Logo

Էդգար Բաբայանը հեռացել է կիպրական թիմից. նա առաջարկներ ունի Հունաստանից, Դանիայից և Նորվեգիայից 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:27 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Edgar Babayan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը ժամկետից 6 ամիս շուտ է խզել պայմանագիրը Կիպրոսի առաջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող «Պաֆոս» ակումբի հետ՝ հաղորդում է bold.dk-ն։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը գոհ չէր ակումբում իր կարգավիճակից, քանի որ անցյալ տարվա սեպտեմբերից մասնակցել է ընդամենը 6 հանդիպման։ Այժմ արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Բաբայանի ծառայություններով հետաքրքրված են Հունաստանի, Դանիայի և Նորվեգիայի սուպերլիգաների ակումբներ։

Հայ կիսապաշտպանն անցյալ տարվա ամռանը «Պաֆոս» էր տեղափոխվել լատվիական «Ռիգայից», որի կազմում հասցրել էր մասնակցել Չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների ընտրական հանդիպումների։ Ի դեպ, երկու ակումբներն էլ պատկանում են նույն սեփականատիրոջը։ Ընթացիկ մրցաշրջանում Բաբայանը մասնակցել է ընդհանուր առմամբ 13 խաղի։ 

Էդգար Բաբայանն ավելի քան 1 տարի առաջ էր հեռացել դանիական ֆուտբոլից՝ խզելով պայմանագիրն առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոյի» հետ, որի կազմում հանդես է եկել 4 տարի։ Այդ ընթացքում մասնակցել էր 111 խաղի, դարձել 20 գոլի և 23 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Իսկ ֆուտբոլային կրթությունն ստացել է դանիական մեկ այլ ակումբում՝ «Ռանդերսում»։

26-ամյա ֆուտբոլիստն 9-ը հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա