Երբ ես 18 տարեկան էի… ինձ թվում էր 30 տարեկան մարդիկ շաաատ մեծ են:
Իմ ձայնը… ինձ համար սովորական է, շատերի համար` յուրահատուկ:
Երևանում ապրելը… իմ ընտրությունն է:
Կինոն այսօր… պրոֆեսիոնալների մենաշնորհը չէ:
Թատրոնն ինձ համար… աշխատանքի տեղ չէ:
Ինձ հաճախ են ասում, որ… շատ լուրջ եմ:
Բայց… դրան լուրջ չեմ վերաբերվում: ))
Քաղաքը, որտեղ ես մեծացել եմ… իմ ակունքն է, հոգուս, էությանս մասը:
Եթե ես մի օր Հոլիվուդում դեր ստանամ… սիրով կնկարահանվեմ:
Ես սիրում եմ այն կինոն, որը… պատմություն է պատմում, մտածել տալիս, հուզում է, ոգևորում:
Ես այնքան էլ… վատատես չեմ:
Մարդիկ ուզում են… հարստանալ, գրեթե բոլորը:
Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ… կանացիությունը:
Գիտեք, այնքան էլ հեշտ չէ… ազատ լինել:
Եվ այդուհանդերձ… պետք է:
Իմ ամենասիրելի վայրն աշխարհում… ծննդավայրս է:
Ամեն նոր դերից հետո դերասանին պետք է… ժամանակ՝ արածը գնահատելու, հետևություններ անելու և առաջ անցնելու համար:
Չեմ սիրում… տանել չեմ կարող անդաստիարակությունը, տգիտությունը…
Լավագույն տարիքը… այն է, երբ ոչ մի տեղդ չի ցավում: ))
Գրականություննը կարող է մի բան, որը չի կարող կինոն… այն թույլ է տալիս մեզ լինել այդ պատմության ռեժիսորը, երևակայել:
Այնպես որ… կինոն էլ է անհրաժեշտ, գրականությունն էլ: ))
Ես այլևս… չեմ ամուսնանա:
Ես արդեն… ամուսնացած եմ: ))
Կինս… ընկերս է, թիկունքս:
Երեխաներս… կյանքս են, շարունակությունս:
Այսօր, երբ սոցցանցերը խլում են բոլորիս ժամանակը… հեռանում ենք իրարից, դառնում սառնարյուն, անտարբեր:
Ես հավատում եմ… որ, մեր կյանքը մեր մտքերի արդյունքն է:
Ես կարծում եմ երեխաներին պետք է տալ… ընտրելու հնարավորություն:
Ես երբեմն սիրում եմ մենակությունը… այն ինքս ինձ հետ շփվելու հնարավորություն է:
Բայց… երկար չեմ կարող մենակ մնալ:
Մարդկանց հետ շփումները… հարստացնում են մարդուն, լցնում ու դատարկում:
Ներամփոփությունը… տեսակ է, խառնվածք, հոգեվիճակ երևի:
Ես շատ հեռու եմ… շինարարությունից, գիտությունից, տեխնիկայից:
Սակայն երջանկությունն էլ… ուժ է տալիս դժբախտություններին դիմանալու համար:
Ինչևէ… ես երջանիկ եմ:
Դերասան լինելը նման է… չախտորոշվող հոգեկան հիվանդության:
Չեմ սիրում, երբ մարդիկ… հուսահատվում են:
Կյանքն այնքան էլ բարդ չէ, երբ կարողանում ես… սիրելով ապրել:
Եվ այնուամենայնիվ… մարդը սխալական է:
Ես Բաբկեն Չոբանյանն եմ, ես… դերասան եմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
«Ես եմ» շարքը՝ այստեղ: