Logo

El Tigre-ի փառահեղ վերադարձը. ինչը խանգարեց Ֆալկաոյին դառնալ տասնամյակի լավագույն հարձակվողը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
E 4NFu VgAM7dcS - El Tigre-ի փառահեղ վերադարձը. ինչը խանգարեց Ֆալկաոյին դառնալ տասնամյակի լավագույն հարձակվողը

Ռադամել Ֆալկաո անունը վերադարձել է ֆուտբոլ, վերադարձել է Լա լիգա: Նրա անունը տեսնում ենք լուսատախտակին, նրա լուսանկարները կրկին տեսնում ենք թերթերի առաջին էջերում: Կոլումբացին տեղափոխվեց «Ռայո Վալեկանո» ու արդեն 2 գոլ է խփել իր նոր թիմի կազմում:

Այս ամենը հրաշալի առիթ է վերհիշելու Ֆալկաոյին՝ լավագույն գոլահարներից մեկին, որն, անկասկած, կարող էր շատ ավելի մեծ հետք թողնել ֆուտբոլում: Այդուհանդերձ՝ կոլումբիացին ունեցավ հետաքրքիր կարիերա՝ իր վերելքներով ու վայրէջքներով: Վերհիշենք նրա անցած ուղին ու հասկանանք՝ ինչու նա չհասավ այն բարձունքներին, որոնց պետք է հասներ:

Ծնունդը՝ «Ռիվեր Փլեյթում»

Ֆալկաոն 18 տարեկան էր, երբ նրան նկատեցին «Ռիվեր Փլեյթից»: Արգենտինական անվանի ակումբում Ֆալկաոն արդեն սկսեց ցույց տալ իր լավագույն որակներն ու պարզ էր, որ վաղ թե ուշ նա հայտնվելու է Եվրոպայում:

Ֆալկաոն ի ծնե գոլահար էր, որը ոչնչից կարող էր ստեղծել գոլեր: Ֆալկաոն 9 համարի բացառիկ օրինակ էր՝ նա կարողանում էր որսալ գնդակն ու այն ուղարկել մրցակցի դարպասը՝ որքան էլ բարդ լիներ իրավիճակը: Նա չուներ բարձր հասակ, բայց ցատկում էր ու հաղթում օդային մենամարտերում, գլխով կատարած հարվածները դիպուկ էր, ֆիզիկապես էլ՝ շատ ամուր: Ֆալկաոն ուներ նաև հարվածի այնպիսի տեխնիկա, որ կարող էր գրավել դարպասը սուր անկյունից, հեռվից, մի քանի պաշտպանի մեջ շրջափակված լինելով, աջ ոտքով, ձախով, պտտեցրած հարվածով: Ռադամելի ունիկալ խաղաոճը տարբերում էր նրան դասական հարձակվողներից, որոնք պարզապես սպասում էին տուգանային հրապարակում թիմակիցների փոխանցումներին՝ մոտ տարածությունից գոլ խփելու համար:

Falcao #9ine | Club atlético river plate, Radamel falcao, River plate

«Ռիվեր Փլեյթում» Ֆալկաոյի հատկապես վերջին 2 մրցաշրջանը տպավորիչ էր, որոնցում նա, համապատասխանաբար, խփեց 19 և 16 գոլ: Հենց այդ ժամանակ էլ Ֆալկաոն ստացավ El Tigre (թարգմանաբար՝ «վագրը») մականունը, որն իրեն տվեց «Ռիվերում» իր խաղընկեր Գոնսալո Լուդուենյան:

«Պորտու»

2009-ին տեղի ունեցավ ամենասպասվածը՝ Ֆալկաոն տեղափոխվեց Եվրոպա, մասնավորապես՝ «Պորտու»՝ ակումբ, որտեղ լատինամերիկացի ֆուտբոլիստները հրաշալի հնարավորություն են ունենում հարմարվել եվրոպական ֆուտբոլին, ունենալ կայուն խաղաժամանակ և իրենց ուժերը փորձել ամենաթոփ թիմերի դեմ խաղերում՝ մասնակցելով Չեմպիոնների լիգային:

Ֆալկաոյի համար «Պորտուն» դարձավ այդ հարթակը: Այստեղ անցկացրած 2 մրցաշրջանում նա ֆանտաստիկ արդյունավետություն ցույց տվեց. առաջին մրցաշրջանում Ֆալկաոն անցկացրած 43 խաղում խփեց 34 գոլ, երկրորդում՝ 42 խաղում 38 գոլ: 2010/11 մրցաշրջանում բոլորը Ֆալկաոյի մասին էին խոսում, երբ նա Եվրոպա լիգայում 14 խաղում 17 գոլ խփեց ու դարձավ ԵԼ մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ գերազանցելով Յուրգեն Կլինսմանի ռեկորդը (15): «Պորտուն» ԵԼ այդ խաղարկությունում դարձավ նաև հաղթող:

Alert Falcao earns Porto advantage | UEFA Champions League | UEFA.com

Ֆալկաոն հրաշալի հարմարվել էր եվրոպական ֆուտբոլին, ծանոթ էր այդ մշակույթին ու պատրաստ էր թռիչքին:

«Ատլետիկո»

2011-ի օգոստոսին Ֆալկաոն 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո»:

Իր նոր թիմում Ֆալկաոն ինտեգրվեց միանգամից. արդեն սեպտեմբերի 18-ին նա իր առաջին հեթ-տրիկը գրանցեց մադրիդյան թիմի կազմում: «Ատլետիկոյի» համար այդ տարիները պատմական էին՝ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ ակումբի պատմության մեջ նոր էջ էր բացվում, Ֆալկաոն էլ գլխավոր դերակատարներից էր: Մինչ այդ տարիները իսպանական միջակ ակումբը գրավեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, Ֆալկաոն էլ դարձավ 36 գոլի հեղինակ: Բայց այդ տարի El Tigre-ի գլխավոր նվաճումը Եվրոպա լիգայում էր, որտեղ նա 12 գոլ խփեց, եզրափակիչում դուբլի հեղինակ դարձավ «Ատլետիկի» դեմ խաղում, 2-րդ տարին անընդմեջ դարձավ ԵԼ-ի լավագույն ռմբարկուն ու դարձավ նաև պատմության առաջին ֆուտբոլիստը, որ 2 անգամ անընդմեջ հաղթում է Եվրոպա լիգան 2 տարբեր ակումբների կազմում:

Ֆալկաոն աշխարհի լավագույն հարձակվողն է: Ես չէի փոխի նրան նույնիսկ Ռոնալդուի ու Մեսիի հետ. «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսո

Բայց լավագույնը դեռ առջևում էր: 2012/13 մրցաշրջանում Ֆալկաոն բացեց իր ամբողջ ներուժն ու ցույց տվեց իր լավագույն ֆուտբոլը: ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթային «Չելսիի» դեմ խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Ատլետիկոյին»: Այդ խաղից հետո նա անկասելի էր. անցկացրած 41 խաղում Ռադամելը դարձավ 34 գոլի հեղինակ ու, ինչպես ասել էր Էրնան Կրեսպոն՝ «մարդկանց շրջանում Ֆալկաոն լավագույնն էր» (այսինքն՝ Ռոնալդուից ու Մեսիից բացի): Այդ մրցաշրջանում կոլումբացին մեկ խաղում 5 գոլ հեղինակեց «Դեպորտիվոյի» դարպասը: Որպես պարգև՝ մրցաշրջանի վերջում «Ատլետիկոյի» հետ հաղթեց նաև Արքայական գավաթը՝ եզրափակիչում պարտության մատնելով «Ռեալին»:

Atletico Madrid: Free sex to celebrate the title! - Africa Top Sports

Վնասվածքներն ու սխալ որոշումը փոխեցին Ռադամելի կարիերան

Այն, որ Ֆալկաոն 2013-ի ամռանը հեռանալու էր «Ատլետիկոյից», կասկած չէր հարուցում: Նա, ըստ բոլոր կանխատեսումների, պետք է խաղար Եվրոպայի ամենաուժեղ գրանդներից մեկում («Ռեալը» և «Չելսին» ցանկանում էին գնել նրան), բայց Ֆալկաոն անսպասելի որոշում կայացրեց՝ ընտրելով նոր կազմավորվող «Մոնակոն», որտեղ ստանալու էր բավական բարձր աշխատավարձ: Այս իրադարձությունից հետո, սակայն, Ֆալկաոյի կարիերայի ազատ անկումը սկսեց:

El Tigre-ն ոչ միայն ընտրեց ոչ թոփ համարվող ակումբ, որ նույնիսկ Չեմպիոնների լիգայում չէր խաղում, այլ նաև ստացավ նոր հարված. «Մոնակո» տեղափոխվելուց ամիսներ անց Ֆալկաոն ստացավ ծանր վնասվածք՝ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածն ու Մունդիալ 2014-ը: Վնասվածքներն, առհասարակ, դժոխքի վերածեցին Ֆալկաոյի կարիերայի հետագա տարիները:

Knocking Man United loan star Radamel Falcao out of World Cup brought me DEATH THREATS reveals French part-timer - Mirror Online

«Ալտետիկոյում» նա ոչ մի վնասվածք չէր ստացել, բայց Մադրիդը լքելուց հետո մինչև այս պահը՝ 8 տարվա ընթացքում Ֆալկաոն 18 (!!!) վնասվածք է ստացել «Մոնակոյում», «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Գալաթասարայում» խաղալու ժամանակ: «Մոնակոյում» նա 10 տարբեր լրջության վնասվածքներ է ստացել ու բաց թողել 44 հանդիպում, բայց դրանցից ամենածանրը ծնկի խաչափև կապանների պատռվածքն էր, որը ֆուտբոլիստն ունեցել էր դեռ «Ռիվեր Փլեյթում» խաղալու ժամանակ: Այդ վնասվածքից Ֆալկաոն երկար ժամանակ չէր կարողանում ապաքինվել ու սովորել էր խաղալ ցավերով: Դա, բնականաբար, ազդում էր ֆուտբոլիստի թե՛ ֆիզիկականի, թե՛ վստահության վրա:

2014-ին Ֆալկաոն հասկացավ, որ պետք է ուժերը փորձել գրանդ ակումբում ու վարձավճարով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բայց արդեն ուշ էր, նա այլևս նախկին Ֆալկաոն չէր: «Յունայթեդում» նա անցկացրած 29 խաղում խփեց 4 գոլ: Հաջորդ տարի, կրկին վարձավճարով, տեղափոխվեց արդեն «Չելսի», որտեղ պատկերը շատ ավելի խայտառակ էր. անցկացրած 12 խաղ ու խփած 1 գոլ: Լոնդոնյան ակումբում էլ Ֆալկաոն լուրջ վնասվածք ստացավ ու շարքից դուրս եկավ 4 ամսով:

Falcao blow as Manchester United striker is ruled out for fortnight - Eurosport

«Վերջին պարը» «Մոնակոյում»

Այդուհանդերձ, Ֆալկաոն «Ատլետիկոյից» հեռանալուց հետո մեկ լավ մրցաշրջան անցկացրեց: 2016/17 մրցաշրջանը լավագույններից է «Մոնակոյի» պատմության մեջ, որում իր ներդրումն ունեցավ նաև Ֆալկաոն: Անհավանական մասշտաբների ու քանակի տաղանդներից Լեոնարդո Ժարդիմը գերհարձակողական ու արդյունավետ թիմ էր ստեղծել. Ֆաբինյո, Բերնարդու Սիլվա, Լեմար և իհարկե Կիլիան Մբապե: Այս երիտասարդների կողքին պետք էր վետերան-առաջատար, որն էլ դարձավ Ֆալկաոն:

«Մոնակոն» այդ մրցաշրջանում արեց անհավանականը՝ Ֆրանսիայի չեմպիոնության պայքարում հաղթեց ՊՍԺ-ին ու նվաճեց Լիգա 1-ը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» և «Բորուսիայի» արգելքը: Ֆալկաոն 36 խաղում խփեց 24 գոլ:

World Fame 100 - Why Radamel Falcao's revival in Monaco is a triumph for Colombia

Եվս երկու մրցաշրջան «Մոնակոյում» անցկացնելուց հետո կոլումբացին տեղափոխվեց «Գալաթասարայ», արժանացավ ֆանտաստիկ ընդունելության թուրք ֆուտբոլասերներից, բայց Ստամբուլում էլ վնասվածքները հետապնդեցին նրան: «Գալաթասարայում» խաղալու առաջին իսկ ամսում նա «աքիլեսյան գարշապարի» վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս: Հետագայում նա մանր ու միջին մկանային վնասվածքներ ստացավ ու այդպես էլ չկարողացավ վայելել ֆուտբոլը Թուրքիայում:

Մեր ընտրանին

«Ռայո Վալեկանոն» ու երկրորդ կյանքը

2021-ի ամռանը Ֆալկաոն որոշում է ֆուտբոլային «ծերությունն» անցկացնել Իսպանիայում՝, որտեղ նա իր լավագույն խաղն է ցուցադրել և ակումբում, որտեղ ճնշում չի զգա: «Ռայոյում» նրա նորամուտը ավելի քան ստացված է. խաղադաշտում անցկացրած ընդամենը 35 րոպեում Ֆալկաոն արդեն դարձել է 2 գոլի հեղինակ (2 խաղում փոխարինման դուրս գալով): Վալյեկասում Ֆալկաոն նոր ընտանիք է գտել ու երկրորդ կյանք սկսել: Երկրպագուներն արդեն սիրում են նրան (2500 ֆուտբոլասեր հերթ էր կանգնել նրա շնորհանդեսի ժամանակ): Ֆալկաոն չի տեղափոխվել «Ռայո»՝ կարիերան ավարտելու: Ամենևին: Նա ցանկանում է այս ակումբի երկրպագուների կուռքը դառնալ ու բավարար մարզավիճակ հավաքել՝ 2022-ին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

As in the old days: Falcao took San Mamés with a great goal in the 96th minute [Video] - American Post

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա