Logo

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը մեդալների հավակնորդների թվում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:09 / 13.03.2023Շախմատ
Ռոբերտ Հովհաննիսյան

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սպիտակներով 74-րդ քայլին հաղթելով անգլիացի Ջոն Վիլոուին, վաստակեց 7 միավոր:

Վերջին տուրից առաջ Հովհաննիսյանը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Ալեքսեյ Սարանային և Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին: 12 շախմատիստներ էլ վաստակել են 7,5-ական միավոր: Հայ գրոսմայստերը մեդալ նվաճելու որոշ հնարավորություններ ունի:

Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Սլովենիայի ներկայացուցիչ Մաթեյ Սեբենիկի հետ, Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող Դանիիլ Դվիրնիի հետ: Միավորը բաժանեցին նաև Գաբրիել Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Վոլոդար Մուրզինը, Հայկ Մարտիրոսյանն ու թուրք Էդիզ Գուրելը, Մանուել Պետրոսյանն ու հունգարացի Ադամ Կոզակը:

Հաշտություն կնքած 5 հայ շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր և դեռ հնարավորություն ունեն պայքարելու դրամական մրցանակների ու աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար:

Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթեց թուրք Ալփարսլան Իսիկին, Ալեքս Սահակյանը պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդրա Շվեդովային: Տուրը հաղթական էր նաև Սարգիս Մանուկյանի և Արմեն Բարսեղյանի համար:

Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Վահե Դանիելյանը պարտվեցին:

Մարտի 13-ին կայանալիք 11-րդ տուրի մրցախաղերով Եվրոպայի առաջնությունը կավարտվի: Հիշեցնենք, որ 100 հազար եվրո մրցանակային հիմնադրամը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 23 շախմատիստների միջև, որոնք նաև աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր կստանան:

Եվրոպայի չեմպիոնը կպարգևատրվի 20 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 15 և 10 հազարական եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա