Logo

Երբեք ուշ չէ. 4 ֆուտբոլիստներ, որոնք պետք է փրկեն իրենց կարիերան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
h 56395868 - Երբեք ուշ չէ. 4 ֆուտբոլիստներ, որոնք պետք է փրկեն իրենց կարիերան

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունենում է անկում կարիերայում, բայց բոլորը չեն, որ կարողանում են վերականգնել մարզավիճակը, կրկին դառնալ այն ֆուտբոլիստը, որին սովոր են տեսնել երկրպագուները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատճառը. վնասվածք, ոչ համապատասխան ակումբ կամ ոչ բավականաչափ պրոֆեսիոնալիզմ:

Այս պահին էլ կան նման իրավիճակում գտնվող բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնցից 4-ի կարիերան, սակայն, դեռ ավարտված չէ, ամեն ինչ դեռ կորած չէ: Ներկայացնում ենք այն ֆուտբոլիստներին, որոնց շատերը մոռացել են, բայց նրանք դեռ ունեն իրենց կարիերան փրկելու շանս:

Իսկո

Իսկոն մոտ 10 տարի առաջ իսպանական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողներից էր: Նա լավ տպավորություն էր թողնում հարազատ «Մալագայում», հետո փայլուն ելույթ ունեցավ Եվրոպայի Մ21 առաջնությունում, ինչից անմիջապես հետո գրավեց իսպանական գրանդ ակումբների ուշադրությունը և տեղափոխվեց «Ռեալ»: «Արքայական ակումբում» նրա մեկնարկը լավն էր, բայց հետագան, ինչպես նրա՝ Մադրիդում անցկացրած 8 տարիները, անկայուն:

«Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում Իսկոն կորցրեց տեղը մեկնարկային կազմում՝ այն զիջելով Անխել դի Մարիային, որն իր օրինակելի աշխատասիրության շնորհիվ հարթեց տեղը հիմնական կազմի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ լինելով եզրային հարձակվող: Հետագայում էլ Իսկոն մեկնարկային կազմի խաղացող չէր: Նա խաղաժամանակ գրեթե միշտ ստացել է, բայց՝ մյուսների բացակայության ժամանակ: Բացառություն էր միայն 2017 թվականը, երբ Իսկոն «Ռեալի» առաջին ու երկրորդ կազմերի «արանքում» խաղալով ցույց տվեց բացառիկ նվիրվածություն ու արդյունավետ խաղ: Իսպանացին սկսեց աշխատել ավելի մեծ ծավալով, ցույց տվեց շատ բարձր արդյունավետություն՝ խփելով կարևոր ու հաղթական գոլեր և մեկնարկային կազմից դուրս մղեց Բեյլին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում Իսկոն էր թիմի մեկնարկային կազմում:

Real Madrid: Isco might finally leave the club this summer

Այդ մարզավիճակը տևեց մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտ: Իսկոն իր կարիերայի լավագույն խաղերից մեկն անցկացրեց Իսպանիայի հավաքականում, երբ դարձավ դուբլի հեղինակ ու իր տեխնիկական հնարքներով մեծ բիծ թողեց Մարկո Վերատիի կարիերայում. «Այսօր Իսկոն նույնիսկ Մեսիից ավելի լավ էր խաղում: Նա ամենաբարդ մրցակիցն էր, որի դեմ երբևէ խաղացել էի», – խաղից հետո սարսափահար խոստովանեց Վերատին: Իսկոն ևս մեկ լավ մրցաշրջան անցկացրեց ու կրկին հայտնվեց թիմի մեկնարկային կազմում ՉԼ եզրափակիչում և կրկին նվաճեց ՉԼ գավաթը:

Բայց հետո Զիդանը հեռացավ, եկավ Լոպետեգին, ամեն ինչ խառնվեց, եկավ Սոլարին, որի հետ Իսկոյի հարաբերությունները վատացան: Նա դարձավ պահեստային ֆուտբոլիստ, ու հետո նույնիսկ Զիդանը չկարողացավ Իսկոյից առավելագույնը քաղել: Այժմ իսպանացին «երկրորդական» ֆուտբոլիստ է թե՛ «Ռեալում», թե՛ Եվրոպայում: Նրա տրանսֆերային արժեքը ցածր է՝ ընդամենը 18 մլն եվրո, մինչդեռ 2018-ին 90 մլն էր:

Ի՞նչ անել. կա 2 տարբերակ

Իսկոն կարիերան շարունակելու երկու շատ պարզ տարբերակ ունի. կամ մնալ՝ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, կամ հեռանալ ակումբ, որտեղ նա կկարողանա վերգտնել իր խաղը: «Ռեալի» կիսապաշտպանության կենտրոնում մրցակցությունը մեծ չէ՝ Մոդրիչը ռոտացիայի ենթարկվելու է, Էդեգորը, կարծես, հեռանում է, Կրոսն էլ հանգստի կարիք կունենա: Բայց Իսկոն «Ռեալում» 4 անգամ դարձել է ՉԼ հաղթող, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոն: Գուցե կա նաև մոտիվացիայի խնդիր: Այնուամենայնիվ՝ 29-ամյա ֆուտբոլիստը դեռ կարող է փրկել կարիերան:

Ֆիլիպե Կոուտինյո

Ֆիլիպե Կոուտինյոն նույնպես չգտավ իրեն այս կյանքում: Բրազիլացին, կարծես, լավ էր սկսել. «Էսպանյոլ», «Ինտեր», հետո՝ «Լիվերպուլ», որտեղ նա դարձավ թիմի առաջատարը, գտավ իրեն թե՛ Բրենդան Ռոջերսի թիմում, որտեղ գերազանց համագործակցության մեջ էր Լուիս Սուարես-Դանիել Սթարիջ զույգի հետ, թե՛ Յուրգեն Կլոպի թիմում, որտեղ էլ փայլում էր Մանե-Սալահ-Ֆիրմինո հարձակման եռյակի թիկունքում: Կլոպի «Լիվերպուլն» այն թիմն էր, որից Կոուտինյոն երբեք չպիտի հեռանար, բայց…

Կոուտինյոն առաջարկ ստացավ իր երազանքների ակումբից՝ «Բարսելոնայից» և չկարողացավ մերժել այդ առաջարկը: Այնպես չէ, որ այդ տրանսֆերը դատապարտված էր ձախողման. «Բարսելոնան» նոր՝ լուրջ քայլ էր բրազիլացու կարիերայում, բայց կատալոնական թիմում նա չկարողացավ ցուցադրել այն ֆուտբոլը, որ կարող էր ու պետք է ցուցադրեր: Ենթահարձակվողի, խաղարկողի դերը զբաղեցրել էր Մեսին, իսկ Կոուտինյոն, որին հիմնականում օգտագործում էին հարձակման ձախ եզրում, վաղուց դադարել էր լինել վինգեր:

Philippe Coutinho - Player Profile - Football - Eurosport

Կոուտինյոյին խաղաժամանակ տրամադրելու և ավելի ուժեղ դառնալու հնարավորություն տալով՝ «Բարսան» զիջեց ֆուտբոլիստին «Բավարիային»: Այստեղ էլ նա չխաղաց այնպես, ինչպես «Լիվերպուլում», բայց գոնե ստանում էր շանս ու իրեն վատ չէր դրսևորում: Կոուտինյոն, ճակատագրի հեգնանքով, նույնիսկ դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում ու «Բավարիայի» հետ հաղթեց ՉԼ-ն: «Բավարիան» պատրաստ էր գնել Կոուտինյոյին, բայց «Բարսելոնայի» պահանջած անհավանական թվերը (100-120 մլն) հրաժարվեց վճարել: Արդյունքում, Կոուտինյոն վերադարձավ «Բարսելոնա» ու կրկին նույն կոտրած տաշտակը. վատ մարզավիճակ կամ վնասվածք: 3 տարվա ընթացքում այս ֆուտբոլիստի կարիերան վերածվեց մղձավանջի:

Ի՞նչ անել. վերադառնալ իրականություն, մերժել փողն ու փրկել կարիերան

«Բարսելոնայի» խնդիրը իրականության զգացումի կորուստն է, Կոուտինյոյի խնդիրը՝ գումարին առաջնահերթություն տալը: Կատալոնական ակումբը պետք է հասկանա և հաշտվի այն մտքի հետ, որ Կոուտինյոն նախկինի պես մեծ հեռանկարներ ունեցող ու գերցանկալի ֆուտբոլիստ չէ, որի համար կվճարեն 100 մլն եվրո, առավել ևս՝ կորոնավիրուսի հետևանքով տրանսֆերային շուկայում առաջացած փոփոխություններից հետո: Կատալոնական ակումբը Կոուտինյոյի վաճառքից պետք է ակնկալի 30-40 մլն:

Կոուտինյոն էլ պետք է հասկանա, որ կարիերան փրկելու համար պետք է տեղափոխվի այլ ակումբ, եթե դեռ ցանկանում է իր հետքը թողնել ֆուտբոլում: Ֆիլիպեն դեռ չի գնում այդ քայլին՝ առաջնահերթություն տալով գումարին. այո՛, նա ստիպված է լինելու գնալ աշխատավարձի կրճատման, որովհետև ոչ մի ակումբ չի վճարի նրան այնքան, որքան նախատեսված է իր գործող պայմանագրով: Բայց մի՞թե ափսոս չէ այն տաղանդն ու տվյալները, որն ունի Կոուտինյոն: Եթե Կումանը վերջնականապես հույսը կտրում է նրանից (իսկ Կումանը նրան նույնիսկ չէր հայտավորել Լա լիգայի առաջին տուրի խաղում), ապա անհապաղ պետք է հեռանալ՝ թեկուզ ավելի թույլ ակումբ:

Դելե Ալի

2015/16 մրցաշրջանի Պրեմիեր լիգայի գլխավոր հայտնությունը «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին էր: Հարի Քեյնից, Քրիստիան Էրիկսենից ու Հյոն Մին Սոնից զատ՝ լոնդոնյան ակումբում փայլում էր երիտասարդ կիսապաշտպանը, որը շատ արագ հայտնվում էր ամսվա խորհրդանշական հավաքականներում, իսկ հետո արդեն՝ Անգլիայի հավաքականում:

20-21 տարեկանում Ալին ցուցադրում էր անհավանական հասուն ֆուտբոլ, ուներ տեխնիկական-ինտելեկտուալ բոլոր տվյալները՝ առաջիկա տասնամյակում իր դիրքում լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար: Ճշգրիտ փոխանցումների բարձր տոկոս, գոլային փոխանցումների մեծ քանակ, լավ խաղ թե՛ աջ, թե՛ ձախ ոտքով, դիպուկ հարվածներ, գեղեցիկ գոլեր…:

2019-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելուն հաջորդող մրցաշրջանում «Տոտենհեմի» խաղում օբյեկտիվ պատճառներով մեծ անկում նկատվեց: 2019/20 մրցաշրջանի մեկնարկն այնքան անհաջող էր, որ լոնդոնյան ակումբում չներեցին նույնիսկ դեռ 3-4 ամիս առաջ «հերոսի կոչում» ստացած Մաուրիսիո Պոչետինոյին ու հեռացրին նրան: Եկավ Ժոզե Մոուրինյոն ու Դելե Ալիի դժոխային օրերը սկսեցին:

Jose Mourinho and Dele Alli urged to reach compromise by Dimitar Berbatov, who warns behind the scenes issues will affect Tottenham

Ըստ «Տոտենհեմին» մոտ կանգնած աղբյուրներից մեկի՝ Football.London-ի, ամեն ինչ սկսել է մարզումներից մեկի ժամանակ Մոուրինյոյի՝ Դելե Ալիի խաղից դժգոհությունից. «Դու չափազանց ծույլ ես», – ասել էր Ժոզեն հենց ֆուտբոլիստին, իսկ հետո արդեն ինքներդ լավ գիտեք՝ ինչպես է լինում: Ալին հայտնվեց պահեստայինների նստարանին, Մոուրինյոն նրան հոգեբանորեն «կոտրեց» ու Ալիի կարիերան գլխիվայր շրջվեց: Ֆուտբոլիստը, որին համարում էին Անգլիայի հավաքականի ապագան՝ Ջեյդոն Սանչոյի հետ միասին, այժմ միջակ կիսապաշտպան է: 2018-ին Ալիի տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո էր, իսկ հիմա՝ 30 մլն: Դելե Ալին նույնիսկ Անգլիայի հավաքական չհրավիրվեց ԵՎՐՈ 2020-ին:

Ի՞նչ անել. սկսել նոր կյանք՝ Նունու Էշպիրիտու Սանտուի հետ

«Տոտենհեմի» կյանքում նոր դարաշրջան է սկսում: Մոուրինյոն հեռացավ, Մեյսոնը ինչ-որ կերպ «յոլա» տարավ նախորդ մրցաշրջանը, իսկ այս մրցաշրջանից Նունու Էշպիրիտու Սանտուի հետ ամեն ինչ սկսում է զրոյից: Սանտուի թիմը, ի դեպ, հրաշալի մեկնարկեց՝ հաղթելով երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Լոնդոնյան ակումբում կադրային առումով էլ ձևափոխություններ կլինեն: Հարի Քեյնի ապագան դեռ անորոշ է, մյուս ֆուտբոլիստներն էլ ավելի մեծ շանսեր կստանան: Ակնհայտ է, որ նրանցից մեկն էլ լինելու է Ալին: Անգլիացին պետք է պայքարի իր սիրելի «Տոտենհեմում» խաղալու, մարզավիճակը վերադարձնելու և կրկին առանցքային խաղացող դառնալու համար: Ընդամենը մեկ տարի անց աշխարհի առաջնությունն է, Ալին էլ 25 տարեկան է: Դեռ ուշ չէ:

Մեր ընտրանին

Դոնի վան դե Բեկ

Դոնի վան դե Բեկը «ոսկե Այաքսի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից էր: Մատեյս դե Լիխտի, Ֆրենկի դե Յոնգի և Հաքիմ Զիեշի հետ միասին հենց Վան դե Բեկը 2018/19 մրցաշրջանում «Այաքսին» առաջնորդեց դեպի երկրի չեմպիոնություն և որ ամենահիշարժանն է՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի 1/4 եզրափակիչում ու կիսաեզրափակիչում նա դարձավ գոլի հեղինակ:

2018/19 մրցաշրջանում Վան դե Բեկը, բոլոր մրցաշարերում միասին, անցկացրած 57 խաղում խփեց 17 գոլ ու կատարեց 13 գոլային փոխանցում: Դե Լիխտը պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ, դե Յոնգը՝ «Բարսելոնայի»: Վան դե Բեկի պահանջարկն էլ բավական մեծ էր: Անգլիական թիմերն ու «Ռեալը» ցանկանում էին գնել նրան: «Արքայական ակումբի» հետ նույնիսկ «Այաքսը» համաձայնության էր հասել, բայց գործարքն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Վան դե Բեկը որոշեց ռիսկի չդիմել ու ևս մեկ տարի սպասել:

2019/20-ում էլ նա արդյունավետ մրցաշրջան անցկացրեց՝ 37 խաղ, 10 գոլ ու 11 գոլային փոխանցում: Վան դե Բեկը նաև դարձավ շատ կարևոր ֆուտբոլիստ Նիդերլանդների հավաքականում (հատկապես՝ Կումանի օրոք): Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Թվում էր՝ տեղափոխվել է համապատասխան թիմ, որտեղ կունենա խաղային ժամանակ:

Donny van de Beek should not have joined Man Utd - Marco van Basten - Eurosport

ՄՅՈւ-ում խաղարկողի դիրքը զբաղեցրել էր Բրունու Ֆերնանդեշը, մնում էր պայքարել կիսապաշտպանության կենտրոնում ամրապնդվելու տարբերակը, բայց այստեղ էլ Վան դե Բեկի ֆիզիկականն ու արագությունը չբավականացրեց, ու նա այդ մրցակցությունում պարտվեց Ֆրեդին ու Մաքթոմինեյին: Տրանսֆերից մեկ տարի անց տպավորություն է, որ Պրեմիեր լիգան, անգլիական ֆուտբոլի արագությունն ու «Մանչեսթեր Յունայթեդն» այն չէր, ինչի կարիքն ուներ Վան դե Բեկը, որի տրանսֆերային արժեքը մեկ տարվա ընթացքում նվազեց 25 մլն եվրոյով:

Ի՞նչ անել. հեռանալ

Անգլիական մամուլը գրում է, որ Ուլե-Գունար Սուլշերը որոշել է այս մրցաշրջանում նոր շանս տալ Վան դե Բեկին, բայց ՄՅՈւ-ում մնալը մեծ ռիսկ է պարունակում՝ վերոնշյալ պատճառներով: Տվյալ դեպքում ճիշտ որոշում կլինի տեղափոխվել այլ ակումբ, այլ առաջնություն ու թիմ, որ կխաղա այլ խաղաոճով: Կվերահսկի գնդակը և ոչ թե գրոհներ կձեռնարկի հիմնական եզրերում, ինչպես «Յունայթեդն» է անում:

Վան դե Բեկը տեխնիկապես զարգացած ու գրագետ ֆուտբոլիստ է, ունի հրաշալի փոխանցումներ և շատ լավ է կարդում խաղը: Նա ընդամենը 24 տարեկան է ու կորցրել է ընդամենը մեկ մրցաշրջան: Նա պետք է արագ ու ճիշտ որոշումներ կայացնի՝ կրկին ֆուտբոլը վայելելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա