Logo

Էդուարդ Սպերցյան․ «Լրջորեն ենք պատրաստվում Թուրքիայի դեմ խաղին» (ֆոտո, տեսանյութ)

19:34 / 20.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 20-ին անցկացրեց բաց մարզում, որի վերջում ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացավ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Մրցանակը ստանալուց հետո 22-ամյա ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով և խոսեց Թուրքիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Շատ ենք սպասում այդ հանդիպմանը, լրջորեն պատրաստվում ենք։ Հուսով եմ, որ հաջողությունը կլինի մեր կողմը և կկարողանանք հաղթել։ Իհարկե, դա պատմական հանդիպում է մեզ համար, առավելագույն պատրաստվում ենք և ցուցաբերում պրոֆեսիոնալ մոտեցում։ Շատ ենք խոսում Թուրքիայի դեմ խաղի մասին, քանի որ շատ ենք սպասում դրան։ Միայն հանդիպման անվանումը մոտիվացնում է։ Պետք է լինել պրոֆեսիոնալ և անել մեր գործը խաղադաշտում։

Այսօր անցկացրինք ամբողջական մարզում, որից առաջ ծանոթացել էինք ծրագրին, ամեն բան հասկանալի էր։ Պատրաստվում ենք խաղին։ Մարզումային գործընթացքում փոփոխություն կա, քանի որ յուրաքանչյուր մարզիչ ունի իր պահանջները։

Հավաքականի նորեկները շատ լավ տղաներ են, Նաիրին ճանաչում եմ։ «Բավարիայի» երիտասարդական թիմի խաղացողն ու Գեորգին «Կրասնոդարից» շատ տաղանդավոր են։ Կարծում եմ՝ լավ ուժեղացում է մեր հավաքականի համար»,- նշել է Էդուարդ Սպերցյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում Էդուարդ Սպերցյանը հավաքել էր 76 միավոր և առաջ անցել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը հավաքել էր 74 միավոր։ 20 միավորով լավագույն եռյակը եզրափակել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա