Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Երբ Կումանը լավագույններից էր. ինչպես է անգլիական ակումբը նշանակում և հեռացնում մարզիչներին

Հաջողակ մարզիչին չեն փոխում: Այդ սկզբունքով էր երկար ժամանակ առաջնորդվում «Էվերթոնը», որը, օրինակ, Դևիդ Մոյեսի հետ 11 տարի շարունակ ինքնատիպ ֆուտբոլ էր ցուցադրում:  Ամեն ինչ փոխեց Ալեքս Ֆերգյուսոնը, որը 2013 թվականին որոշեց ավարտել մարզչական կարիերան, և իր փոխարեն առաջարկեց նշանակել Մոյեսին: Նման հնարավորություններից չեն հրաժարվում, այդ պատճառով շոտլանդացին թողեց լիվերպուլյան թիմը և մեկնեց Մանչեսթեր: Պարզվեց՝ առանց Ֆերգյուսոնի «Յունայթեդից» շատ երկար ժամանակ կպահանջվի՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը կրկին դառնալու համար, բայց 2014-ին դրա մասին դեռ չգիտեին և մեղավոր ճանաչեցին Մոյեսին՝ հեռացնելով պաշտոնից:

«Էվերթոնն» էլ, զրկվելով իր երկարամյա մարզիչից, սկսեց անվանի և ոչ այնքան մասնագետների հրավիրելու շքերթ, որն օգուտ չի տալիս: 1888 թվականից մինչև 2013-ը 125 տարի է, բայց այդ ընթացքում լիվերպուլյան ակումբն ընդամենը 20 հիմնական մարզիչ էր փոխել: Դրան հաջորդող 9 տարում՝ արդեն 6 հիմնական մարզիչ և 4 ժամանակավոր:

Ովքե՞ր են փորձել փոխարինել Մոյեսին և ինչու՞ են հեռացվել...

Ռոբերտո Մարտինես (2013-2016)՝ 143 խաղ, միջինը՝ 1,56 միավոր խաղում

«Էվերթոնն» իսկապես չէր ուզում բաց թողնել Մոյեսին, բայց հունիսի սկզբին կարողացավ նրան փոխարինող գտնել: Ռոբերտո Մարտինեսն Անգլիայում հայտնի էր դարձել «Ուիգանի» հետ աշխատանքով, որի հետ դարձել էր Անգլիայի գավաթակիր և միաժամանակ դուրս մնացել Պրեմիեր լիգայից: Իսպանացին դարձավ «Էվերթոնի» պատմության առաջին մարզիչը, որն ազգությամբ բրիտանացի կամ իռլանդացի չէր: Նրա տեղափոխության համար «կապույտները» 1,5 միլիոն ֆունտ վճարեցին:

Նորամուտը հիասքանչ էր. 6 անընդմեջ անպարտելի շարք, ինչն աննախադեպ էր «Էվերթոնի» մարզիչների համար: Շարունակությունը նույնպես հիասքանչ էր: Մարտինեսի հետ թիմը գրավեց 5-րդ տեղը: Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո (1992 թվական) ռեկորդային թվով հաղթանակներ (21) և վաստակած միավորներ (72): Ոգևորված լիվերպուլցիները նոր՝ 5 տարվա պայմանագիր առաջարկեցին մարզչին այն դեպքում, որ նախորդը նախատեսված էր ևս 3 տարով:

Սակայն ոգևորությունն այդքանով ավարտվեց: Լիվերպուլյան թիմը 4 տարի անց՝ եվրագավաթներ վերադառնալուց հետո, չդիմացավ մի քանի ճակատով խաղին և 2014/15 մրցաշրջանն ավարտեց 11-րդ տեղում: Հաջորդ տարի իսպանացին «Էվերթոնին» հասցրեց Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, բայց նորից ձախողվեց Պրեմիեր լիգայում: Արդյունքում առաջնության ավարտից մեկ տուր առաջ պաշտոնանկ եղավ:

Ռոնալդ Կուման (2016-2017)՝ 58 խաղ, միջինը՝ 1,48 միավոր

Լեգենդար ֆուտբոլիստը մինչև Անգլիա մեկնելը հասցրել էր մարզել հոլանդական բոլոր երեք թոփ ակումբները՝ «Այաքսը», «Ֆեյենորդն» և ՊՍՎ-ն, բայց դա Կումանի համար նորմալ երևույթ է: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նույնպես նա խաղացել է այդ բոլոր երեք թիմերում: 2014 թվականին Ռոնալդը «Սաութհեմփթոնում» փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոյին: Արգենտինացին կառուցել էր Անգլիայի ամենաինտենսիվ ֆուտբոլը ցուցադրող թիմը, և Կումանը, ոչինչ չփչացնելով, կարողացավ նույնիսկ ավելի լավ արդյունքների հասնել: Նիդեռլանդցու գլխավորությամբ «սրբերը» գրավեցին 8-րդ, իսկ հաջորդ տարի՝ 7-րդ տեղը: Եվրագավաթի ուղեգիր նվաճելուց հետո Կումանը պատրաստ էր նոր մարտահրավերի:

2016-ին նա ընդունեց «Էվերթոնի» առաջարկը և թիմին վերադարձրեց եվրագավաթներ: Պրեմիեր լիգայում լիվերպուլցիները գրավեցին 7-րդ տեղը: Կումանի թիմում փայլում էր Ռոմելու Լուկակուն, որը խփած 25 գոլով դարձավ առաջնության երկրորդ ռմբարկուն (զիջեց միայն Հարի Քեյնին, 29 գոլ): Ընդհանրապես, վերջին 10 տարում լիվերպուլյան թիմն ամենաարդյունավետը եղել է հենց Կումանի օրոք (62 գոլ 2016/17 առաջնությունում): 

2017-ի ամռանը Լուկակուի հեռանալը և Կումանի հետ առաջին հաջողություններն Անգլիայի 9-ակի չեմպիոնին ստիպեցին բացել քսակը: «Էվերթոնը» 203 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ ձեռք բերեց. դա ակումբի պատմության ամենածախսատար տրանսֆերային պատուհանն է:

 Թվում էր, թե արդեն հիմա «Էվերթոնն» առաջ քայլ կկատարի, բայց դրա փոխարեն 10 քայլ հետ գնաց: Հոկտեմբերին 22-ին «Էվերթոնը» 2:5 հաշվով պարտվեց «Արսենալին», և թիմը հայտնվեց վտանգավոր գոտում: Հաջորդ օրը նիդեռլանդցի մարզիչը հեռացվեց: Ավելի ուշ Կումանը հայտարարեց, որ հարաբերություններն ակումբի ղեկավարների հետ լարվել էր ամռանը, երբ նա հրաժարվել էր Լուկակուի փոխարինողի դերում տեսնել Օլիվյե Ժիրուին:

Դևիդ Անսուորթ (2017)՝ 8 խաղ, միջինը՝ 0,9 միավոր

«Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը երկրորդ անգամ էր դարձել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջինը Ռոբերտո Մարտինեսի պաշտոնանկությունից հետո էր, և իր միակ խաղում Անսուորթը հաղթել էր: Այս անգամ անգլիացին յուրահատուկ շանս ուներ հաստատվելու որպես մշտական մարզիչ, քանի որ ակումբը չէր կարողանում Կումանին փոխարինող գտնել: Բայց Մ23 թիմի մարզչին չհաջողվեց թանկարժեք նորեկների թիմին հաղթանակների ուղի տանել. 8 մրցավեճում՝ ընդամենը 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 5 պարտություն:

Մեկ ամիս անց «Էվերթոնն» ունեցավ նոր մարզիչ

Սեմ Էլարդայս (2017-2018)՝ 26 խաղ, միջինը՝ 1,42 միավոր

«Բիգ Սեմը» հայտնի է՝ Պրեմիեր լիգայի ծանր իրավիճակում գտնվող թիմերին Չեմպիոնշիփում հայտնվելուց փրկելով: Որքան էլ անսպասելի էր, բայց «Էվերթոնը» հանկարծ հայտնվել էր նման իրավիճակում: Էլարդայսը մինչև այդ հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին, սակայն հանուն լիվերպուլցիների՝ փոխեց որոշումը:

Անգլիացին աշխարհի ամենախիստ մասնագետներից է և անմիջապես կարողացավ սթափեցնել թիմին: Նշանակումից 2 օր անց «էվերթոնը» հաղթեց «Հադերսֆիլդին», իսկ հետո չպարտվեց ևս 6 խաղում: «Էվերթոնում» հիմքը նույնն էր, ինչպես «Բիգ Սեմի» մյուս թիմերում՝ սկզբում ամուր պաշտպանություն, հետո՝ մնացածը: Այդ անպարտելի 7 խաղերում «սկաուզերները» գոլ բաց չթողեցին:

Էլարդայսը կարողացավ վտանգավոր գոտում գտնվող թիմին բարձրացնել և առաջնությունն ավարտել 8-րդ տեղում: Բայց թիմի երկրպագուները շնորհակալ չեղան: Նրանք ավելի հարձակողական ոճի ֆուտբոլ էին պահանջում: «Էվերթոնը» լիգայի ամենաքիչ հարվածներ կատարող թիմն էր (20-րդ տեղ): Արդյունքում՝ ակումբի ղեկավարները պաշտոնանկ արեցին Սեմին:

Մարկու Սիլվա (2018-2019)՝ 60 խաղ, միջինը՝ 1,38 միավոր

Զուգահեռաբար Անգլիայում մարզչական նոր աստղ էր ծագել: Մարկու Սիլվան համեստ «Էշտոլիրին» դարձրել էր Պորտուգալիայի գավաթակիր, տիտղոսներ նվաճել «Սպորտինգի» և «Օլիմպիակոսի» հետ, այնուհետև՝ շանս ստացել Անգլիայում: «Հալ Սիթիին» պորտուգալացին չկարողացավ փրկել ԱՊԼ-ից դուրս մնալուց, երբ մրցաշարի ավարտից երեք տուր առաջ նախընտրելի դիրքում էր: Այնուհետև հետաքրքիր աշխատանք կատարեց «Ուոթֆորդում»՝ գրավելով 14-րդ տեղը և առաջարկ ստացավ «Էվերթոնից»:

Սիլվան «Էվերթոն» էր գալիս որպես առաջադեմ մտքերով մասնագետ, մարդ, որը փոխում է ոչ միայն իր թիմերը, այլև ազդում ամբողջ լիգայի վրա: «Կապույտներն» էլ հույս ունեին Կումանի և Էլարդայսի պես «օլդսքուլային» մարզիչներից հետո նոր Սիլվայի միջոցով նոր շունչ հաղորդելու թիմի խաղային փիլիսոփայությանը:

Սիլվայի առաջին խաղում «էվերթոնը» հաղթեց 22:0 հաշվով (սխալմունք չկա): Դա ընկերական հանդիպում էր ավստրալական սիրողական թիմի նկատմամբ: Անգլիայի առաջնությունը պորտուգալացին «Էվերթոնի» հետ ավարտեց 8-րդ տեղում, այնպես, ինչպես Էլարդայսը: Բայց ամենաշատը հիշվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը: 1984 թվականից հետո «սկաուզերները» նման խոշոր հաշվով հաղթանակ չունեին ՄՅՈՒ-ի նկատմամբ:

Մյուս մրցաշրջանում կրկնվեց Մարտինեսի և Կումանի պատմությունը: Թիմը կտրուկ արգելակեց և դեկտեմբերի դրությամբ վտանգավոր գոտում էր՝ 18-րդ տեղում: Ակումբի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ լիվերպուլյան դերբիում 2:5 հաշվով պարտությունը:

Կառլո Անչելոտի (2019-2021)՝ 67 խաղ, միջինը՝ 1,6 միավոր

Մարկու Սիլվայի ձախողումից հետո Անգլիայի 9-ակի չեմպիոնին փրկելու համար հրավիրվեց 21-րդ դարի լավագույն մարզիչներից մեկը՝ Կառլո Անչելոտին: Բնականաբար, իտալացին կարողացավ թիմին դուրս բերել վտանգավոր գոտուց: «Էվերթոնը» գրավեց 12-րդ տեղը, սակայն շատ ավելի մոտ էր եվրագավաթային գոտուն, քան՝ հետնապահներին:

Ամռանը «Պապա Կառլոն» կարողացավ «Էվերթոն» հրավիրել իր նախկին խաղացողներից Խամես Ռոդրիգեսին և Ալանին: «Կապույտները» ֆանտաստիկ մեկնարկեցին 2020-21 մրցաշրջանում՝ 7 անընդմեջ հաղթանակ: Դրանից հետո՝ արդյունքների փոքր անկում, սակայն 2020 թվականը թիմն ավարտեց 4-րդ տեղում: 2021-ի փետրվարին «սկաուզերները» դերբիում «Լիվերպուլին» հաղթեցին 2:0 հաշվով: Դերբիում դա «Էվերթոնի» առաջին հաղթանակն էր՝ 2010 թվականից ի վեր և 1999 թվականից հետո՝ առաջինն «Էնֆիլդում»: Այդուհանդերձ, Անչելոտին թիմի ևս մեկ անկայուն շրջան թույլ տվեց, և «Էվերթոնը» Պրեմիեր լիգան ավարտեց 10-րդ տեղում:

Ամռանն իտալացին առաջարկ ստացավ Մադրիդի «Ռեալից» և վերադարձավ իսպանական ակումբ: Մոյեսի հեռանալուց հետո Կառլոն դարձավ առաջին մարզիչը, որից լիվերպուլցիները չէին ցանկանում բաժանվել, բայց նա ինքը խնդրեց հեռանալ: 

Ռաֆայել Բենիտես (2021-2022)՝ 22 խաղ, միջինը՝ 1,14 միավոր

Երբ 2015 թվականին Անչելոտին «Ռեալում» պաշտոնանկ էր արվել , նրան փոխարինող էին նշանակել Ռաֆայել Բենիտեսին: Իսպանացին կես տարում ընդամենը 3 պարտություն էր կրել, բայց դրանցից մեկը «Բարսելոնայից» էր խոշոր՝ 0:4 հաշվով: Հունվարին Բենիտեսին փոխարինեց Զիդանը, և սկսվեցին նոր տիտղոսների տարիները:

2021-ին «Էվերթոնում» կարծես չէին լսել այդ պատմության մասին և որոշեցին Անչելոտիին փոխարինել Բենիտեսով: Բնականաբար, երկրպագուները դեմ էին այդ նշանակմանը, որովհետև Ռաֆան երկար տարիներ մարզել էր «Լիվերպուլը»: Մարզչի կյանքին նույնիսկ սպառնալիքներ հնչեցին: Բայց «Էվերթոնն» անվրդով էր: Ավելին՝ իսպանացուն աննախադեպ իշխանություն տվեցին թիմի կառավարման հարցերում: Հենց Ռաֆան էր պատասխանատու սելեկցիոն, բժշկական, կազմակերպչական և այլ բաժինների համար, որոնցում ղեկավար չկար:

Նման իշխանությունը, սակայն, չար կատակ խաղաց «Էվերթոնի» հետ: Հաջող մեկնարկից հետո Բենիտեսի «Էվերթոնը» ձախողվեց: Վերջին 4 ամսում թիմը Պրեմիեր լիգայում տոնել է ընդամենը 1 հաղթանակ և 16-րդ տեղում է՝ վտանգավոր գոտուն շատ մոտ: Ժամանակը ցույց է տվել, որ «սկաուզերների» ղեկավարների համար դա հիմնական առիթն է մարզիչներին հեռացնելու համար: 2022 թվականի հունվարի 16-ին Բենիտեսը պաշտոնանկ արվեց: «Էվերթոնը» հերթական անգամ հսկայական գումար ծախսեց մարզիչների պաշտոնանկության փոխհատուցման վրա:

Դանկան Ֆերգյուսոն (2022-մինչև այժմ)

«Էվերթոնի» երկար տարիների հարձակվողը, որը 2006 թվականին սկանդալով հեռացավ ակումբից՝ հրապարակայնորեն չսեղմելով Դևիդ Մոյեսի ձեռքը, 5 տարի բնակվեց Իսպանիայում: 2011-ին շոտլանդացին զանգահարեց իր հայրենակցին, ներողություն խնդրեց այդ արարքի համար և հնարավորություն ստացավ աշխատելու ակումբի ակադեմիայում:

Հետագայում Դանկանը միացավ Ռոբերտո Մարտինեսի շտաբին, որի պաշտոնանկությունից հետո ընդգրկվեց նաև Կումանի, Էլարդայսի և Սիլվայի շտաբերում: Պորտուգալացու պաշտոնանկությունից հետո շոտլանդացին նույնիսկ 4 խաղ գլխավորեց թիմը:

Այժմ Ֆերգյուսոնը կրկին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է:  Նրան օգնելու է թիմի մեկ այլ լեգենդ Լեյթոն Բեյնսը: Զուգահեռաբար ակումբը նոր մարզիչ է փնտրում և արդեն մերժում է ստացել Ժոզե Մոուրինյուից: «Էվերթոնի» նախընտրելի մյուս տարբերակը Ռոբերտո Մարտինեսին վերադարձնելն է, սակայն Բելգիայի հավաքականի մարզչին դեռ բաց չեն թողնում: Դա կարող է Ֆերգյուսոնի համար այնպիսի շանս դառնալ, որը ժամանակին չէր օգտագործել Դևիդ Անսուորթը:

Անգլիայի 9-ակի չեմպիոնը շարունակում է Մոյեսին լիարժեք փոխարինող փնտրել, բայց դեռ 8 տարի է՝ ապարդյուն: Միգուցե ժամանակն է եկել վստահելու ակումբի նախկին ֆուտբոլիստներից մեկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Բենզեման՝ Մբապեի որոշման մասին. «Ժամանակը չէ մանրուքների մասին խոսելու. շաբաթ խաղալու ենք ՉԼ-ի եզրափակիչում»

  • 17

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը հաղթեց՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

  • 53

VBET ՀՊԼ. «Փյունիկ» - «Արարատ». Մեկնարկային կազմեր

  • 72

Վիկ Դարչինյան. «Այս առաջնությունը մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար»

  • 151

Փաշիկ Ալավերդյան. «Մեդալներ կլինեն. չեմ կարծում, թե ձեռնունայն կվերադառնանք»

  • 153

Մարսելո. «Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»

  • 207

Սիմոնե Ինձագիի տրանսֆերային ծրագիրը

  • 582

Մարսելինո Գարսիա Տորալը հայտարարեց «Ատլետիկից» հեռանալու մասին

  • 173

Մխիթարյանը վերադարձել է «Ռոմայի» ընդհանուր խմբի մարզումներին (ֆոտո)

  • 541

Կապառոսը 29 ֆուտբոլիստի է հրավիրել Հայաստանի հավաքական

  • 748

Բռնցքամարտի ԵԱ. Մրցակցային երկրորդ օրվա մեկնարկն անհաջող էր Հայաստանի համար

  • 212

«Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից ես, բայց քիչ ես խաղում». «Փյունիկի» լեգեոների դերի փոփոխությունը

  • 248

Մազրաուին՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ (ֆոտո, տեսանյութ)

  • 247

Անչելոտին՝ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

  • 397

Սուարես. «Ոսկե գնդակը» միշտ պետք է նա նվաճի»

  • 953

Նիկո Կովաչը՝ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ

  • 116