Logo

Էդգար Բաբայանը միացել է դանիական Սուպերլիգայի հետնապահին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:57 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Էդգար Բաբայան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել մրցաշրջանի գարնանային հատվածին պատրաստվող դանիական «Վայլե» ակումբի հետ։

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 26-ամյա հայ խաղացողն արդեն բուժզննում է անցել և պայմանագիրն ստորագրելուց հետո միացել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող դանիական թիմին։ Նշվում է, որ «Վայլեի» մարզական մենեջեր Մարիուս Ադրիան Նիկոլայեն անչափ գոհ է համալրումից։ Նա ընդգծել է, որ Բաբայանը ցանկալի խաղացող է գլխավոր մարզիչ Պետեր Սյորենսենի համար։

«Էդգար Բաբայանը նորեկ չէ դանիական Սուպերլիգայում։ Ստացել ենք լավ որակներով օժտված և հոգեբանորեն պատրաստ խաղացողի։ Միաժամանակ, նա ունի դանիական անձնագիր, արտասահմանում աշխատելու փորձ և ունակ է հընթացս ներգրավվելով կազմում՝ ներդրում ունենալ մեր առջև դրված կարևոր խնդրի լուծմանը։ Էդգարի գալով՝ հնարավորություն ենք ստանում նաև խաղացողների տեղափոխություններ կատարել կազմում և ուժեղացնել հարձակման գիծը։ Էդգարի ստորագրության համար պայքարել ենք այլ ակումբների հետ։ Կարծում եմ՝ նա կարող է կարճ ժամանակում նպաստել Սուպերլիգայում մնալու մեր խնդրի լուծմանը, և այդ դեպքում ամռանը կքննարկենք մեր համագործակցությունը շարունակելու հարցը»,- նշել է մարզական մենեջերը։

Բաբայանը ներկայացվում է որպես անչափ մոտիվացված խաղացող, որն անհամբերությամբ սպասում է թիմին միանալուն, նախ և առաջ Սյորենսենի հետ աշխատելուն։

«Միշտ էլ կարծել եմ, որ «Վայլեն» հետաքրքիր ակումբ է՝ համալրված միջազգային մակարդակի լավ խաղացողներով։ Այլ թիմի կազմում այս թիմի դեմ խաղալիս միշտ զգացել եմ, թե որքան բուռն են երկրպագուներն աջակցում իրենց ֆուտբոլիստներին։ Պետեր Սյորենսենը ճանաչում է ինձ և ծանոթ է որակներիս։ Դա կարևոր գործոն է ինձ համար, ուստի ամեն ինչ կանեմ, որպեսզի նպաստեմ նրան, որ գարնանը մեր թիմը զարմացնի ֆուտբոլային Դանիային։ Լավ մարզավիճակում եմ և անհամբերությամբ եմ սպասում նոր ակումբակիցներիս հետ առաջին մարզմանը։ Ցանկանում եմ խաղալ լիարժեք ներդրումով և հասնել արդյունքների»,- ասել է Բաբայանն ակումբի մամուլի ծառայությանը։

Հայ ֆուտբոլիստը վերջերս խզել է պայմանագիրը Կիպրոսի «Պաֆոս» ակումբի հետ։ Դանիայում նախկինում հանդես է եկել «Հոբրո» թիմի կազմում։

«Վայլեն» Դանիայի և Եվրոպայի հնագույն ակումբներից է. այն հիմնադրվել է 1891 թվականին։ Եղել է երկրի 5-ակի չեմպիոն և 6-ակի գավաթակիր։ Ընթացիկ առաջնությունում 17 խաղում վաստակած 9 միավորով միայնակ եզրափակում է Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա