Logo

Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ․ Դանիել Չպուգքարյանին Դանիել Վարուժան դարձրած ճանապարհը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:19 / 20.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի, 
երբոր երազն անմահ է։
 

Մարգարեի անվամբ կոչվածը

Գրիգոր Չպուգքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին, երբ Գրիգորը Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի գրություններն էր թերթում, բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա․․․ Նա դեռ չգիտեր, թե Աստված ինչ շնորհով է օծել իր որդուն, որի պոեզիան թթվածնի պես հոգու շունչ է տալու ընթերցողին:

20-րդ դարի արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Դանիել Վարուժանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում՝ 1884 թվականի ապրիլի 20-ին։ Իսկական ազգանունը Չպուգքարյան է, Վարուժանը կեղծանունն է, վարուժան են ասում արու թռչնին։

Lurer.com | Ցավն հաճույքին և հաճույքները ցավին. Դանիել Վարուժան

Սովորել է գյուղի վարժարանում, 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում։ 1902-ին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց։ Այնտեղ գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։  Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան։ 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Դասավանդում է Սեբաստիայի Արամյան վարժարանում, հետո տեղափոխվում Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

1915-ի ապրիլի 24-ին Վարուժանին ձերբակալել են թուրք ոստիկանները։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը։ 1915-ի օգոստոսի 26-ին՝ տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:
«Ցորյանի ծովեր»

 

«Կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի»

Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել թարգմանություններ։ 

ՎԱՐՈՒԺԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ / ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ | Գրական Թերթ

Ականատեսների վկայությամբ՝ Վարուժանը համարձակ երիտասարդ էր՝ լի արարելու անզուսպ ջիղով։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: 

Խոսելով վերածննդի դարաշրջանի իտալական և ֆլամանդական արվեստի ազդեցության մասին՝ Վարուժանն ընդգծում էր, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ 

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

«Ձոն»

 

«Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»

Արաքսիի (այդպես էր Վարուժանի կնոջ անունը) հայրը`Միրճան Թաշճյանը, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով սիրելի դստեր ցանկությանը` Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է՝ իբրև ուսուցիչ, հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու: 

Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից՝ անկախ իր կամքից, ծնողների ցանկությամբ:
Սակայն, դա խոչընդոտ չդարձավ միմյանցով հմայված երիտասարդների սիրո համար: Աղջիկը հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան հետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:

Արեվելք - Արևելք լրատուական

Ասում են, որ Վարուժանը նույնիսկ ծրագրում էր ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն: Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած՝ առաջ է գալիս նորը; 

Արաքսիի մորեղբայրը` Տիգրանը, որն աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ծրագրում է Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ: Հարազատները միաձայն որոշում են, որ Արաքսին պետք է հնազանդի՝ ուզի, թե ոչ: Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս: Նշանդրեքի օրն աղջիկը կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Դանիել Վարուժանի մեծ սերն ու Լալագեն

Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի նա վերջապես ազատ թողնի աղջկան: Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էֆենտին հուզվում է և ասում, որ շնորհավորում է Վարուժանին և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ: Աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել։

Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Նրանց առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծագործությունը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը` Հայկակը, որին Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել, և որը ծնվեց նրա սպանվելու օրը․․․ Երեք զավակներն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, աղջիկը` Նյու Յորքում։

Դանիել Վարուժանի մեծ սերն ու Լալագեն 

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
«Անդաստան»
 

 

Վարուժանից

  • Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին։
  • Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական... 
  • Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա։
  • Ըստ ինձ և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային... 
  • Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ։
  • Ըստ իս՝ գեղեցիկը դպրոց չունի. գեղեցկությունը բազմանկյուն հատվածակող մըն է. մեծ արվեստագետին հոգին վերեն ուղղահայաց նայող արևու պես այդ բյուրեղե հատվածակողմին ամեն անկյուններեն շողեր կ'արձակե։
  • Իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է։

 

Վարուժանին

  • Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ։ Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց։ (Սերգեյ Գորոդեցկին. ռուս բանաստեղծ, թարգմանիչ)
  • Չեմ վախնար գրելու. «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»։ (Հակոբ Օշական)
  • Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն, ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում, բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը։ (Վալերի Բրյուսով)
  • Վարուժանը հայ ժողովրդի վիշտն ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը։ (Սիլվա Կապուտիկյան)
  • Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կը կրե... իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ՝ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ։ (Տիգրան Չյուկյուրյան)
  • Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով... Դանիել Վարուժանը ի՜նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են: (Սեն Ժոն Պերս. ֆրանսիացի գրող)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա