Logo

«Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից ես, բայց քիչ ես խաղում». «Փյունիկի» լեգեոների դերի փոփոխությունը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:26 / 24.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Կարաբալյո

«Փյունիկը» վերջին ամիսներին Հայաստանում լավագույնն է ոչ միայն արդյունքներով, այլ նաև տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքով: Ակումբը երկար ժամանակ չեմպիոնական հավակնություններ ուներ, իսկ ձմռանը կատարած տրանսֆերների շնորհիվ կարողացավ զարգացման նոր քայլ կատարել: Այդուհանդերձ, հիմա թիմին չեմպիոնությունից մեկ քայլ չէր բաժանի, եթե մինչև այդ ակումբում եղած ֆուտբոլիստները լուրջ ներդրում չունենային թիմի արդյունքներում: Այդպիսի ֆուտբոլիստներից մեկը հարձակվող Խոսե Կարաբալյոն է:

Վենեսուելացին 2021 թվականի փետրվարին տեղափոխվեց Հայաստան և անմիջապես դարձավ «Փյունիկի» առաջատարներից մեկը (3 գոլ և 3 ասիստ): Այժմ նրա կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է թիմի ջոկերներից մեկը, որը, փոխարինման մտնելով, փոխում է խաղը (8 գոլ + 3 ասիստ):  

VNews.am-ը զրուցեց Կարաբալյոյի հետ, որը պատմեց թիմի, Հայաստան գալու որոշման, Եղիշե Մելիքյանի մարզչական մոտեցման, «Արարատ-Արմենիայի» հետ մրցակցության և ֆուտբոլիստների հետ ընկերության մասին:

-  Դուք միայն իսպաներեն եք խոսում: Հայաստանում ինչպիսի՞ն է կյանքը իսպանախոս մարդու համար.

- Դժվար է: Դա զգացվում է բոլոր առումներով՝ մարզչի հետ շփումից մինչև շոփինգի գնալիս: Բայց հետզհետե սկսում ես սովորել կոմունիկացվել: Փորձում եմ անգլերենս բարելավել, գնում եմ դասընթացների:

- «Փյունիկում» ու հայկական մյուս թիմերում նույնպես իսպանախոս ֆուտբոլիստներ կան, նրանց հետ շփվու՞մ եք.

- Շատ լեգեոներների հետ եմ շփվում՝ բրազիլացիների, վենեսուելացիների, սերբերի, իսպանացիների, ինչպես նաև մեր թիմի ավագ Գևորգ Ղազարյանի, որը մի փոքր խոսում է իսպաներեն: Եթե ավելի կոնկրետ, շատ մոտ եմ Զամբրանոյի, Գայիչի, Գոնսալեսի հետ:

- Իսկ այլ ակումբների՞ց.

- «Արարատ-Արմենիայից» Անգուլո Վբեյմարի, մյուս կոլումբացիների և ընդհանրապես իսպաներեն խոսող բոլոր խաղացողների հետ:

- Իսկ այն հանգամանքը, որ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» մրցակցում են չեմպիոնության համար, չի ազդու՞մ այդ թիմի խաղացողների հետ Ձեր շփման վրա.

- Ո՛չ, ընդհանրապես: Յուրաքանչյուրս մարզվում և խաղում է հաղթանակի համար, բայց ֆուտբոլից դուրս մեր հարաբերություններին դա չի խանգարում:

Արարատ-Արմենիա 111

- Դուք ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանում եք ու նախկինում երբեք Եվրոպայում չէիք խաղացել. ինչպե՞ս առաջացավ «Փյունիկ» տեղափոխվելու տարբերակը.

- Իմ գործակալի միջոցով: Նա և «Փյունիկի» մարզական տնօրենը շատ լավ հարաբերություններ ունեն: Նույն գործակալի միջոցով, օրինակ, «Ուրարտու» են տեղափոխվել այլ ֆուտբոլիստներ:

- Երբ 2021 թվականի սկզբին տեղափոխվում էիք Հայաստան, «Փյունիկն» առաջնության հետնապահներից էր. ի՞նչ գիտեիք ակումբի մասին.

- Գիտեի այն ամենը, ինչ բոլորը, այսինքն, որ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր և հաջողակ ակումբն է: Դա ինձ շատ մոտիվացրեց այս թիմ տեղափոխվելու համար: Նաև կար Եղիշե Մելիքյանի գործոնը, որը ցանկանում էր մրցունակ թիմ կառուցել և խաղալ եվրագավաթներում:

- Ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները թիմից ու ընդհանուր ակումբից.

- Սկզբում ամեն ինչ չէ, որ լավ էր, թիմը հետնապահների թվում էր: Մեկնարկային կես տարուց հետո արդեն հասկանում էինք, որ «Փյունիկը» լուրջ հավակնություններով թիմ է: Կարճ ժամանակում կարողացանք չեմպիոնական թիմ դառնալ և հիմա շատ մոտ ենք տիտղոսը նվաճելուն:

- Հայկական ֆուտբոլից տպավորություններն ինչպիսի՞ն են: Ավելի հե՞շտ, թե՞ բարդ ֆուտբոլ էիք սպասում.

- Ինձ դուր է գալիս: Շատ գրավիչ է, մրցակցությունն էլ բարձր մակարդակում է: Հենց խաղամակարդակը հաշվի առնելով՝ որոշեցի կես տարի այստեղ անկացելուց հետո 1 տարով էլ երկարաձգել պայմանագրիս ժամկետը:

- Մենք հաճախ լսում ենք, որ հարձակողական ոճի ֆուտբոլիստի համար դժվար է Հայաստանում խաղալ, որովհետեւ մրցակիցները պաշտպանողական ոճով են գործում...

- Այո՛, շատ դժվար է հարձակվողների համար: Այստեղ դժվար է անցնել պաշտպաններին և օդային մենապայքարներում հաղթել:

- Ի դեպ, օդային մենապայքարների մասին. Դուք 168 սմ հասակ ունեք, շատ բարձրահասակ չեք, բայց ընթացիկ առաջնությունում գլխով արդեն 3 գոլ եք խփել: Ինչի՞ շնորհիվ եք այդպես կարողանում.

- Կարծում եմ՝ դա իմ ուժեղ կողմերից է: Ցածրահասակ եմ, սակայն բարձր եմ ցատկում և գլխով լավ հարվածում:

- Մրցաշրջանի մեկնարկում «Փյունիկը» խաղում էր առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի, Դուք ու Ուգո Ֆիրմինոն հերթով հայտնվում էիք այդ դիրքում: Ինչպե՞ս էիք զգում այդ դիրքում.

 - Երկուսիս համար էլ բարդ էր, որովհետև մենք նոմինալ կենտրոնական հարձակվող չենք: Ինձ համար լավագույն դիրքը ենթահարձակվողինն է: Հարմար եմ զգում նաև եզրից խաղալիս:

- Այդուհանդերձ, նոյեմբերին ճանաչվեցիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպե՞ս հասաք նման նվաճման՝ հաշվի առնելով, որ Ձեր լավագույն դիրքում չէիք խաղում.

- Իսկապես տարօրինակ է հնչում, որ ամսվա լավագույն ես դառնում, երբ քո դիրքում չես խաղում: Գոլերն ու ասիստները շատ օգնեցին, ինչպես նաև կարևոր դերակատարում ունեցան թիմային լավ խաղը և հաղթանակները:

- Դուք արդեն 1,5 տարի է՝ «Փյունիկում» եք: Ո՞ր ժամանակահատվածն եք համարում Ձեր խաղում լավագույնը.

- Ընթացիկ մրցաշրջանի սկիզբը՝ օգոստոս-նոյեմբեր ամիսները:

Արարատ-Արմենիա 222

- Ձմռանը «Փյունիկը» լուրջ համալրումներ ունեցավ ու Դուք սկսեցիք ավելի քիչ հայտնվել մեկնարկային կազմում: Ինչպե՞ս արձագանքեցիք այդ հանգամանքին.

- Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ես և հանկարծ սկսում ես քիչ խաղալ: Ես տարբերակ ունեի այլ թիմ տեղափոխվելու, բայց նախընտրեցի մնալ, պայքարել և դառնալ չեմպիոն:

- Ձմեռային դադարի դրությամբ «Արարատ-Արմենիան» 8 միավորի առավելություն ուներ, ու շատերը վստահ էին, որ հենց նրանք են չեմպիոն դառնալու: «Փյունիկում» ե՞րբ սկսեցին մտածել չեմպիոնության մասին.

- Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք հիշում էինք, որ ակումբը և մարզիչները չեմպիոն դառնալու նպատակ են դրել մեր առջև: Երբ 8 միավորով հետ էինք, դրանից ավելի համախմբվեցինք, լավ տրանսֆերներ կատարեցինք, նորեկներն ուժեղացրին թիմը, մյուսներն էլ իրենց լավագույն մարզավիճակին հասան, և այդ ամենի շնորհիվ հիմա շատ մոտ ենք տիտղոսին:

- Համաձա՞յն եք, որ տարբեր հոգեբանական տրամադրվածություն է, երբ հետապնդողի դիրքում եք, իսկ հետո դառնում եք առաջատար, ու արդեն ձեզ են հետապնդում: «Փյունիկի» դեպքում դա ազդու՞մ է թիմի վրա.

- Ո՛չ, առաջատար դառնալուց հետո մեր հոգեբանության մեջ ոչինչ չփոխվեց: Մեզ մոտ միշտ էլ խաղից խաղ առաջ գնալու մոտեցումն է և փորձում ենք հաղթել բոլոր հանդիպումներում: Սակայն իմ կարծիքով՝ «Արարատ-Արմենիայի» դեպքում հոգեբանական գործոնն իսկապես կար: Նրանք, 8 միավորի առավելություն ստանալով, ավելի հանգստացան:

- Դրա մասին խոսե՞լ եք «Արարատ-Արմենիայում» խաղացող Ձեր ընկերների հետ.

- Ո՛չ, մենք ֆուտբոլի մասին գրեթե չենք զրուցում:

- «Փյունիկի» մարզումները որքանո՞վ են տարբերվում Հարավային Ամերիկայի ակումբների մարզումներից ու ինչո՞վ.

- Իրականում շատ չեն տարբերվում: Ֆուտբոլն ամեն տեղ էլ նույնն է, պարզապես ժամանակի հետ ավելի մոդերնիզացվում է:

- Եղիշե Մելիքյանի մասին... Ինչպիսի՞ մարզիչ է նա.

- Որպես մարզիչ՝ հրաշալի է, որպես մարդ՝ ավելի լավը: Նա շատ լավ գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը: «Փյունիկի» ուժեղ կողմն այն է, որ շատ համախմբված ենք: Այդ ամենը Մելիքյանի շնորհիվ է:

- Խաղերին նախապատրաստելիս Մելիքյանն ինչի՞ վրա է շատ ուշադրություն դարձնում.

- Անհատների հետ աշխատանքի և կենտրոնացվածության վրա: Ինչ տակտիկա էլ ընտրենք, եթե ֆուտբոլիստը կենտրոնացված չլինի, այդ տակտիկան չի աշխատելու:

Արարատ-Արմենիա 333

- «Փյունիկում» ո՞ր ֆուտբոլիստներն են Ձեզ ամենաշատը տպավորել.

- Գևորգ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը, Ուգո Ֆիրմինոն, Սերժ Դեբլեն, Ռենցո Զամբրանոն, Ալեքս Գոնսալեսը...

- Իսկ մյուս ակումբների՞ց.

- Առաջին հերթին կառանձնացնեմ Էրիկ Վարդանյանին, որը հիմա «Ուրարտուում» է խաղում, բայց մենք միասին խաղացել ենք «Փյունիկում», և տեսել եմ նրա որակները: Նա առաջնության լավագույններից է: Ի դեպ, բացի հիանալի ֆուտբոլիստ լինելուց, նաև լավ է խոսում իսպաներեն: Կնշեմ նաև Մաիլսոն Լիմայի անունը, որը թոփ մակարդակի խաղացող է: Նրա պես կան 4-5 ֆուտբոլիստներ, որոնք բարձրացնում են առաջնության խաղամակարդակը:

- Եթե «Փյունիկը» չեմպիոն դառնա, խաղալու է Չեմպիոնների լիգայում, որտեղից էլ կարող է շանս ստանալ խաղալ եվրագավաթների խմբային փուլում: Դուք մտադի՞ր եք մնալ «Փյունիկում» նաեւ հաջորդ մրցաշրջանում.

- Իմ պայմանագիրը գործում է մինչև մայիսի 31-ը: Այժմ բանակցում ենք այն երկարաձգելու շուրջ: Ես առաջարկներ ունեմ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Հարավային Ամերիկայից: Բայց հիմա իմ բոլոր մտքերը չեմպիոն դառնալուն են ուղղված: Միայն դրանից հետո որոշում կկայացնեմ ապագայիս շուրջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա