Logo

Fastex Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:34 / 05.04.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում ապրիլի 5-ին կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: VNews-ը ներկայացնում է հանդիպումների անոնսը։

«ՇԻՐԱԿ» - «ՓՅՈՒՆԻԿ»    

Ապրիլի 5, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

12 խաղ, որից 6-ում հաղթել է «Շիրակը», 5-ում՝ «Փյունիկը», գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-12

1992թ. 1/2 եզրափակիչ

18.05.1992  ՀՄԸՄ – «Շիրակ»՝ 3-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Խորեն Հովհաննիսյան 24՛, 11մ, 2-0՝ Հայկ Մարգարյան 57՛, 3-0՝ Արսեն Ավետիսյան 66՛:

22.05.1992   «Շիրակ» - ՀՄԸՄ` 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Հարություն Վարդանյան 38՛, 11մ, 82,՛ 11մ:

1994թ. 1/2 եզրափակիչ

10.04.1994  «Շիրակ» - ՀՄԸՄ` 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Իշխան Շահնազարյան 78՛:

02.05. 1994  ՀՄԸՄ – «Շիրակ»՝  2-1 (1-1)

Գոլերը՝ 0-1՝ Արտյոմ Բեռնեցյան 17՛, 1-1՝ Աբրահամ Խաշմանյան 41՛, 2-1՝ Արսեն Ավետիսյան 54՛: 

1995թ. 1/4 եզրափակիչ

04.04.1995  ՀՄԸՄ - «Շիրակ»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Արտակ Ադամյան 36՛, 0-2՝ Հարություն Վարդանյան 49՛, 1-2՝ Արսեն Ավետիսյան 69՛:

13.04. 1995   «Շիրակ» - ՀՄԸՄ` 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Սամվել Նիկոլյան 73՛:

2011թ. 1/4 եզրափակիչ

10.03.2011  «Շիրակ» - «Փյունիկ»՝  1-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Անդրանիկ Բարիկյան 34՛, 1-1՝ Սարգիս Հովսեփյան 87՛:

14.03. 2011  «Փյունիկ» - «Շիրակ»` 0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Տիագո Լոպես 37՛:

2012/13թթ. եզրափակիչ

07.05.2013  «Փյունիկ» - «Շիրակ»` 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Տարոն Ոսկանյան 38՛:

2014/15թթ. 1/4 եզրափակիչ

17.09.2014  «Փյունիկ» - «Շիրակ»` 3-0 (1-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Սեսար Ռոմերո 21՛, 57՛, 3-0՝ Վարազդատ Հարոյան 90՛:

05.11.2014  «Շիրակ» - «Փյունիկ»՝  0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Գագիկ Պողոսյան 24՛:

2016/17թթ. եզրափակիչ

24.05.2017  «Փյունիկ» - «Շիրակ»` 0-3 (0-3)

Գոլերը՝ 0-1՝ Կիրիան Նվաբուեզե 6՛, 0-2՝ Վահան Բիչախչյան 28՛, 0-3՝ Կիրիան Նվաբուեզե 38՛:

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» Fastex Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է 1/8 եզրափակիչից՝ Կապանում 5-1 խոշոր հաշվով հաղթելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Սյունիքին»: Այդ խաղում շիրակցիներից առավել արդյունավետ էր գործել Մուսա Փոլ Բակայոկոն՝ դառնալով դուբլի հեղինակ: Մեկական անգամ աչքի էին ընկել Լյովա Մրյանը, Ալազան Դումբիան ու Արտեմ Գևորգյանը:

Քառորդ եզրափակիչում «Շիրակը» սեփական դաշտում Ալազան Դումբիայի և Արտեմ Գևորգյանի խփած գոլերի շնորհիվ հաղթահարեց «Վանի» արգելքը: Ընդ որում «Վանը» խաղասկզբում կարող էր բացել հաշիվը, սակայն Էդգար Մովսեսյանի 11մ հարվածը շեղ ստացվեց:

«Շիրակը» Fastex Հայաստանի գավաթի բոլոր 32 խաղարկությունների միակ մասնակիցն է: Գավաթի նախորդ 4 մրցաշարերում գյումրեցիներին չէր հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ անցկացրած 6 հանդիպումներում կրելով 5 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Հայաստանի գործող չեմպիոնը պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Նոայի» դարպասը: 17-րդ րոպեին հաշիվը բացել էր Յուսուֆ Օտուբանջոն, իսկ խաղավերջում Լուկա Յուրիչիչը դուբլ էր ձևակերպել:

Գավաթի նախորդ 5 խաղարկություններում փյունիկցիները չափազանց անհաջող են ելույթ ունեցել՝ անցկացրած 9 հանդիպումներում տոնելով ընդամենը մեկ հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 3 պարտություն: Միայն 2021/22թթ. խաղարկությունում «Փյունիկին» հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ 1/8 եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:

3. Մինչև օրս պատվավոր մրցանակի համար պայքարում «Փյունիկի» և «Շիրակի» Ճանապարհները 7 անգամ են հատվել: «Շիրակին» 4 անգամ հաջողվել է հաղթահարել «Փյունիկի» արգելքը, փյունիկցիները 3 մրցաշարում են հաղթող դուրս եկել գավաթային դիմակայությունում: 
Եթե 90-ական թվականներին մրցակիցների միջև գավաթային 3 դիմակայություններում 2 անգամ հաջողությունն ուղեկցել էր շիրակցիներին, ապա 21-րդ դարում թիմերից յուրաքանչյուրը 2-ական անգամ հաղթող է ճանաչվել:

4. Մրցակիցների գավաթային վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017թ. մայիսի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել է շիրակցիների 3-0 հաշվով հաղթանակով: Դա գավաթի խաղարկության եզրափակիչ խաղն էր: «Շիրակին» հաղթանակ պարգևեցին Կիրիան Նվաբուեզեի դուբլն ու Վահան Բիչախչյանի գոլը: 

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման մասնակիցներից այսօր «Փյունիկում» ելույթները շարունակում է միայն Հովհաննես Հարությունյանը, իսկ շիրակցիների կազմում խաղում են Արտյոմ Միքայելյանը, Ռոբերտ Դարբինյանը, Մարկո Պրլևիչն ու Մուսա Փոլ Բակայոկոն:

Իսկ եզրափակիչ առաջին հանդիպումը «Փյունիկի» և «Շիրակի» միջև կայացել էր գավաթի 2012/13թթ. խաղարկությունում: 2013թ. մայիսի 7-ին «Հրազդան» ստադիոնում տեղի ունեցած մրցավեճի ելքը վճռել էր փյունիկցի Տարոն Ոսկանյանի խփած միակ գոլը:

5. «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Մինչև 2017թ. «Փյունիկին» եզրափակիչում հաղթելը, գյումրեցիներին միայն 5-րդ փորձից էր հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակիչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը:

Իսկ մինչև այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակիչում պարտվել է:

«Շիրակը» 15-րդ անգամ է խաղալու գավաթի կիսաեզրափակիչում: Թիմին առայժմ 7 անգամ է հաջողվել հաղթահարել այդ փուլի արգելքը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2016/17թթ. խաղարկությունում, որում շիրակցիները եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում (1-0, 1-1):

6. «Փյունիկը» գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրն է՝ 8 անգամ (1996, 2002, 2004, 2009-2010, 2012/13-2014/15թթ.) նվաճելով պատվավոր մրցանակը: Վերջին հաջողությանը փյունիկցիները հասել են 8 տարի առաջ՝ 2015թ. մայիսի 6-ին կայացած գավաթի եզրափակիչում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ 3-1 հաշվով պարտության մատնելով «Միկային»: Իսկ վերջին անգամ «Փյունիկը» եզրափակիչում հանդես է եկել 2017թ. մայիսի 24-ին՝  0-3 հաշվով զիջելով «Շիրակին»:

«Փյունիկը» 20-րդ անգամ է գավաթի կիսաեզրափակիչում խաղալու: Փյունիկցիներին 12 անգամ հաջողվել է հաղթահարել այդ փուլն ու գավաթի եզրափակիչի ուղեգիր նվաճել: Վերջին անգամ դա Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվել է 2016/17թթ. խաղարկությունում՝ կիսաեզրափակիչում առավելության հասնելով «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») նկատմամբ՝ 2-1, 1-0:

7. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներն էլ ավարտվել են «Փյունիկի» հաղթանակով: Առաջին երկու հանդիպումներում փյունիկցիները հաղթել են նվազագույն հաշվով, իսկ մարտի 1-ին կայացած խաղում «Շիրակը» պարտվել է խոշոր հաշվով (1-4):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Հարություն Վարդանյան - 3 գոլ:

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 3 գոլ:

«ՈւՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ»

Ապրիլի 6, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» պատվավոր մրցանակի համար պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից: Անցյալ տարվա նոյեմբերի 26-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ուրարտուն» 4-0 հաշվով պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»: Մեկական անգամ Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը գրավեցին Մաքսիմ Մայրովիչը, Դավիթ Խուրցիձեն, Դմիտրո Խլյոբասն ու Նարեկ Գրիգորյանը: 

2. 2021թ. հիմնադրված «Գանձասարն» առաջին անգամ է մասնակցում Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը: Եվ առաջին իսկ փորձից թիմին հաջողվել է կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել՝ ներկայացնելով Առաջին խումբը:

«Գանձասարի» նորամուտը հաջող էր գավաթի մրցաշարում: 1/8 եզրափակիչում գանձասարցիները հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Առաջին խմբի առաջնության նորեկ «Միկայի» նկատմամբ: Հաղթանակն ապահովեցին Ալեն Կարապետյանի և Դավիթ Փարեմուզյանի խփած գոլերը: 

Շատերի համար անսպասելի էր «Գանձասարի» հաջողությունն «Ալաշկերտի» հետ կայացած քառորդ եզրափակիչ արտագնա խաղում: Լարված մրցապայքարում անցած 120 րոպեների ընթացքում փորձառու ալաշկերտցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: 

Կիսաեզրափակիչի ուղեգրի բախտը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում, որոմ ավելի դիպուկ էին գանձասարցիները՝ հաղթելով 5-4 հաշվով: Վճռորոշ էր առաջնության լավագույն ռմբարկու Բլադիմիր Դիասի վրիպումը, որի հարվածը 4-4 հաշվի ժամանակ բարձր ստացվեց: Իսկ վերջինը 11մ հարված կատարած գանձասարցի Սուրեն Առաքելյանը հաղթանակ պարգևեց իր թիմին:

3. «Ուրարտուն» Հայաստանի առաջին գավաթակիրն է: 1992թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակիչում 2-0 հաշվով հաղթեց ՀՄԸՄ-ին: 

Այդ հաջողությունից հետո թիմը ևս երկու անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: 2007թ. «Բանանցը» չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ եզրափակիչում  լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթել է «Արարատին»: 

Առայժմ վերջին հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015/16թթ. մրցաշրջանում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակիչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»: Հետաքրքիր է, որ այդ խաղում «Միկայի» դարպասը պաշտպանում էր «Ուրարտուի» ներկայիս դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

«Ուրարտուն» 21-րդ անգամ է կիսաեզրափակիչում վիճարկելու եզրափակիչի ուղեգիրը: Առայժմ 9 անգամ է թիմին հաջողվել այդ փուլում հաղթահարել մրցակցի դիմադրությունը: Գավաթի նախորդ 9 խաղարկություններից միայն մեկում՝ 2020/21թթ. մրցաշարում «Ուրարտուին» չի հաջողվել կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել՝ քառորդ եզրափակիչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով  «Նոային» (0-2, 2-2): 

4. «Ուրարտուն» 25 հանդիպումներում վաստակած 62 միավորով վստահորեն գլխավորում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»: Առաջատարը 7 անընդմեջ հաղթանակ է տոնել, վերջին 6 խաղերում դարպասն անառիկ է պահել: «Ուրարտուն» միակ թիմն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել: Առաջնության վերջին խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին»:

5. Առաջին խմբի մրցաշարում «Գանձասարն» անցկացրած 22 հանդիպումներում վաստակած 45 միավորով (14 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 45-18) ընթանում է 3-րդ տեղում: Գանձասարցիները 11 միավորով հետ են մնում առաջնության առաջատար «Վեստ Արմենիայից», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: Ի դեպ, 21-րդ տուրում «Գանձասարը» Կապանում նվազագույն հաշվով զիջել էր «Վեստ Արմենիային»: 

Դա առաջնության գարնանային հատվածում թիմի ղեկը ստանձնած Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ անցկացրած 4 հանդիպումներում գանձասարցիների կրած միակ պարտությունն էր: Մյուս երեք խաղերում նրանք հաղթել են: Մարտի 29-ին անցկացրած առաջնության 22-րդ տուրի խաղում «Գանձասարը» Ձորաղբյուրում Ալեն Կարապետյանի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էր 2-րդ տեղում ընթացող «Արարատ-2-ին»: Կարապետյանը 15 գնդակով առաջնության երկրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Ռմբարկուների ցանկը 18 գնդակով գլխավորում է «Փյունիկ Ակադեմիայի» թիմի հարձակվող Վրեժ Չիլոյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա