Logo

«Եթե ծննդյանս օրը ֆիզիկապես չլինեմ, գինիով կգաք մոտս». Զոհված հերոսի նամակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
ադդ - «Եթե ծննդյանս օրը ֆիզիկապես չլինեմ, գինիով կգաք մոտս». Զոհված հերոսի նամակը
Մարիամ Մարիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ամանորյա տրամադրություն չկա՛, բացարձակապես։
Ամեն կողմից տեսակետներ են, որ հնչում են՝ նշել֊չնշելու վերաբերյալ։
Ես տեսակետ չեմ ասելու, ուղղակի փոխանցելու եմ իր ծննդյան օրվանից մի քանի օր առաջ իմ զոհված ընկերոջ նամակից մի քանի տող։
«Եթե նամակս կարդաք, ուրեմն ճիշտ էր որոշումս՝ գրել ու խոսել ձեզ հետ։ Բոլորս էլ գիտենք, թե Արցախում ինչ է կատարվում ու ես տանը նստած մնալ չեմ կարող։ Ու նաև գիտակցում եմ, որ հետ գալս ավելի քիչ հավանական է, քան 50/50֊ը…
Խաղաղ ժամանակ, մի քանի օր անց միասին կնշեինք ծնունդս, էս անգամ չենք նշելու միասին, ես էստեղ կլինեմ, դուք՝ էդտեղ, կամ էլ չեմ լինի (կարա չէ՞ լինի)։ Խնդրանք ունեմ ձեզ, ավելի շուտ իմացեք, որ էդպես եմ ուզում։ Եթե ծննդյանս օրը ֆիզիկապես չլինեմ, գինիով կգաք մոտս, միասին կխմենք, կժպտաք, որովհետև ես ուրախ մարդ եմ եղել։ Ամանորն ու Սուրբ ծնունդն էլ կնշեք, անպայման։ Էս սպասված, բայց հույսեր չարդարացնող տարուն հրաժեշտ տալու իսկը լավ առիթ է, հիշեք, որ ինձ հետ, զոհված բոլոր տղերքի հետ մի՜շտ ուրախ են անցել տոները։ Գուցե մի քիչ բարդ լինի առանց ինձ ու մեզ, ապրելը՝ դժվար, բայց հետո ո՞նց եք նայելու էն էրեխեքի աչքերի մեջ, ովքեր սպասում էին տոնածառին, լույսերին ու հավատում են սուրբծննդյան ու ամանորյա հրաշքին։ Ես էլ եմ հավատում, ուրեմն իմ հավատն էլ մի՛ կոտրեք. մենք դրա համար ենք գնում կռվելու… Կուզեք՝ մի՛ տոնեք, բայց անպայման նշեք, էրեխեքի հետ նշեք, հայր, եղբայր կորցրած էրեխեքի հետ նշեք, զինվորներին էլ չմոռանաք։
…Հա՛, էդ օրերին չմոռանաք ինձ, կգաք մոտս, անպայման, միասին էլ կնշենք, կխոսենք, կծիծաղենք…
…Ու հա՛, տոնածառի, ավելի շուտ՝ կենաց ծառի խաղալիք կախելիս իմ փոխարեն էլ երազանք կպահեք. գիտեք՝ ինչ։ Հույսներս խաղալիքի մեջ չի, իհարկե, գործել է պետք ու ես գիտեմ, որ կգործենք, լավագույնս ու առավելագույնս կանենք, հավատում եմ։
…Երանի էս նամակի վրա հետո միասին ծիծաղենք, բայց եթե ես էլ չծիծաղեմ ձեզ հետ, դուք ժպտացեք, ծիծաղեք, ապրեցրեք ինձ, մեզ։
…Ձեռագրիս համար էլ կներեք, ճանապարհին, մեքենայի մեջ եմ գրում, տո ասեք՝ մինչև էդ ե՜րբ եմ սիրուն գրել որ…
Սիրում եմ բոլորիդ»։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա