Logo

Fastex Հայաստանի գավաթ. «Շիրակը» 11-մետրանոցներով հաղթեց «Փյունիկին» և դուրս եկավ եզրափակիչ

22:11 / 05.04.2023Ֆուտբոլ
Շիրակ-Փյունիկ

Գյումրիի «Շիրակը» 6 տարվա ընդմիջումից հետո կխաղա Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Կիսաեզրափակիչում «Շիրակը» Գյումրիի քաղաքային ստադիոնում ընդունեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկին» և հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով (5-3):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: «Շիրակի» կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան:

Խաղի ավելացված ժամանակի սկզբում, երբ «Փյունիկը» պետք է իրացներ անկյունային հարված, ստադիոնի լույսերը մարեցին: Մարզադաշտի լուսավորությունը վերականգնվեց 12 րոպե անց, որից անմիջապես հետո անկյունային հարվածի խաղարկման արդյունքում «Փյունիկի» պատասխան գոլը խփեց բրազիլացի պաշտպան Ժունինյոն։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն ուշացումով մեկնարկեց տեխնիկական խնդիրների պատճառով։ «Շիրակը» հաղթեց 5-3 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Տանտերերը դիպուկ իրացրին բոլոր՝ 5 հարվածները, իսկ «Փյունիկի» կազմում 11-մետրանոցից վրիպեց կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը:

«Շիրակը» եզրափակիչում կմրցի «Ուրարտու» - «Գանձասար» զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակիչի երկրորդ խաղը տեղի կունենա ապրիլի 6-ին «Ուրարտուի» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո դադարեցրել էր գործունեությունը: Նախորդ տարի «Նորավանքը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ եզրափակիչում հաղթել էր «Ուրարտուին»։

Fastex Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-3)

Դոնալդ Կոդիա, 18 - Ժունինյո, 90+15

Ֆոտո՝ «Շիրակի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա