Logo

Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
179976832 3995322563823851 9093308783797963552 n - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության վիճակահանությունը բարեհաճ չի գտնվել նաև VBET Հայաստանի գավաթակիր «Արարատի» հանդեպ, որի մրցակիցը հունգարական հանրահայտ «Ֆեհերվար» ակումբն է: Դիմակայության առաջին խաղը կայանալու է հուլիսի 8-ին Հունգարիայում:

Ինչպե՞ս է հաջողվել եվրագավաթային եզրափակիչում հանդիպել Մադրիդի «Ռեալին», ո՞վ է գլխավոր մարզիչը, որ հասցրել է գոլ խփել նույնիսկ Հայաստանի ազգային հավաքականին, ովքե՞ր են «Ֆեհերվարի» այն 5 ֆուտբոլիստները, որ մասնակցեցին ԵՎՐՈ 2020-ին, իսկ նրանցից մեկը նույնիսկ գոլ խփեց Ֆրանսիայի հավաքականի դարպասը․ այդ և այլ թեմաների մասին՝ ավելի մանրամասն:

Պատմությունը

Ակումբը հիմնադրվել է 1941 թվականին: 1968-ին առաջին անգամ մասնակցել է ուժեղագույնների խմբի մրցաշարին, բայց նույն տարում էլ դուրս մնացել այնտեղից: Ներքին առաջնություններում որոշակի հաջողությունների հասնելու համար հարկավոր եղավ բավականին երկար սպասել: «Ֆեհերվարը» 1975-76թթ․ մրցաշրջանում հռչակվեց Հունգարիայի փոխչեմպիոն, այդ ցուցանիշը հաջորդ անգամ կրկնվեց միայն 2010-ին, իսկ չեմպիոնության բերկրանքն առաջին անգամ վայելեց 2010/11թթ․ մրցաշրջանում: Ակումբը ներկա պահին Հունգարիայի եռակի չեմպիոն է (վերջին անգամ՝ 2018-ին), ութակի փոխչեմպիոն (վերջին անգամ՝ 2020-ին), կրկնակի գավաթակիր (2006, 2019) և սուպերգավաթակիր (2011, 2012): 1985-ին հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգա) եզրափակիչ, 2012-ին և 2018-ին մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլին:

183685704 4018326598190114 8451344137166496309 n - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»
«Ֆեհերվարի» ֆուտբոլիստներն ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ

Ուշագրավ է, որ «Ֆեհերվարն» այս տարիների ընթացքում հասցրել է 18 անգամ փոխել ակումբի անվանումը, երբեմն՝ չնչին խմբագրումներով: «ՄՕԼ Ֆեհերվար» անվանումը կիրառվում է 2019-ից, քանի որ ակումբի գլխավոր հովանավորը նավթագազային «ՄՕԼ» միջազգային ընկերությունն է: Ակումբը մինչ այդ կոչվում էր «ՄՕԼ Վիդի»: Բազմաթիվ անվանումների մեջ ամենահաճախ կրկնվող բառը եղել է «Վիդեոտոնը», որը նույնպես հունգարական ընկերություն է և եղել է ակումբի հովանավորը: Այդ ընթացքում հաճախ են փոխվել ներկայիս «Ֆեհերվարի» նաև տարբերանշանները, սակայն մեկ բան տարիների հետ մնացել է անխախտ՝ մարզաշապիկի գույները կապույտն ու կարմիրն են: Երկրպագուների կողմից թիմին տրված ամենակիրառելի մականունը «Վիդին» է:

Մեր ընտրանին

Ելույթները նախորդ մրցաշրջանում

«Ֆեհերվարը» Հունգարիայի ավարտված առաջնությունում 12 թիմի պայքարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Փոխչեմպիոն «Ակադեմիա Պուշկաշից» հետ է մնացել 2 միավորով (թիմի ղեկին «Միկայի» և «Ուրարտուի» սլովակ նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն է), իսկ չեմպիոն «Ֆերենցվարոշին» զիջել 22 միավորով: Թիմն աչքի է ընկել արդյունավետ խաղով՝ խփելով 68 գոլ՝ մեկով պակաս, քան չեմպիոն «Ֆերենցվարոշի» ցուցանիշն է: Սակայն վերջինիս հաջողվել է ընդամենը 22 գոլ բաց թողնել՝ «Ֆեհերվարի» 38-ի փոխարեն: Առաջնության 2-րդ լավագույն ռմբարկու է ճանաչվել «Ֆեհերվարի» սերբ հարձակվող Նեմանյա Նիկոլիչը (15 գոլ): «Ֆեհերվարը» հասել է նաև Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում բաց թողած գոլի պատճառով նվազագույն հաշվով պարտվել է «Ույպեշտին»:

203757777 4154721054550667 209095476012635201 n 960x540 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Մարզիչը

40-ամյա հունգարացի մասնագետ Իմրե Սաբիչի համար, որն այս տարվա ապրիլից է մարզում «Ֆեհերվարը», սա որպես գլխավոր մարզիչ առաջին աշխատանքային փորձն է: Նա որպես հարձակվող հանդես է եկել հունգարական «Ֆերենցվարոշում» (26 խաղ, 12 գոլ), ավստրիական «Շտուրմում» (առաջին հատված՝ 89 խաղ, 23 գոլ), գերմանական «Շտուտգարտում» (49 խաղ, 14 գոլ), «Քյոլնում» (11 խաղ, 1 գոլ), «Մայնցում» (20 խաղ, 2 գոլ), «Աուգսբուրգում» (54 խաղ, 8 գոլ), ապա վերադարձել «Շտուրմ» (հետ գալուց հետո՝ 83 խաղ, 20 գոլ): «Շտուտգարտում» 2003/04թթ․ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում 2 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Հունգարիայի ազգային հավաքականում մասնակցել է 36 հանդիպման և խփել 13 գոլ, այդ թվում՝ 2004-ին Պաֆոսում կայացած ընկերական մրցավեճում գրավել Հայաստանի ընտրանու դարպասը (հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով): Հունգարիայի 2003 թվականի լավագույն ֆուտբոլիստն է:

media.media .78ba5001 e116 4352 bfa4 71dce721d810.original1024 960x631 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Սաբիչը 2014-15թթ․ ընդգրկված էր Պալ Դարդայի գլխավորած Հունգարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական: Հետո կրկին որպես օգնական 1 տարի աշխատել է իր հարազատ թիմի՝ «Շտուրմի» մարզչական անձնակազմում: Ավելի երկար տևեց աշխատանքն Ավստրիայի ազգային հավաքականում, որտեղ 2018-2021թթ․ զբաղեցնում էր գերմանացի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդայի օգնականի պաշտոնը: Վերջինս առ այսօր մարզում է ազգային թիմը, որն արդեն նվաճել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի փլեյ-օֆֆի ուղեգիր: Սաբիչն ավստրիացիների հետ աշխատանքն ավարտելուց հետո վերջին մրցաշրջանի ավարտական հատվածում գլխավորեց «Ֆեհերվարը» ու նրան դարձրեց բրոնզե մեդալակիր, ինչպես նաև դուրս բերեց գավաթի խաղարկության եզրափակիչ: Թիմը նրա օրոք 9 պաշտոնական մրցավեճում 6 հաղթանակ է տոնել, գրանցել 1 ոչ-ոքի ու 2 պարտություն:

Խոսք

Իմրե Սաբիչը՝ վիճակահանության մասին․ «Ամեն թիմ էլ իր ազգային առաջնությունում կամ գավաթի մրցաշարում լուրջ պայքար է մղել եվրոպական ուղեգիր նվաճելու համար: Մենք չպետք է անհանգստանանք այն փաստից, որ առաջիկա խաղերը Կոնֆերենցիաների լիգայում են, ոչ թե Եվրոպա լիգայում: Մենք «Արարատի» հետ դիմակայությունում չունենք այլ նպատակ, քան առաջ անցնելը, բայց չպետք է թերահավատորեն վերաբերվենք հայկական ակումբին: Լրջորեն կպատրաստվենք հանդիպումներին: Պետք է հարգենք մեր մրցակցին, սակայն անպայմանորեն անցնենք հաջորդ փուլ: Նախքան դա կշարունակենք աշխատանքն Ավստրիայում՝ ուսումնամարզական հավաքի շրջանակում»:

175189868 3963761780313263 54573712850874830 n 960x540 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Կազմը

«Ֆեհերվարում» 12 հունգարացիներ են հայտավորված: Բավականին ընդլայնված է լեգեոներների աշխարհագրությունը՝ 2-ական բրազիլացի և ռումինացի, 1-ական հյուսիսմակեդոնացի, ուկրաինացի, բելգիացի, վրացի, պորտուգալացի, կաբովերդեցի, չեխ, սերբ, գերմանացի, նիգերիացի ու ֆրանսիացի: Թիմի միջին տարիքը 26,1 տարեկան է:

Մեր ընտրանին

«Ֆեհերվարի» 4 ֆուտբոլիստներ Հունգարիայի ազգային հավաքականի ճամբարում էին ու մասնակցում էին ԵՎՐՈ 2020-ին: Խոսքը պաշտպաններ՝ 31-ամյա Ատիլա Ֆիոլայի (38 խաղ, 2 գոլ), 21-ամյա Բենդեգուզ Բոլայի (2 հանդիպում), 30-ամյա կիսապաշտպան Լոիկ Նեգոյի (14 մրցավեճ, 2 գոլ) ու հարձակվող Նեմանյա Նիկոլիչի (40 հանդիպում, 8 գոլ) մասին է, որը սերբ է, բայց ստացել է Հունգարիայի քաղաքացիություն: Հունգարացիները «Մահվան» խմբում 2 ոչ-ոքի գրանցեցին Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերում: Ֆիոլան ու Նեգոն մասնակցել են բոլոր 3 մրցավեճերին (Ֆիոլան բոլոր դեպքերում էլ մեկնարկային կազմում էր, Նեգոն՝ 2), Նիկոլիչն էլ 2 հանդիպումներում փոխարինման է մտել: Ֆիոլային նույնիսկ հաջողվել է գրավել ֆրանսիացիների դարպասը:

651603 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

ԵՎՐՈ 2020-ին մասնակցեց նաև Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Վիսար Մուսլիուն: Նա մեկնարկային կազմում է եղել խմբային փուլի բոլոր 3 մրցավեճերում: «Ֆեհերվարի» ֆուտբոլիստը մասնակցել է նաև Ազգերի լիգայի գավաթի վերջին 2 խաղարկություններում Հայաստանի ընտրանու դեմ կայացած բոլոր 4 խաղերին, որոնցում հյուսիսմակեդոնացիները 2-ական հաղթանակ և պարտություն են գրանցել:

«Ֆեհերվարի» 25-ամյա պաշտպան Ադրիան Ռուսը Ռումինիայի ազգային հավաքականի անդամ է (6 հանդիպում): 27-ամյա կիսապաշտպան Իվան Պետրյակը 5 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի ազգային թիմի կազմում: 27-ամյա հարձակվող Բուդու Զիվզիվաձեն Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է (5 մրցավեճ): 29-ամյա կիսապաշտպան Իստվան Կովաչը 10 անգամ է կրել Հունգարիայի ազգային հավաքականի մարզաշապիկը: Լոիկ Նեգոն, որի մասին արդեն խոսեցինք, ծնվել է Փարիզում, ավելի վաղ հանդես եկել «Նանտում» (2010-2011, 13 խաղ), եղել «Ռոմայի» համակարգում (2011-2013), ելույթ ունեցել Ֆրանսիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում:

33-ամյա պաշտպան Ստոպիրան Կաբո Վերդեի ազգային հավաքականի անդամ է (35 հանդիպում, 1 գոլ): 22-ամյա կիսապաշտպան Պալկո Դարդայը խաղացել է «Հերտայում» (2017-2021, առաջին թիմում՝ 9 հանդիպում), Գերմանիայի Մ20 հավաքականում (2 մրցավեճ): 27-ամյա պաշտպան Միքայել Լյուֆտները հանդես է եկել դանիական «Կոպենհագենում» (2017-2021, 35 խաղ, 1 գոլ), 1 հանդիպում անցկացրել Չեխիայի ազգային հավաքականում: 26-ամյա դարպասապահ Էմիլ Ռոկովը 1 մրցավեճի է մասնակցել Սերբիայի ազգային ընտրանու կազմում: 27-ամյա պաշտպան Սիլվեստեր Հանգյան Հունգարիայի ազգային հավաքականի թեկնածու է (8 հանդիպում): 30-ամյա դարպասապահ Ադամ Կովաչիկը 1 մրցավեճ է անցկացրել Հունգարիայի ազգային ընտրանու մարզաշապիկով:

184765832 4024804634208977 1417591140497884141 n 960x540 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Եվրագավաթային փորձը

«Ֆեհերվարը» 18-րդ անգամ է ներգրավվելու եվրագավաթային պայքարի: 1984/85թթ․ մրցաշրջանում փառահեղ հաջողության է հասել՝ դուրս գալով ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգա) եզրափակիչ: Հունգարական թիմը քառորդ եզրափակիչում հաղթահարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը, իսկ եզրափակիչում՝ պարտություն կրել Մադրիդի «Ռեալից»: Հետո այդ մրցաշարում ևս 4 մասնակցություն է ունեցել, բայց դուրս մնացել որակավորման փուլերից: 2011-ին առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, սակայն զիջեց առաջին իսկ մրցակցին՝ ավստրիական «Շտուրմին»:

2012/13թթ․ մրցաշրջանում պատմական արդյունքի հասավ՝ մտնելով Եվրոպա լիգայի խմբային փուլ: «Գենկի», «Բազելի» և պորտուգալական «Սպորտինգի» հետ մրցակցությունում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: 2015/16 և 2017/18թթ․ մրցաշրջաններում մոտ էր հաջողությունը կրկնելուն, բայց Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում առաջին դեպքում ճանապարհը զիջեց լեհական «Լեխին», երկրորդում՝ սերբական «Պարտիզանին»: Պատնեշը վերջիվերջո հաղթահարվեց 2018/19թթ․ մրցաշրջանում, երբ «Ֆեհերվարը» երկրորդ ու առայժմ վերջին անգամ ձեռք բերեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: Կրկին գրավեց 3-րդ տեղը, այս անգամ՝ «Չելսիի», ՊԱՕԿ-ի և ԲԱՏԵ-ի հետ դիմակայությունում: Հասցրեց նույնիսկ մեկ անգամ ոչ-ոքի խաղալ լոնդոնյան թիմի հետ: Եվրագավաթային վերջին մասնակցությունը եղել է 2019/20թթ․ մրցաշրջանում, երբ դուրս է մնացել Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլից:

2482020 51539110 2560 1440 960x540 - Եզրափակիչ «Ռեալի» հետ, գոլ Հայաստանի հավաքականին․ Ինչ ակումբ է «Արարատի» մրցակից «Ֆեհերվարը»

Ստադիոնը

«Ֆեհերվարը» սկսած 1967 թվականից իր տնային խաղերն անցկացնում է «ՄՕԼ Արենա Սոստո» ստադիոնում: Այնտեղ 2016-2018թթ․ վերակառուցման աշխատանքներ են կատարվել: Այն տեղավորում է 14,300 հանդիսականի: «Ֆեհերվարը» հենց այդ կառույցում է անցկացրել 1985-ի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպումը (այն ժամանակ եզրափակիչը երկխաղյա դիմակայությունից էր բաղկացած): Այդ խաղին 40 հազար երկրպագու է ներկա եղել, ինչն առ այսօր հաճախելիության ռեկորդ է: Թիմի հանդիպումներին հաճախ է ներկա լինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը «Ֆեհերվարի» երկրպագու է: Ակումբի սեփականատերը 2007-ից Իստվան Գարանչին է՝ Օրբանի ընկերը: Այդ ստադիոնում Հունգարիայի ազգային հավաքականը 7 խաղ է անցկացրել, որից 6-ը՝ ընկերական: Վերջինը եղել է 2010-ին, երբ հունգարացիներն ընկերական մրցավեճում 2-0 հաշվով հաղթել են լիտվացիներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա