն է. «Նա ինձ ծանոթացրեց տղաների հետ և օգնեց հարմարվել։ Ես կարճ ժամանակում զգացի այն քիմիան, որն ինձ պետք էր։ Հիմա «Ֆիորենտինայում» հավաքվել է իսկական սերբական մաֆիա՝ ես, Միլենկովիչը, Թերզիչն ու Նաստասիչը», - ասում է Վլահովիչը։

Մինչև սերբական դեսանտը կժամաներ «Ֆիորենտինա», «մանուշակագույնների» կազմում արդեն փայլում էր Ստեֆան Յովետիչը։ 21-րդ դարի լավագույն սերբերից մեկը Վլահովիչի կուռքն էր։ «Ես 8 տարեկան էի, երբ Յովետիչը Ֆլորենցիայում էր։ Ես հպարտ էի, որովհետև մենք հարևաններ էինք. երկուսս էլ Բալաններից էինք։ Մի օր մորս խնդրեցի ինձ գնել «Ֆիորենտինայի» մարզաշապիկն առանց անվան ու համարի։ Տուն բերելուն պես գունավոր կպչուն ժապավենով տպեցի Ստեֆանի ազգանունն ու նրա խաղահամարը», - DAZN-ի հետ զրույցում անկեղծացել է Վլահովիչը։

Գուցե զարմանալի թվա, բայց այս տեղափոխությանը մեծապես ազդել է նաև Զլատան Իբրահիմովիչը։ Վլահովիչն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ իրեն դուր են գալիս Իբրահիմովիչի խաղաոճն ու ցուցադրած ֆուտբոլը։ Իսկ երբ իրեն համեմատում էին հանրահայտ շվեդի հետ, ասում էր. «Չեմ համարում, որ համեմատությունը տեղին է. նա մեծ չեմպիոն է, նա Զլատանն է, իսկ ես՝ ընդամենը Դուշանը»։

Բնականաբար, նորին մեծություն Իբրան չէր կարող թողնել այս պատմությունն անարձագանք։ Առաջին հանդիպման օրը Իբրան մոտեցել է Վլահովիչին ու ասել. «Ապրե՛ս, աշխատի՛ր քեզ վրա, ու ամեն ինչի իր տեղը կընկնի»։

ՎԼԱՀՈՎԻՉԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

Դուշան Վլահովիչը շատ ուժեղ հարձակվող է, որը գրեթե թույլ կողմ չունի։ Նրա հաջողության գաղտնիքն առանց գնդակի աշխատանքն է։ Սերբ հարձակվողը մյուս «մեծ» հարձակվողների նման չի փորձում իրանով փակել գնդակը՝ պաշտպաններին շրջանցելու համար։ Նա սիրում է «ֆուտբոլային արկն» ստանալ՝ կանգնած լինելով դարպասին թիկունքով։ Դրան հետևում է խաբք ու հարված/փոխանցում։ Իտալիայում նրան հաճախ են համեմատում Ռուդ վան Նիստելռոյի հետ։ Հոլանդացի հարձակվողը «մանկերի» կազմում խփել է 150 գնդակ, որոնցից միայն մեկն է գրանցվել տուգանային հրապարակի սահմաններից դուրս։ Վլահովիչի 48 գոլերից նույնպես միայն մեկն է եղել 16+ մետր հեռավորությունից. 2020/2021 մրցաշրջանում նրա կրակոցից տուժել է խեղճ ու կրակ «Բենևենտոն»։

«Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի խոսքով՝ Վլահովիչն իդեալական է «ձգում» «մանուշակագույնների» ֆուտբոլը։ Տաղանդավոր հարձակվողը կանգնում է պաշտպաններից ու կիսապաշտպաններից հեռու, ստանում է ազատ տարածություն ու ստանում է գնդակն այնտեղ, որտեղ չկա մրցակից։ Դա թույլ է տալիս թիմակիցներին դուրս գալ արագ հակագրոհների։ «Դուշանը հիանալի է կանխագուշակում հաջորդ դրվագը։ Թիմը դուրս է գալիս հակագրոհի, տպավորություն է, թե հարձակվողը ոչ թե մեկն է, այլ երկուսը»։

Վլահովիչն առայժմ այն տարիքում է, որ դեռ կարող է ու պետք է սովորի։ Ամբողջ 2021 թվականին սերբ հարձակվողի խաղն էվոլյուցիա էր ապրում ամեն րոպե։

Օրինակ՝

  • Վլահովիչը 16 գոլ է խփել - նա լավագույնն է այս մրցաշրջանում։
  • «Գոլ+գոլային փոխանցում» ձևաչափով Վլահովիչը լավագույնն է՝ 18 միավոր
  • 20 խաղում 63 հարված դարպասին՝ լավագույն ցուցանիշն Իտալիայում
  • Նույնքան անգամ իր հետ պայքարում ֆուտբոլիստները խախտել են կանոնները։ Այդ ցուցանիշով նույնպես լավագույնն է։

Չնայած բոլոր առանձնահատկություններին ու դրական կողմերին՝ կա մի հանգամանք, որը շատերին ինչ-որ տեղ կարող է մտահոգել։ Ցանկացած հանդիպման ընթացքում կարելի է նկատել, որ պաշտպանվելիս Վլահովիչն անօգուտ է։ Կարելի է ասել՝ «մարզիչը Վլահովիչի փոխարեն դաշտում մի գլուխ պանիր դներ, ավելի օգտակար կլիներ. գոնե ֆուտբոլիստները կուտեին»։ Սակայն «մանուշակագույնների» այսօրվա գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն այլ կարծիք ունի։

«Այո՛, Դուշանը պաշտպանվելու ունակություն չունի, բայց ո՞վ ասաց, որ բոլոր հարձակվողները պետք է կարողանան պաշտպանվել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք նրան ազատել ենք պաշտպանվելուց։ Նույնսիկ մրցակցի գրոհը հետ մղելու մասին մտածելիս մենք մտովի ծրագրում ենք մեր հակագրոհը, որտեղ Վլահովիչը պետք է կատարի ամենագլխավոր դերը։ Դրա համար մենք նրան նույնիսկ թույլ չենք տալիս գալ տուգանային հրապարակ։ Չէ՞ որ մարդկանց մեծ քանակը տուգանայինում խուճապ է առաջացնում։ Մենք առանց նրա էլ ենք պաշտպանվում, հանգի՛ստ թողեք Վլահովիչին», - ասել է Իտալիանոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա