Իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում՝ տեղեկացնում է ռուսաստանաբնակ լրագրող Արարատ Մամբրեյանը։
«Դրա մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ 20-ամյա կիսապաշտպանը ներկա է եղել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև խաղին։ Բացառված չէ, որ հենց այդ օրերին է հանդիպել ՀՖՖ ղեկավարությանը, և ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն»,- գրել է լրագրողը:
Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին «երկաթուղայինների» կազմից տեղափոխվել է «Լևանտե»։ Նախորդ մրցաշրջանում այդ ակումբի երկրորդ թիմում հանդես է եկել Սեգունդա Բ-ում, որում անցկացրած 13 խաղում խփել է 1 գոլ։
Ավելի վաղ Սևիկյանը հայտարարել էր, որ «Լևանտեի» հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգի:
Էդգարը 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, խաղացել է նաև այդ երկրի բոլոր տարիքային հավաքականներում: