Logo

Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Slask 1 scaled - Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Ախորժակն ուտելիս է բացվում, իսկ եվրագավաթներում հավակնություններն ամեն հաղթանակից հետո են մեծանում: «Արարատը» դարձել է նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի առաջին անակնկալներից մեկի հեղինակը՝ որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողնելով հունգարական «Ֆեհերվարին»: Այժմ Վարդան Բիչախչյանի թիմից նոր նվաճում են սպասում: Երևանցիները մրցելու են լեհական «Շլյոնսկի» հետ, որին ընդունելու է Գյումրիում:

VNews.am-ը ներկայացնում է «Արարատի» մրցակցին՝ Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկին»:

Պատմությունը

Լեհական ակումբը հիմնադրվել է 1947 թվականին՝ «Պիոներ» անվանմամբ: Հետագայում այն մի քանի անվանում է փոխել, իսկ վերջինը ստացել է 1997-ին: Այժմ ակումբը բավականին հնչեղ անվանում ունի՝ «Վրցլավի զինվորական սպորտային ակումբ Սիլիզիա», որին պարզապես ասում են «Շլյոնսկ»: Սիլիզիան մարզ է Լեհաստանի արևմուտքում՝ Չեխիայի սահմանին: Լեհերեն Սիլիզիան «Շլյոնսկ» է կոչվում:

74 տարվա պատմության ընթացքում «Շլյոնսկն» ընդամենը 7 տիտղոս է նվաճել: «Զինվորականները» 2-ական անգամ դարձել են Լեհաստանի չեմպիոն (1977, 2012), գավաթակիր (1976, 1987), սուպերգավաթակիր (1987, 2012) և Լիգայի գավաթակիր (2009):

Ելույթները նախորդ մրցաշրջանում

«Շլյնոսկը» Էսկտրակլասայի 2020/21 առաջնությունում բավականին հաջող է մեկնարկել և մինչև դեկտեմբեր առաջատարների թվում է եղել: Ձմեռային ընդմիջումից առաջ անցկացրած 14 խաղում թիմը վաստակել է 23 միավոր:

Համեմատության համար նշենք, որ փետրվարին վերսկսված առաջնությունում սիլիզիացիներն ընդամենը 4 հաղթանակ են տոնել, 16 խաղում վաստակել 20 միավոր: Այդուհանդերձ, միավորների նախկին պաշարի շնորհիվ թիմը կարողացել է չորրորդ տեղը գրավել և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել:

Լեհաստանի գավաթում ամեն ինչ ավելի տխուր է եղել: «Շլյոնսկը» պայքարից դուրս է մնացել 1/32 եզրափակիչում՝ 11-մետրանոց հարվածաշարում զիջելով «Լոձին»:

Slask Wroclaw Jacek Magiera fot. Pawel Andrachiewicz PressFocus scaled 1 960x641 - Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Մարզիչը

«Շլյոնսկի» գլխավոր մարզիչը Յացեկ Մագերան է, որը նախկին ֆուտբոլիստ է: Նա ամբողջ կարիերան անցկացրել է Լեհաստանում, իսկ մարզիչ դառնալուց հետո շարունակում է աշխատել միայն այդ երկրում:

Ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասը Մագերան անցկացրել է հեղինակավոր «Լեգիայում»: 2006 թվականին կարիերան ավարտելուց հետո նա եղել է Լեհաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզչի օգնականը, այնուհետև մարզել է տարբեր ակումբներ, այդ թվում հարազատ «Լեգիան»:

2018-ից 44-ամյա մասնագետը գլխավորում էր Լեհաստանի երիտասարդական հավաքականը, իսկ 2020-ին՝ Մ19 ընտրանին: 2021-ի մարտին նա ստանձնել է «Շլյոնսկի» գլխավոր մարզչի դերը և կարողացել է թիմին դուրս բերել եվրագավաթներ:

Վրոցլավի թիմում Մագերան 10 խաղ է անցկացրել և բոլորում ընտրել է 3-4-2-1 տակտիկական դասավորությունը: Նրա օրոք թիմն ընդամենը մեկ պարտություն է կրել:

Կարծիք

Գյումրիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ Մագերան ընդգծել է մրցակցի ծուղակում չհայտնվելու կարևորությունը.

«Չի կարելի մոռանալ, որ սա երկխաղանոց դիմակայություն է: Չեմ կարող բացահայտել մեր խաղային ծրագիրը, բայց չպետք է հայտնվենք մրցակցի ծուղակում: Պետք է կենտրոնացած և պատրաստ լինենք խաղային բոլոր սցենարներին: Որոշիչ են լինելու մանրուքները, տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական և հոգեբանական գործոնները: Դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում: Սկսում ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ հանդիպումով խաղացանկ, որը հույսով եմ՝ կշարունակվի մինչև դեկտեմբեր: Ցանկանում ենք հնարավորինս շատ խաղալ, և Հայաստանում կայանալիք հանդիպումն այդ նպատակին հասնելու փուլերից մեկն է»:

jacek magera e1626883357678 960x744 - Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Կազմը

Ի տարբերություն Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտի» մրցակից «Շերիֆի», որը երևանյան խաղում ասպարեզ էր դուրս եկել միայն լեգեոներներով, «Շլյոնսկում» ավելի մեծ դեր են հատկացնում տեղացիներին: Թիմում լեգեոներները կազմում են 28 տոկոսը, իսկ մյուս 72 տոկոսը լեհեր են:

Քանի որ «զինվորականները» նախորդ մրցաշրջանում չեն առանձնացել խփած շատ գոլերով, թիմի լավագույն ռմբարկուն դարձել է Էրիկ Էսպոսիտոն, որը 9 գոլ է հեղինակել: Թիմի երկրորդ ռմբարկուն սլովակ Ռոբերտ Պիխն է, որն աչքի է ընկել 8 անգամ: Մյուս ֆուտբոլիստները նույնիսկ 5 գոլի սահմանը չեն հասել:

Փոխարենը հիանալի տպավորություն է թողել 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մատեուշ Պրաշելիկը, որը «Լեգիայի» սան է, սակայն իրեն դրսևորելու շանս ստացել է Վրոցլավում: Նա նախորդ մրցաշրջանում 7 գոլային փոխանցում է կատարել, որը թիմի լավագույն ցուցանիշն է:

Որքան էլ լեգեոներները շատ չեն, միևնույն է նրանք մեծ վստահություն ունեն «Շլյոնսկում»: Նախորդ մրցաշրջանում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստները լեգեոներներն են եղել՝ սլովակ կիսապաշտպան Ռոբերտ Պիխը (2447 րոպե), խորվաթ ձախ պաշտպան Դինո Ստիգլեցը (2154), հունգարացի կենտրոնական պաշտպան Մարկ Տամաշը (2029), իսպանացի հարձակվող Էրիկ Էսպոսիտոն (1876) և սլովակ դարպասապահ Մատուշ Պոտնոցկին (1830):

Մեր ընտրանին

«Շլյոնսկի» կազմում է խաղում նաև «Գանձասար-Կապանի» նախկին վինգեր Լուբամբո Մուսոնդան: Զամբիացու տրանսֆերը լեհերը հայկական ակումբից գնել են 50 հազար եվրոյով՝ 2019 թվականին: Չնայած նրան, որ Մուսոնդան Հայաստանում լավ արդյունավետություն ուներ, Լեհաստանում նա գոլային գործողությունների հազվադեպ է մասնակցում: Անցկացրած 56 մրցավեճում վինգերը գոլ չի խփել և ընդամենը 4 գոլային փոխանցում է կատարել:

Այդուհանդերձ, Գյումրիում կայանալիք հանդիպմանն աֆրիկացին հայտավորված չէ վիզայի խնդիրների պատճառով:

Slask e1626883535426 - Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

Եվրագավաթային փորձը

Լեհական թիմը եվրագավաթներին մասնակցել է 10 անգամ: Վրոցլավցիների ամենամեծ նվաճումը 1976/77 մրցաշրջանում Գավաթակիրների գավաթի քառորդ եզրափակիչ հասնելն է, որում լեհերը 0:2 հաշվով պարտվել են «Նապոլիին»:

«Զինվորականներն» իրենց պատմության ընթացքում խաղալու փորձ ունեն նաև այնպիսի հեղինակավոր թիմերի դեմ, ինչպիսիք են՝ «Լիվերպուլը», «Ռեալ Սոսյեդադը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Բոլոր այդ թիմերի արգելքները լեհերը չեն կարողացել հաղթահարել, բայց կարողացել են մեկական ոչ-ոքի գրանցել բասկերի ու գերմանացիների հետ:

Վերջին անգամ «Շլյոնսկը» եվրագավաթներին մասնակցել է 2012/13 մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայի առաջին փուլում հաղթահարել է չեռնոգորական «Բուդոչնոստի» արգելքը, սակայն երկրորդ փուլում բացահայտ զիջել է շվեդական «Հելսինբորգին»՝ 1:3, 0:3:

Ստադիոնը

«Շլյոնսկը» խաղում է «Վրոցլավ» մարզադաշտում, որը կառուցվել է ԵՎՐՈ-2012-ի համար: Շինարարությունը սկսվել է 2009 թվականի ապրիլին, իսկ 2011-ի սեպտեմբերին գրեթե պատրաստ է եղել: «Զինվորականներն» այդ ժամանակ սկսել են տնային խաղերն անցկացնել նոր ստադիոնում, իսկ ԵՎՐՈ-2012-ին մեկնարկից առաջ «Վրոցլավն» արդեն լիարժեք պատրաստ է եղել:

«Շլյոնսկի» մարզադաշտը տեղավորում է 45 105 հանդիսական: Խաղադաշտի չափերը ստանդարտին մոտ են՝ 105 մետր երկարություն և 68 մետր լայնություն:

Stadion Wroclaw euro 2012 960x720 - Երկար պատմություն, քիչ տիտղոսներ. ինչպիսի ակումբ է «Արարատի» մրցակիցը

2011 թվականին սեպտեմբերի 10-ին ստադիոնում կայացել է բռնցքամարտիկներ Վիտալի Կլիչկոյի և Թոմաշ Ադամեկի մենամարտը, իսկ մեկ ամիս անց Լեհաստանի ֆուտբոլի հավաքական ընկերական մրցավեճ է անցկացրել Իտալիայի հետ:

Ուկրաինայում և Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երեք խաղ կայացել է «Վրոցլավում», և բոլորն էլ սահմանակից Չեխիայի մասնակցությամբ:

Այդ ստադիոնում չեխերը 1:4 հաշվով պարտվել են Ռուսաստանին, 2:1 հաշվով հաղթել են Հունաստանին, ինչպես նաև 1:0 հաշվով տանտեր Լեհաստանին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա