Logo

Հալանդի հայրը՝ «Ման․ Սիթիում»․ ատել է ՄՅՈՒ-ն, բախվել Ռոյ Քինի հետ և վատ խաղի համար երկրպագուներին փոխհատուցել է բենզինով

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
20:27 / 12.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Էրլինգ Հալանդը հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա «Մանչեսթեր Սիթիում»։ Ակումբի երկրպագուներից, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից բացի, կա ևս մեկ անձնավորություն, որն անչափ ուրախ է այս տրանսֆերի համար․ Էրլինգի հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը։ VNews-ը ներկայացնում է Հալանդ-ավագի կարիերայի պատմությունը։

Ալֆ-Ինգեն խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», եղել է թիմի ավագը և վատ խաղի համար երկրպագուներին փոխհատուցել է բենզինով։ 

1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին «Մանչեսթեր Սիթիում» կյանքը նման է եղել ատրակցիոնի. 7 տարվա ընթացքում (1996-ից 2002 թվականներին) թիմը փոխել է 3 դիվիզիոն. 3 անգամ խաղացել է Պրեմիեր լիգայում, 3 անգամ՝ 1-ին դիվիզիոնում, 1 անգամ նույնիսկ նահանջել է 2-րդ լիգա։ Ամենադիտարժան հատվածը եղել է 1998-ից մինչև 2000 թվականը, երբ «Սիթին» 2 մրցաշրջանում բարձրացել է 3 դիվիզիոն: Պրեմիեր լիգա վերադառնալու ժամանակ ոչ այնքան հարուստ ակումբը տպավորիչ տրանսֆերներ է կատարել։ Ղեկավարությունը 18,7 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել նորեկների համար, որոնց թվում են եղել աստղեր Պաուլո Վանչոպեն և Ջորջ Վեան: Բայց այս հարձակվողները չեն ցուցադրել այն արդյունավետությունը, որին սպասում էր գլխավոր մարզիչ Ջո Ռոյլը. «Ոսկե գնդակի» արժանացած Վեան լիովին ձախողել է մրցաշրջանը (ընդամենը 7 խաղ և 1 գոլ):

Այդ մրցաշրջանից առաջ տպավորիչ էր Ալֆ-Ինգե Հալանդի տրանսֆերը 2,5 մլն ֆունտով։ Ալֆին բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ էր. «Նոթինգհեմ Ֆորեսթում» և «Լիդսում» նա հաջողությամբ փակել է 4 դիրք՝ աջ պաշտպան, աջ կիսապաշտպան, հենակետային կիսապաշտպան և կենտրոնական կիսապաշտպան։ «Լիդսում» Հալանդ-ավագը մենապայքարների ժամանակ կոշտ է եղել և անզիջում։ Նա անդադար սադրել է մրցակիցներին և յուրաքանչյուր խաղում ներդրել է իր առավելագույն ուժերը։ Հատկապես հաջող է եղել 1999/2000 մրցաշրջանը, երբ «Լիդսը» հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ։ Ռոմայի դեմ 1/16 եզրափակիչի հանդիպումներում Ալֆ-Ինգեն հաջողությամբ ղեկավարել է բրիտանացիների գրոհները և ամբողջովին արգելափակել իտալացիներին (հռոմեացիները գոլ չեն խփել)։

Չնայած եվրոպական մրցասպարեզում տպավորիչ խաղին՝ Հալանդ-ավագն «Էլանդ Ռոուդի» գլխավոր խաղացողը չէր: Պրեմիեր լիգայում հանդիպումների քանակն աստիճանաբար նվազել է (1997/98 թթ․ մրցաշրջանում՝ 32, 1998/99 թթ․ մրցաշրջանում՝ 29, իսկ 1999/2000 թթ․ մրցաշրջանում՝ 13 խաղ)։

Ձախողել է մեկնարկը «Սիթիում», բայց վերականգնվել և դարձել թիմի ավագը 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոյլն անձամբ է ցանկացել Ալֆ-Ինգե Հալանդին տեսնել իր թիմում։ Նրան հարկավոր է եղել ուժեղ բնավորություն ունեցող հենակետային կիսապաշտպան։ Ռոյլը դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ էր մտածել ֆուտբոլիստին վստահել ավագի թևկապը, բայց արդյունքում այն բաժին հասավ Ռիչարդ Էդգիլին, որն ակումբում էր 1993 թվականից: Անգլիացին լավ չէր մեկնարկել մրցաշրջանը, իսկ 3 տուրում ինքնագոլից հետո ստիպված էր եղել ավագի թևկապը զիջել նորվեգացի նորեկին։

Բայց Ալֆին նույնպես տապալել էր մրցաշրջանի մեկնարկը։ «Սիթին» առաջին տուրում 0:4 հաշվով պարտվել էր «Չարլթոնին»։ Գուցե մարզչի որոշմանն ազդել է Հալանդի գեղեցիկ արարքը։ Նորվեգացին այդ խաղից վերադառնալիս կանգ է առել բենզալցակայանում և, տեսնելով «Սիթիի» տխուր երկրպագուներին, իր հաշվին նրանց մեքենաները լիցքավորել է բենզինով՝ փորձելով մասամբ քավել պարտության մեղքը։ Թիմի ավագ Ալֆ-Ինգե Հալանդը լռակյաց էր։ Շատերի համար նա նույնիսկ հեղինակություն չի եղել։

«Նա մի փոքր անփույթ էր։ Այս տղայի մասին վատ բան չեմ կարող ասել, պարզապես նա այնքան էլ լավ չէր ադապտացվում թիմին: Նա հանդերձարանի ամենահայտնի անդամը չէր»,- The Athletic-ին անանուն ասել է Հալանդի նախկին թիմակիցը:

«Զարմանալի մրցաշրջան էր։ Մեր հարձակման գծում էին Պաուլո Վանչոպեն ու Ջորջ Վեան, և դուք կարող եք մտածել, թե ամեն ինչ իդեալական պետք է լիներ: Բայց ինչ-ինչ պատճառներով թիմում, այսպես ասած, քիմիա չկար»,- ասել է «Սիթիի» նախկին ձախ պաշտպան Դենի Գրանվիլը:

Շատերը կարծում են, որ Ալֆ-Ինգե Հալանդն ավարտել է կարիերան Ռոյ Քինի հետ բախման պատճառով իրականում այդպես չէ

Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմի խաղացող էր 2000/01 թթ․ մրցաշրջանում։ Չնայած խփած 3 գոլին և անցկացրած 35 խաղին՝ մրցաշրջանը տպավորիչ չի եղել։ Ամբողջ թիմն այդ մրցաշրջանում չի փայլել և 1 տարի անց վերադարձել է 1-ին դիվիզիոն: Ալֆին երկրորդ հնարավորություն չի ունեցել, քանի որ 2000/01 թթ մրցաշրջանի վերջում ճակատագրական բախում է տեղի ունեցել Ռոյ Քինի հետ։ Ամեն ինչ սկսվել է 1997 թվականին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր «Լիդսի» հետ:

Հալանդը, որը խաղում էր «Լիդսում», անհատապես գործում էր Քինի դեմ։ Խաղի ընթացքում նա պարբերաբար սադրել է Ռոյ Քինին։ Դրվագներից մեկում հուզված Ռոյը փորձել է կանգնեցնել նորվեգացուն, բայց սայթաքել ու ընկել է՝ ծանր վնասվածք ստանալով: Հալանդը կարծել է, որ իռլանդացին սիմուլյացիայի է դիմել։ Նա մոտեցել է խոտածածկին ընկած Քինին և բղավել․ «Վե՛ր կաց, վե՛ր կաց»։ Հալանդը չի իմացել, որ Քինն այդ պահին պատռել էր ծնկի խաչաձև կապանները։ 

3 տարի անց Քինը վրեժխնդիր է եղել մանչեսթերյան դերբիում։ Նա հատուկ սպասել է Ալֆ-Ինգեի հետ մենապայքարին ու դաժան հարված հասցրել մրցակցի ծնկին։ Դրվագը հատկապես հայտնի է դարձել Քինի ինքնակենսագրականի թողարկվելուց հետո։ ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ 3 տարի սպասել է այդ օրվան, որպեսզի վրեժ լուծի Հալանդից։ Այնուամենայնիվ, Ալֆ-Ինգե Հալանդը կարողացել է ավարտել հանդիպումը և մի քանի օր անց 1 խաղակես անցկացրել Նորվեգիայի հավաքականի կազմում։ Բայց հետո ամեն ինչ վերածվել է մղձավանջի. ծնկի վնասվածքի պատճառով նորվեգացին ստիպված է եղել ավարտել կարիերան։ Շատերը վստահ էին, որ պատճառը Քինի հետ բախումն է եղել։ Գործը նույնիսկ հասել է դատարան։ Այս թեմայի վերաբերյալ պատմությունները շատ հակասական են։ Իրականում՝ Ալֆ-Ինգե Հալանդը կարիերան ավարտել է ձախ ծնկի խնդրի պատճառով, իսկ Քինը հարվածել էր նրա աջ ոտքին։ Մասնագետների մի մասն այստեղ Քինի մեղքը չի տեսնում, մյուս մասն էլ պնդում է, թե էական չէ՝ որ ոտքին է եղել հարվածը. միևնույն է այն հանգեցրել է լուրջ խնդիրների։  

Ալֆ-Ինգե Հալանդն ատել է «Մանչեսթեր Յունայթեդը» և Քինին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Քինի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Հալանդն ավելի շատ է ատել հարևան թիմին: Նա նույնիսկ լուսանկարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ վիրավորական գրաֆիտիների առաջ: «Ինձ այնքան էլ դուր չի գալիս «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես տանել չեմ կարող նրանց խաղացողներին»,- ասել է Ալֆին։ Կարիերան ավարտելուց հետո Հալանդը քիչ է հարցազրույցներ տվել։ Լրագրողների հետ բոլոր զրույցներում նա անտեսել է Քինի անունը։ Ալֆ-Ինգեն նախընտրել է իռլանդացուն անվանել «նա» կամ «այդ մարդը»։

«Չեմ կարծում, թե նա հոգեբանական հավասարակշռության ունի։ Ես վստահ չեմ, որ նա հոգեպես առողջ է»,- ասել է Ալֆին 2008 թվականին: 2014-ին լույս է տեսել Քինի ինքնակենսագրականի երկրորդ հատվածը, որտեղ նա անդրադարձել է միջադեպին. «Իմ կյանքում կան բաներ, որոնց համար զղջում եմ: Հալանդի հետ պատահածը դրանցից չէ»: Նորվեգիայի հավաքականում Ալֆիի խաղընկեր Էգիլ Էստենստադը Twitter-ում խնդրել է Հալանդին անդրադառնալ Քինի խոսքերին։ Նորվեգացին պատասխանել է՝ Սադամ Հուսեյնի լուսանկարով հետևյալ գրառումը կատարելով. «Ես չեմ կարող լուրջ ընդունել մի մարդու խոսքերը, որը մորուք ունի, ինչպես․․․» 

Այնուամենայնիվ, Հալանդ-ավագը ՄՅՈՒ-ի հանդեպ ունեցած ատելությունը երբեք չի փոխանցել որդուն։ 2019 թվականին Էրլինգը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց գործարքը խափանվել է երջանկահիշատակ Մինո Ռայոլայի պահանջով, ոչ թե Ալֆիի արգելքի:

Հալանդ-ավագը որդու մոտ միշտ պարծեցել է «Էնֆիլդում» խփած գոլով

Ալֆին լավ խաղ է ցուցադրել հենակետային կիսապաշտպանի/պաշտպանի դիրքում: Ընդհանուր առմամբ՝ Անգլիայում նա խփել է 16 գոլ, ակտիվորեն միացել է հակագրոհներին, հարվածներ է կատարել հեռվից, սառնասրտորեն իրացրել է տուգանայինները և փայլուն կերպով եզրափակել թիմակիցների փոխանցումները գլխով կատարած հարվածներով։ Նրա համար հատկապես հիշարժան է 1997/98 թթ․ մրցաշրջանում «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը։ «Լիդսը» 0։3 հաշվով պարտվելիս է եղել «Լիվերպուլին», իսկ Ալֆին 84-րդ րոպեին գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Նա միշտ հիշել է «Էնֆիլդում» խփած այդ գոլը և հաճախ տանը պարծեցել դրանով։ 21 տարի անց որդին կրկնել է հոր նվաճումը. Չեմպիոնների լիգայի 2019/20 թթ․ մրցաշրջանում արդեն Էրլինգ Հալանդի թիմը՝ «Զալցբուրգն» է նույն՝ 0։3 հաշվով պարտվելիս եղել «Էնֆիլդում»: Ավստրիական թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը, սակայն ի վերջո պարտություն է կրել։ Գոլերից մեկը խփել է հենց Հալանդ-կրտսերը։ 

«Նա ինձ անընդհատ ասում էր. «Ես գոլ եմ խփել «Էնֆիլդում», ես գոլ եմ խփել «Էնֆիլդում»»: Հիմա ես կարող եմ պատասխանել նրան՝ «Ես նույնպես»»,- ասել է Էրլինգը խաղից հետո անցկացրած հարցազրույցում: Էրլինգը և Ալֆին ամուր կապ են հաստատել: Հալանդ-ավագը որդու մեջ սեր է սերմանել անգլիական ֆուտբոլի հանդեպ և օգնել է առաջխաղացմանը։

Մանկուց Էրլինգը երկրպագել է «Մանչեսթեր Սիթիին» և «Լիդսին»։ «Լիդսի» հանդեպ համակրանքն սկիզբ է առել ծնունդից. Էրլինգը ծնվել է Յորքշիրում: 

Էրլինգը հնարավորություն ուներ մասամբ կրկնելու հոր ուղին նույնիսկ «Սիթի» տեղափոխվելուց առաջ. նա «Մյոլդեից» կարող էր տեղափոխվել «Լիդս», բայց ընդունել է «Զալցբուրգի» առաջարկը։

«Իմ երազանքն է հաղթել Պրեմիեր լիգան «Լիդսի» հետ։ Ես չորս տարեկան էի, երբ մենք հեռացանք Լիդսից: Երբ մանկապարտեզից նկարներ եմ տեսնում, լավ հիշողություններ են արթնանում: Բայց ես շատ բան չեմ հիշում Անգլիայի մասին: Երբ հայրս խաղում էր այնտեղ, ես շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, որ նա ֆուտբոլիստ է։ 5-6 տարեկանում արդեն գիտեի, որ նա խաղում է Պրեմիեր լիգայում և Նորվեգիայի հավաքականում։ Ես տեսել եմ նրա գոլերի տեսանյութերը: Պետք է խոստովանեմ, որ դրանք բավական գեղեցիկ էին»,- ասել է Էրլինգը։

Գիտակցաբար թե ոչ «Մանչեսթեր Սիթիի» նորեկը գնում է հոր ճանապարհով. նա ոգեշնչվել է Ալֆիի սիրուց և հոգատարությունից:

Գլխավորն այն է, որ Էրլինգը ճանապարհին չհանդիպի իր Ռոյ Քինին...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա