Logo

«Ձրիից մի քիչ էժան». տրանսֆերային շուկան կարող է փոխվել առհավետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
sport preview mbappe - «Ձրիից մի քիչ էժան». տրանսֆերային շուկան կարող է փոխվել առհավետ

2021-ի տրանսֆերային ամառը կարող է հեղափոխական դառնալ ֆուտբոլի պատմության մեջ: Նոր տենդենց է նկատվում. աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները մինչև «վերջ» հրաժարվում են երկարաձգել իրենց գործող պայմանագրերը և հեռանում են անվճար: Տրանսֆերները, երկու ակումբների միջև բանակցություններն ու պայմանավորվածություններն աստիճանաբար զիջում են իրենց տեղը ֆուտբոլիստ-ակումբ բանակցություններին:

Անվճար ձեռքբերումներ իրականացնելու համբավ ուներ «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբը վերջին տասնամյակում կարողանում էր գտնել լավագույն «ձրիներին» ու հիացնում էր մասնագետներին: Բայց նրանք, հիմնականում, տարեց, իրենց խաղային գագաթնակետն արդեն վաղուց անցած ֆուտբոլիստներն էին: Հիմա պատկերը փոխվում է. իրենց դիրքում հենց այս պահին լավագույնը հանդիսացող ֆուտբոլիստներն են անվճար տեղափոխվում այս կամ այն ակումբ:

Նման քայլի գնալու պատճառներից մեկը ֆինանսականն է: Երբ դառնում ես անվճար, քեզ հետ կարող են պայմանագիր կնքել 5-6 ակումբ. այդ ժամանակ գնորդների միջև սկսում է աճուրդի նման բան: Որ ակումբը քեզ ավելի մեծ աշխատավարձ վճարի, կտեղափոխվես այնտեղ: Իսկ այդ դեպքում ֆուտբոլիստի աշխատավարձը լինում է ավելի բարձր, քան կլիներ այն դեպքում, երբ լիներ տրանսֆեր. այն գումարը, որ պետք է գնա ակումբի գրպանը, գնում է ֆուտբոլիստի գրպանը:

Մեկ այլ պատճառ է մարզական առումով գերի չդառնալը սեփական ակումբին: «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և մյուս «չվաճառող» ակումբները, որոնք ունեն մեծ հավակնություններ և չունեն նույնիսկ մեծ գումարների կարիք, բանտարկում են իրենց լավագույն ֆուտբոլիստներին ակումբներում՝ թույլ չտալով նրանց հեռանալ շատ դեպքերում իրենց կամքին հակառակ:

Մեր ընտրանին

Ֆուտբոլիստներ, որոնք բանտարկվեցին իրենց ակումբներում

2019-ին Պոլ Պոգբան պատրաստ էր տեղափոխվել «Ռեալ». Զինեդին Զիդանն էլ Ֆլորենտինո Պերեսին համոզել էր, որ իր հայրենակիցը շատ կարևոր դեր կարող է ունենալ ակումբի հաջողություններում: «Ռեալն» ամեն կերպ փորձում էր կապ հաստատել ՄՅՈւ-ի ղեկավարների հետ, բայց նրանք նույնիսկ բանակցության սեղանին չէին նստում: Պոգբայի ու Զիդանի՝ «Ռեալում» միավորվելու երազանքն այդպես էլ չիրականացավ, քանի որ կար պայմանագիր Պոգբայի ու ՄՅՈւ-ի միջև:

Նույն թվականի ամռանը նաև Նեյմարի «մուրազը փորը մնաց»: ՊՍԺ-ն, առհասարակ, ֆուտբոլիստներին իր ակումբում բանտարկելու մեծ վարպետ է: Ալ-Նասեր Հելաիֆին այդ ամռանը պարզապես ծիծաղեց «Բարսելոնայի» և բրազիլացի ֆուտբոլիստի վրա: ՊՍԺ-ի նախագահը սկզբում մերժեց բանակցել, հետո պահանջեց անհավանական բարձր գին՝ 200-250 մլն, հետո ակումբները սկսեցին բանակցել տարբեր ֆուտբոլիստների՝ գործարքում ներառվելու շուրջ, և երբ թվում էր, որ ընդհանուր հայտարարի գալ կստացվի, ՊՍԺ-ն փակեց Նեյմարի վերադարձի բոլոր դռները: Այդպես էր նաև տարիներ առաջ Մարկո Վերատիի և Տիագո Սիլվայի դեպքում: Կար պայմանագիր ու վերջ:

Ligue 1: Neymar: Still very sad but proud | Marca

Նույն խնդրի առաջ այժմ կանգնած է Հարի Քեյնը: Ճիշտ է՝ «Տոտենհեմը» չվաճառող ակումբ չէ, բայց լոնդոնցիների նախագահ Դանիել Լևին աշխարհի ամենաանցանկալի բանակցողն է յուրաքանչյուր ակումբի ղեկավարի համար: Լևին նույնպես փակում է դռները, պահանջում խելահեղ գումարներ, չի ընդառաջում իր թիմի աստղերին: Դա է պատճառը, որ Բեյլն ու Մոդրիչը ստիպված բոյկոտեցին թիմի մարզումներն ու ստիպեցին Լևիին վաճառել իրենց «Ռեալին»: Քեյնը գնաց այդ քայլին, բայց ոչինչ չստացվեց: Հիմա էլ ամեն ինչ բարդ է. ինչպես Պեպ Գվարդիոլան է ասել, եթե «Տոտենհեմը» չփոխի իր դիրքորոշումը Քեյնի հարցում, տրանսֆերն անհնարին կլինի:

Ֆուտբոլիստների՝ պայմանագիրը չերկարաձգելու պրակտիկան իր մեջ ռիսկեր պարունակում էր/է: Օրինակ՝ երբ Ադրիեն Ռաբիոն «ատամ ցույց տվեց» ՊՍԺ-ին, ակումբի ղեկավարությունը որոշեց ֆուտբոլիստին զրկել խաղային պրակտիկայից և ուղարկել տրիբունա՝ նրա պայմանագրի վերջին տարում: Ռաբիոն, իսկապես, երկար ժամանակ չէր խաղում: Բայց այդ ռիսկի գործոնը հիմա նվազել է, քանի որ ակումբները հիմա իրենց չեն կարող թույլ տալ աստղերին տրիբունաներում պահելը: Մի՞թե, օրինակ, ՊՍԺ-ն տրիբունայում կպահի Մբապեին՝ զրկվելով իր առաջատարներից մեկից, և նրան չխաղալու համար վճարի 25 մլն եվրո: Նույնը նաև մյուսների դեպքում է:

Ալաբան առաջին համարձակն էր

Կարելի է ասել, որ Դավիդ Ալաբան տենդենցի փոփոխության հիմքը դրեց: Ավստրիացին դեռ նախորդ տարի ցանկանում էր հեռանալ «Բավարիայից»: Նրա ծառայություններով հետաքրքրված էին Եվրոպայի ամենաուժեղ ակումբները: Իր աստղերին վաճառելու սովորությամբ աչքի չընկնող «Բավարիան» մերժեց Ալաբային ու նոր պայմանագիր առաջարկեց նրան: Իսկ ի՞նչ արեց Ալաբան. հասկացավ, որ ինքն էլ կարող է մերժել «Բավարիային»: Ի՞նչ էին անելու մյունխենցիները: Պարզապես ևս մեկ տարի էին շահելու, իսկ Ալաբայի նման բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստին բաց էին թողելու անվճար: Եվ այդպես էլ եղավ:

Ալաբան համբերեց, դիմացավ ու 2021-ի հունվարից օգտվեց ազատ բանակցելու իր իրավունքից, բանակցեց անգլիական ու իսպանական գրանդերի հետ: Պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ. նա խաղում է այնտեղ, որտեղ ցանկանում էր ու ստանում է բավական բարձր աշխատավարձ:

Alaba will wear Real Madrid's number 4 - Managing Madrid

Ալաբայի հետքերով ցանկանում են գնել նաև Նիկլաս Զյուլեն և Կորենտին Տոլիսոն, որոնց պայմանագրերն ավարտվում են հաջորդ տարի: Լեոն Գորեցկան ևս ուզում էր այդ քայլին գնալ, բայց «Բավարիան», կարծես, չի ցանկանում, որ Ալաբայի դեպքը կրկնվի, և պատրաստ է առաջարկել Գորեցկային այնքան գումար, որքան պահանջում է ֆուտբոլիստը: Կինգսլի Կոմանն էլ արդեն սկսել է այդ գործընթացը: Նրա պայմանագիրն ավարտվում է 2023-ին:

ՊՍԺ-ն «ջրի գնով» երազանքների թիմ հավաքեց

Բոլորը ցնցված են ՊՍԺ-ի անցկացրած տրանսֆերային պատուհանից: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր ինչ-որ ակումբ մեկ-երկու ամսվա ընթացքում ձեռք կբերի «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագներին, այդ տարվա Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին, Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկին և ամենահեռնկարային աջ պաշտպանին՝ ծախսելով ընդամենը 60 մլն եվրո. «Եթե մենք ստիպված լինեինք վճարել այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, ապա կծախսեինք 500 մլն եվրո», – հայտարարել է ՊՍԺ-ի նախագահ Ալ-Նասեր Հելաիֆին:

Եվ Հելաիֆին չի սխալվում: Փարիզցիներն օգտվեցին անվճար տրանսֆերների ակցիայից ու բոմբեցին: Դոնարուման, Վեյնալդումը, Ռամոսն ու Մեսին ազատ գործակալներ էին. նրանք չշտապեցին ժամանակից շուտ երկարաձգել իրենց ակումբների հետ պայմանագրերը՝ մինչև իրենց ուզած պահանջները չիրականացվեին: Մեսիի դեպքը բացառություն է, բայց մյուսները, չերկարաձգելով պայմանագիրը, գերշահավետ պայմաններով տեղափոխվեցին այն ակումբ, որը ցանկանում էին: ՊՍԺ-ն էլ, որ պատրաստ է բոլորից ավելի շատ վճարել, «Յուվենտուսի» ձեռքից փախցրեց Դոնարումային, «Բարսելոնայից» էլ խլեց Վեյնալդումին:

PSG: Presentations by Messi, Ramos, Wiginal Dam, Hakimi and Donalma au Parc des Princes - Worldakkam

«Բարսելոնան» կարևոր գոտիներ փակեց՝ առանց մի կոպեկ վճարելու

«Բարսելոնան» էլ օգտվեց նոր-նոր առաջ եկող իրավիճակից:

Կատալոնական ակումբն ուժեղացրեց պաշտպանությունը՝ անվճար ձեռք բերելով խոստումնալից Էրիկ Գարսիային: Կատալոնիա տեղափոխվեց նաև փորձառու հարձակվող Սերխիո Ագուերոն, դե իսկ «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 մլն եվրո, նույնպես ազատ գործակալի կարգավիճակում և անվճար պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ: Համաձայնեք, որ անվճար համալրումների տեսանկյունից բավական շահավետ գործարքներ են:

Ֆուտբոլիստներ, որոնք կարող են/փորձում են գնալ այս ճանապարհով 2022-ին

  • Կիլիան Մբապե. Կիլիան Մբապեն արդեն որոշել է՝ չի երկարաձգելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ու թեկուզ ոչ այս տարի, բայց հաջորդ ամռանը կհեռանա Փարիզից: ՊՍԺ-ն այս տարիների ընթացքում նույնիսկ չի էլ լսել նրա վերաբերյալ առաջարկների մասին, շարունակում է չլսել Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու ցանկությունը, իսկ Հելաիֆիի՝ վերջին ժամանակների հռետորաբանությունն ամենևին չի օգնում ակումբին. «Մբապեն հավերժ ՊՍԺ-ում է խաղալու», «Մբապեն մնում է և վերջ», «Մենք ուժեղ թիմ ենք հավաքել ու Մբապեն այլ ելք չունի, քան մնալը»: Այս հայտարարություններով նա ապացուցում է, որ չի հարգում ֆուտբոլիստի դիրքորոշումն ու հաշվի չի առնում նրա կամքը: Մբապեն էլ լավ հասկանում է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում հայտնվելու ոսկու մեջ, բայց՝ վանդակում, որից չի կարողանալու երբեք դուրս գալ: Ի՞նչ ունի կորցնելու Կիլիանը. նա կմնա ևս մեկ տարի, երբ կլինի ընդամենը 23 տարեկան, իսկ հետո՝ անվճար կտեղափոխվի «Ռեալ»: Նրան ոչ ոք չի կարող խանգարել դա անելու գործում: Գնդակը Մբապեի դաշտում է:
  • Պոլ Պոգբա. Պոգբան նույնպես կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ չերկարաձգելով պայմանագիրը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն:
  • Կրիշտիանու Ռոնալդու. Այնպես չէ, որ Ռոնալդուն բանտարկված է «Յուվենտուսում», բայց նրա կարիերայի շարունակության հարցում ավելի շահավետ է ակումբից հեռանալ անվճար: Այդպես նա չի սպասի, թե ում հետ կպայմանավորվի «Յուվեն», իսկ աշխատավարձը կլինի ավելի բարձր:

Президент ПСЖ ответил на вопрос о будущем Мбаппе после прихода Месси :: Футбол :: РБК Спорт

Լորենցո Ինսինյեն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Պաոլո Դիբալան, Հուգո Լյորիսը, Էդուարդո Կամավինգան և մի շարք այլ ֆուտբոլիստներ նույնպես չեն շտապում երկարաձգել իրենց պայմանագրերը, որոնց ժամկետը լրանալու է գալիք ամռանը: Ֆուտբոլիստները սկսում են հասկանալ, որ այդպես նրանք են սկսում թելադրել բոլոր պայմանները, մի փոքր ուշ, բայց խաղում են այն ակումբներում, որտեղ ցանկանում են: Գրանդները պետք է առաջիկա տարիներին գտնեն այս նոր տենդենցի հակախաղը, ինչն անելն ամենևին էլ հեշտ չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա