Logo

Էրիկ Իսրայելյան. «Եթե իմ երկրում ինձ չեն գնահատում, էլ ինչպես հանդես գամ հայկական դրոշի ներքո»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:14 / 07.12.2022Բռնցքամարտ
Բացառիկ
null

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ) վճռականորեն տրամադրված է փոխել մարզական քաղաքացիությունը, եթե չգնահատված և անտեսված մնա Հայաստանում։ Իր մտադրության մասին բռնցքամարտիկը հայտնեց VNews-ի թղթակցի հետ զրույցում։

Այս տարի միջազգային պաշտոնական մրցումներում իրեն փայլուն դրսևորած Էրիկ Իսրայելյանը վիրավորված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության խորը անտարբերությունից։ Նա նշում է, որ Իսպանիայում նոյեմբերին կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակից հետո ՀԲՖ որևէ ներկայացուցիչ չի հանդիպել և չի շնորհավորել իրեն։

«Այս տարի դարձել եմ երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, այդ մրցումների լավագույն բռնցքամարտիկ, տարել եմ վստահ հաղթանակներ, այդ թվում՝ նոկաուտով։ Այդքանից հետո անտարբերության եմ մատնվել սեփական երկրում։ Բավական է նշել, որ Իսպանիայից վերադառնալուց հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից և մարզական ղեկավարությունից որևէ մեկը չի դիմավորել ու չի շնորհավորել ինձ օդանավակայանում։ Այնտեղ ներկա են եղել իմ ընկերները, բարեկամները և հարազատները։ Ավելին՝ արդեն 10 օր է անցել ու որևէ տեղից ոչ մի արձագանք չի եղել։ Եթե կա նման վերաբերմունք, ապա թող մտածեն, թե ինչու է հայ բռնցքամարտիկը ներկայացնում այլ երկիր։ Եթե իմ երկրում ինձ չեն գնահատում, տեղ չեն տալիս՝ էլ ինչպես հանդես գամ հայկական դրոշի ներքո։ Հիմա մոտավորապես 30 երկրից առաջարկ ունեմ։ Ես քաղաքականության հետ կապ չունեմ։ Պարզապես մարզիկ եմ, որը ներկայացնում է իր երկիրը։ Ջանք ու եռանդ չեմ խնայում, նվիրված մարզվում եմ, որպեսզի չեմպիոն դառնամ և ուրախացնեմ հայրենակիցներիս։ Եթե դա չի գնահատվում, կարևոր չէ՝ ավելի լավ է չշարունակենք»,- նշեց Էրիկ Իսրայելյանը։

Նա նշեց՝ եթե մինչև տարեվերջ մոտեցումը չփոխվի, ապա միանշանակ կմեկնի Հայաստանից և կներկայացնի այլ երկիր։

«Դեռ չեմ որոշել, թե որ երկրի հավաքականին կտամ նախապատվությունը։ Ասեմ նաև, որ սեփական ցանկությամբ ինքնուրույն եմ մարզվել ու պատրաստվել աշխարհի առաջնությանը և դարձել եմ չեմպիոն։ Բռնցքամարտիկը պետք է բնավորություն ունենա, որ կարողանա բարձունքներ նվաճել»,- նշեց բռնցքամարտիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա