Logo

3 հայ ֆուտբոլիստ՝ Ռուսաստանի 35 լավագույն երիտասարդ խաղացողների անվանացանկում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:54 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը և նույն դիրքում խաղացող «Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի անցկացրած հարցման արդյունքներով ընդգրկվել են Ռուսաստանի 35 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների առաջին եռյակում։

12-րդ տեղում է Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն հայտնած «Արարատ-73»-ի լեգենդար խաղացող Ալեքսանդր Կովալենկոյի թոռը, որը կրում է պապի անուն-ազգանունը և ելույթ է ունենում «Կռիլյա Սովետովում»։
Անցկացված հարցմանը մասնակցել են ՌՊԼ-ի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները։

ԶԱԽԱՐՅԱՆԸ 2-ՐԴՆ Է (115 ՄԻԱՎՈՐ)

«Ռուսաստանի ամենավառ երիտասարդ խաղացողը՝ Արսեն Զախարյանը, նախորդ մրցաշրջանում ֆիզիկապես և հոգեպես ամրացավ։ 19-ամյա տղան վերածվեց իսկական առաջատարի՝ «Դինամոյի» կազմում գոլեր արարելով ՌՊԼ-ի առաջնության և երկրի գավաթի խաղարկության խաղերում։

Մրցաշրջանի 34 խաղում նա խփել է 9 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հայտնի է, որ Զախարյանի առաջընթացին հետևել են նաև Եվրոպայում։ Հաջորդ մրցաշրջանը կիսապաշտպանը կանցկացնի «Դինամոյում» և հավանաբար կձգտի դրսևորել իրեն արդեն այլ կարգի հարթությունում»,- նշում է ռուսական աղբյուրը Զախարյանի մասին:

«Նա օժտված է խաղադաշտը տեսնելու և գնդակով աշխատելու փայլուն ունակությամբ։ Մարդը ծավալ է ապահովում։ Զախարյանը վարպետ է:

Արսենը, իր տարիքի համեմատ, բավական մեծ վարպետություն ունի, օժտված է մեծ խաղացողի բոլոր հատկանիշներով։ Նաև արդեն 18 տարեկանում պատրաստ էր դիմանալ ժամանակակից ֆուտբոլում առկա ծանրաբեռնվածությանը։ Այդ ամենը նրան ինքնադրսևորվելու հնարավորություն է տվել»,- նշել է «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Կիրիլ Նովիկովը:

ԷԴՈՒԱՐԴ ՍՊԵՐՑՅԱՆԸ 3-ՐԴՆ Է (50 ՄԻԱՎՈՐ)

«2020/21  մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը ՖԱԼ-ում փայլում էր «Կրասնոդարի» երկրորդ թիմում, նշմարվում էր հայտացուցակում և երբեմն փոխարինման էր դուրս գալիս առաջին թիմի կազմում։ Սպերցյանի տաղանդի մասին նշում էին, բայց, այնուամենայնիվ, տղան մոտեցել էր առաջին կազմին, այլ ոչ թե ընդգրկվել դրանում։

Սպերցյանը համբերատար սպասեց իր հնարավորությանը և 2021/22  մրցաշրջանում օգտվեց դրանից. սկզբում «10» համարի դիրքում կառավարում էր հարձակման գիծը։ Նա հատկապես վառ անցկացրեց աշնանային հատվածը. սեպտեմբեր-հոկտեմբերին 3-ական գոլ և արդյունավետ փոխանցում կատարեց։

Արդեն պարզ էր, որ նա իր տեղը չի զիջի։ Երբ գարնանը լեգեոներները հեռացան «Կրասնոդարից», Հայաստանի հավաքականի խաղացողը նահանջեց և սկսեց գործել դաշտի կենտրոնից։ Առաջին երկու տուրում գոլ խփեց «Ուրալին» և դուբլ ձևակերպեց «Սպարտակի» դեմ խաղում, իսկ առաջնության վերջնամասում մեկական անգամ գրավելով «Արսենալի» և «Ախմատի» դարպասը՝ ոչ-ոքի ապահովեց իր ակումբի համար։

«Նրա մակարդակը լավ առումով զարմացրեց ինձ, քանի որ տղան չունի առանձնակի թույլ կողմեր։ Նա արագ է, դիմացկուն: Շատ լավ է տիրապետում վերջին փոխանցմանը, եզրափակում գրոհը։ Բոլորս ենք տեսել, թե ինչպես է իրացնում ստանդարտ դիրքերը։ Կցանկանայի, որ նա իրեն փորձեր այլ առաջնությունում, գնար Գոլովինի ճանապարհով»,- ասել է «Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ 12-14-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է (7 միավոր) 

«Չերտանովոյի տաղանդների հոսքագծի հերթական սանն է։ Պատանի հարձակողական ոճի կիսապաշտպանը փետրվարին հայտնվեց «Կռիլյա Սովետովում» և անմիջապես օգտակար եղավ։ Թիմի կազմում 12 հանդիպում անցկացրեց ՌՊԼ-ում և գրավեց պատվաբեր 8-րդ տեղը։

Մինչդեռ, ընդամենը 1 տարի առաջ ակումբը խաղում էր ՖՆԼ-ում։ Եթե «Չերտանովոյում» Կովալենկոն ավելի մոտ էր խաղում հարձակման գծին և տպավորիչ վիճակագրություն էր ապահովում, ապա Սամարայում Իգոր Օսինկինը նրան տեսնում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»։

Կովալենկոյի մայրը հայուհի է, իսկ հոր երակներում հոսում է հայի և ռուսի արյուն։

Հարցման արդյունքներով՝ լավագույնն է ճանաչվել «Ուֆայի» 21-ամյա հարձակվող Համիդ Աղալարովը, որն ստացել է 120 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա