Logo

Ֆաբինյոն՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղի մասին. ««Լիվերպուլը» հաջող փորձ ունի «Բարսելոնայի» հետ»

10:31 / 15.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ակնկալիքներից:

«Պետք է հանգստություն պահպանենք: Ամեն ինչ կանենք, որ հաճույք ստանանք խաղից: Տեսնենք, թե արդյոք կկարողանանք հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ կամ ավելին խփել ու դուրս թողնել «Ռեալին»: Իրոք դժվար է, պետք է խելացի խաղանք:

Վինիսիուսը կարիերայում հիանալի ժամանակաշրջան է ապրում, նա «Ռեալի» գլխավոր ֆուտբոլիստներից է: Առաջին խաղում նա ցույց տվեց, թե ինչի է ունակ: Նրան կանգնեցնելը դժվար գործ է:

«Ռեալը» զգում է արյան հոտը: Եթե նրանց հնարավորություն տաս, առաջ կգնան ու գոլ կխփեն: Պետք է դասեր քաղենք առաջին հանդիպումից ու ավելի փակ լինենք:

Կորցնելու ոչինչ չունենք, բոլորը սպասում են «Ռեալի» հաղթանակին ու հաջորդ փուլ անցնելուն, բայց մենք «Լիվերպուլն» ենք: Մեր թիմի ֆուտբոլիստները լավ փորձ ունեն, օրինակ՝ «Բարսելոնայի» դեմ 2019 թվականին, երբ հաջողվեց բեկել դիմակայության ընթացքը: Մենք գիտենք, որ դա հնարավոր է»,- Ֆաբինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Առաջին խաղում անգլիական ակումբը տանը 2-5 հաշվով պարտվել էր «Ռեալին»: Պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին Լիվերպուլում, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտի» ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլն» առաջին խաղում 0-3 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային», սակայն պատասխան խաղում խփել էր 4 անպատասխան գոլ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով առավելության էր հասել Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ՝ նվաճելով ակումբի պատմության 6-րդ տիտղոսն ամենահեղինակավոր եվրագավաթային մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա