Logo

Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.09.2017Հայկական ֆուտբոլ
21414857 10159241992265247 6229406723096804666 o - Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Եվրո-2019», ընտրական մրցաշար, 3-րդ տուր. Հայաստանի Մ-21 0-3 Մակեդոնիայի Մ-21. հյուրերից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Տիհոմիր Կոստադինովը: Սա Արթուր Ոսկանյանի սաների առաջին պարտությունն էր այս շրջափուլում: Մեր հավաքականը մնացել է վաստակած 4 միավորով:

Արթուր Ոսկանյան. «Առաջին խաղակեսում 2 գոլ բաց թողեցինք մեր իսկ սխալների պատճառով: Երկրորդ 45 րոպեներին փորձեցինք հետ բերել կորցրածը, և, կարծում եմ, ինչ-որ բան ստացվեց: Միայն թե գոլային պահերի վերջնամասում խնդիրներ էինք ունենում: Մեր սխալներից հետո բաց թողած գոլերը փոխեցին խաղը: Ռուսաստանի հետ նախորդ խաղը շատ էներգիա էր խլել, բայց պետք է պատրաստ լինեինք այս հանդիպմանը: Թարմությունն այսօր այն չէր, ինչ ռուսների հետ մրցավեճում»:

Հայկ Գալստյան. «Դժվար խաղ էր: Պարտվեցինք, որովհետև շուտ գոլ «կերանք»: Լավ չէինք պայքարում, թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գրագետ չէինք գործում՝ հակառակ Ռուսաստանի դեմ խաղի: Այսօր մեր երևի ամենալավ հանդիպումը չէր: Այս ընտրական փուլում մյուս բոլոր խաղերին մոտենալու ենք հաղթանակի համար: Փորձելու ենք բոլորի հետ լավ խաղալ և հաղթահարել շրջափուլը»:

Մոսկվայի «Արարատը» կդադարեցնի իր գործունեությունը «Ռյազանի» հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նա նշել է, որ նման սենսացիոն որոշման պատճառների մասին կխոսի այդ խաղից հետո:

«Արարատն» իր գործունեությունը սկսել է այս տարի: Ակումբի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոման Պավլյուչենկոն, Ալեքսեյ Ռեբկոն, Մարատ Իզմայլովը և Իգոր Լեբեդենկոն, նաև հայազգի խաղացողներ: Մոսկովյան ակումբը Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի Կենտրոնական գոտու 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ վաստակած 17 միավորով:

«Արարատի» ավագ մարզիչ Պողոս Գալստյան. «Ակումբի փակման վերաբերյալ այդ ամենը խոսակցություններ են: Այո՛, դա հաստատել է Գրիգորյանը, բայց հստակ առայժմ ոչինչ չկա: Հուսով եմ՝ նախագիծը երկար կյանք կունենա: Ակումբը գումարների խնդիր չունի: Պատճառների մասին մենք այս պահին ոչինչ չգիտենք, բայց տեղյակ ենք, որ ակումբի՝ գործունեությունը շարունակելու հույս կա»:

Հայաստանի Մ-21 հավաքականի թեկնածու Օհան Ջորկայեֆի հարցազրույցը «Ֆուտբոլ-365»-ին. «Ամռանն իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն եմ կնքել ֆրանսիական «Նանտի» հետ: Մի քանի շաբաթ առաջ էլ հրավեր ստացա Հայաստանի ընտրանուց: Խորհրդակցեցի ընտանիքիս անդամների և հարազատներիս հետ ու հասկացա, որ ճիշտ կլինի ընդունել հրավերը, ներկայացնել իմ պատմական երկրի հավաքականը»:

youri oan djorkaeff reu h430 - Ես մեկ հիասթափություն հայկական ֆուտբոլում և Մոսկվայի «Արարատի» «սև» ճակատագիրը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Կիսապաշտպան Օհան Ջորկայեֆը՝ լեգենդար Յուրի Ջորկայեֆի որդին, առայժմ չի կարող հանդես գալ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում, քանի որ պետք է լուծվեն նրա փաստաթղթային խնդիրները: Խաղացողն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա մինչև «Նանտ» տեղափոխվելը ներկայացրել է «Սենտ-Էտիենի», «Էվիանի» պատանեկան ու երիտասարդական թիմերը: «Նանտի» շարքերը համալրել է՝ տեղափոխվելով «Մոնպելյեյից»:

Արգենտինայի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Նյուելս Օլդ Բոյզ» 1-2 «Գոդոյ Կրուզ». Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Նյուելս Օլդ Բոյզը» լքել է մրցաշարը:

2018թ. աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար, Ասիայի գոտի, 10-րդ տուր. Իրան 2-2 Սիրիա. Մարտիկ Մարտիկյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին և դարձել գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով հաշիվը դարձնել 2-2: Խմբային մրցաշարի արդյունքներով՝ Սիրիան «Մունդիալի» եզրափակիչ փուլ դուրս գալու համար կմրցի Սաուդիան Արաբիայի կամ Ավստրալիայի հետ:

«Եվրո-2019», ընտրական մրցաշար, 3-րդ տուր. Ֆրանսիա Մ-21 4-1 Ղազախստան Մ-21. Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 81-րդ րոպեին: Ղազախստանը գլխավորում է ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը:

Ընկերական հանդիպում. «Լոկոմոտիվ Մոսկվա» 4-1 «Անկարան». Արշակ Կորյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ թիմակից Արտյոմ Գալաջյանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա