Logo

Fastex ՀՊԼ. 25-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:47 / 31.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մարտի 31-ին կմեկնարկի 25-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ» - «Լեռնային Արցախ»

Մարտի 31, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

19 խաղ, «Արարատը» հաղթել է 11 անգամ, «Լեռնային Արցախը»՝ 2, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 47-15

1-ին շրջան. 09.09.2022 «Լեռնային Արցախ» - «Արարատ»՝ 2-1 (1-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Յեիսոն Ռասինես 33՛, 65՛, 2-1՝ Ռազմիկ Հակոբյան 77՛:

2-րդ շրջան. 12.11.2022  «Արարատ» - «Լեռնային Արցախ»՝  0-0

«Արարատ»՝ 7-րդ տեղ (22 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում առաջնության գարնանային հատվածում միավոր վաստակել: Արարատցիներն անցկացրած բոլոր 4 հանդիպումներում էլ պարտվել են՝ հաջորդաբար զիջելով «Արարատ-Արմենիային» (1-3), «Շիրակին» (1-2), «Վանին» (1-3) և «Նոային» (1-2):

«Նոայից» կրած պարտությունը 300-րդն էր Fastex ՀՊԼ-ում, ինչը Հայաստանի առաջնությունների հակառեկորդ է: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Արարատն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ԲԿՄԱ-ի հետ

 2. «Լեռնային Արցախն» ավելի վատթար դրության մեջ է: Թիմը 7 անընդմեջ պարտություն է կրել, ընդ որում նախորդ տուրում 6 անպատասխան գոլ է բաց թողել «Փյունիկի» հետ մրցավեճում՝ կրկնելով ընթացիկ առաջնությունում ամենախոշոր հաշվով պարտության «Նոայի» հակառեկորդը: Վերջին 11 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

3. Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ դարում: 1993թ. օգոստոսի 20-ին Երևանում մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին խաղում արարատցիները 7-0 հաշվով ջախջախեցին «Երազանքին»: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արմեն Շահգելդյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Դա մրցակիցների մրցավեճում գրանցված ամենախոշոր հաշիվն էր: Ընդհանուր առմամբ «Արարատը» «Լեռնային Արցախին» 7 անգամ է խոշոր հաշվով հաղթել: Արարատցիներից հեթ-տրիկ է ձևակերպել նաև Ռազմիկ Գրիգորյանը 1994թ. հունիսի 21-ին Երևանում կայացած խաղում (5-1):

4. Իր նախկին թիմի հետ հանդիպումը հոբելյանական կլինի «Լեռնային Արցախի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանի համար, որը ֆուտբոլային կարիերայում 300-րդ պաշտոնական խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 4 գոլ:

«Լեռնային Արցախ»՝ Մարատ Հովհաննիսյան - 3 գոլ:

«Փյունիկ» - ԲԿՄԱ 

Ապրիլի 1, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

7 խաղ, որոնցից 6-ում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-2

1-ին շրջան. 12.09.2022 «Փյունիկ» - ԲԿՄԱ` 3-1 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Դամե Դիոպ 29՛, 1-1՝ Սերոբ Գրիգորյան 60՛, 2-1՝ Արաս Օզբիլիս 66՛, 3-1՝ Ռենսո Սամբրանո 90՛:

2-րդ շրջան. 13.11.2022  ԲԿՄԱ - «Փյունիկ» ՝ 1-1 (1-0)  

Գոլերը՝ 1-0՝ Արթուր Սերոբյան 19՛, 1-1՝ Լուկա Յուրիչիչ 47՛:

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (49 միավոր), ԲԿՄԱ՝ 10-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկը» գերազանց է սկսել առաջնության երկրորդ հատվածը՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ: Նախորդ տուրում «Լեռնային Արցախի» հետ մրցավեճում փյունիկցիներն աչքի ընկան գոլային հրավառությամբ՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: «Փյունիկը» կրկնեց ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» պատկանող ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածը սկսել էր 5 անընդմեջ հաղթանակով:

Եվ ընդհանրապես, գարնանային հատվածում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարզապես ֆանտաստիկ արդյունք էր ցույց տվել՝ անցկացրած 17 հանդիպումներում տանելով 13 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, ինչի շնորհիվ վերացրել էր «Արարատ-Արմենիայից» 8 միավորի տարբերությունն ու չեմպիոն էր հռչակվել:

2. ԲԿՄԱ-ն պայքարում է Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար, ուստի յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական դառնալ թիմի համար: ԲԿՄԱ-ն վատ չի սկսել առաջնության գարնանային հատվածը՝ 4 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր: Նախորդ տուրում բանակայինները 0-2 հաշվով պարտվեցին «Ուրարտուին»:

3. Երկարատև ընդմիջումից հետո վերադառնալով հարազատ «Փյունիկ», Էդգար Մալաքյանը ոչ միայն ամրապնդվել է թիմի հիմնական կազմում, այլև վերջին երկու խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով «Նոայի» և «Լեռնային Արցախի» դարպասները: Եթե ԲԿՄԱ-ի հետ խաղում էլ Մալաքյանը գոլ խփի, ապա 32 գնդակով կընդգրկվի Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինու - 2 գոլ:

Խաղին չեն մասնակցի 5 դեղին քարտի արժանացած փյունիկցիներ Ալեքսանդր Միլկովիչն ու Հովհաննես Հարությունյանը: Նույն պատճառով հանդիպումը բաց կթողնի ԲԿՄԱ-ի պաշտպան Ալբերտ Խաչումյանը:

«Շիրակ» - «Վան»

Ապրիլի 1, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

5 խաղ, որից 3-ում հաղթել է «Վանը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-8

1-ին շրջան. 08.09.2022  «Շիրակ» - «Վան»՝ 1-1 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Արտյոմ Բիլի 50՛, 1-1՝ Արտեմ Գևորգյան 72՛, 11մ:

2-րդ շրջան. 09.11.2022  «Վան» - «Շիրակ»՝ 2-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Դոնալդ Կոդիա 45՛, 1-1՝ Էդգար Մովսեսյան 67՛, 2-1՝ Նարեկ Հովհաննիսյան 90+2՛:

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Դա շիրակցիների 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Նախորդ խաղում էլ «Շիրակը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով զիջել էր «Արարատ-Արմենիային»:

Առաջնության գարնանային հատվածի 4 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 3 միավոր է վաստակել «Արարատին» հաղթելու շնորհիվ:

2. «Վանն» էլ առաջնության երկրորդ հատվածն անհաջող է սկսել՝ 5 հանդիպումներում վաստակելով ընդամենը 3 միավոր: Հետաքրքիր է, որ «Վանն» էլ գարնանը միակ հաղթանակը տարել է «Արարատի» նկատմամբ (3-1): Այդ հաղթանակը կարելի է պատմական համարել «Վանի» համար, քանի որ մինչև այդ Fastex ՀՊԼ-ում «Արարատի» հետ անցկացրած առաջնության նախորդ 9 հանդիպումներից 6-ում պարտվել էր, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Այդ հաղթանակով «Վանն» ընդհատել էր առաջնությունում 4 անընդմեջ պարտությունների շարքը:

3. «Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվում Fastex ՀՊԼ-ում հաղթել «Վանին»: «Լոռիից» հետո «Վանը» Բարձրագույն խմբի երկրորդ ակումբն է, որին «Շիրակը» դեռ չի հաղթել:

4. «Վանը» լուրջ համալրում է ստացել: Թիմի կազմում ելույթ կունենա «Արարատից» հեռացած Դավիթ Մանոյանը: 32-ամյա փորձառու ֆուտբոլիստի համար «Վանը» հայկական 6-րդ ակումբն է: Ֆուտբոլային կարիերան «Փյունիկում» սկսած Մանոյանը հետագայում խաղացել է նաև «Ալաշկերտում», «Նոայում» և «Շիրակում»: Ընդհանուր առմամբ Fastex ՀՊԼ-ում Մանոյանը 238 խաղ է անցկացրել, որոնցում 23 գոլ է խփել:

«Շիրակի» հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում Մանոյանը «Վանի» նախկին դարպասապահ Նիկոլայ Ցիգանից հետո կդառնա Fastex ՀՊԼ-ում չարենցավանյան ակումբում խաղացած ամենատարեց երկրորդ ֆուտբոլիստը (32 տարեկան 270 օրական):

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում շիրակցի Մարկո Պրլևիչը թիմի կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Մուսա Փոլ Բակայոկոյից (108 խաղ) և Սոլոմոն Իմե Ուդոյից (105) հետո սերբ պաշտպանը կդառնա այդ սահմանագիծը հատած «Շիրակի» 3-րդ լեգեոնականը:

6. Եթե Մուսա Փոլ Բակայոկոյին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում խփած 27 գնդակով կդառնա թիմի ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Ժան Ժակ Բուգուհիի ռեկորդային ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան - 2-ական գոլ:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 2 խաղով որակազրկված «Շիրակի» ավագ Արտյոմ Միքայելյանը: «Վանի» կազմում էլ խաղին չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Խուան Դանիել Սիֆուենտեսը:

«Արարատ-Արմենիա»  - «Նոա»

Ապրիլի 2, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

17 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 12 անգամ, «Նոան»՝ 1, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 34-11

1-ին շրջան. 09.09.2022 «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝  3-0 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Ագդոն Մենեզես 18՛, 2-0՝ Ռոմերսիո 62՛, 3-0՝ Ուգո Ֆիրմինու 72՛:

2-րդ շրջան. 13.11.2022  «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝  1-2 (1-2) 

Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 17՛, 0-2՝ Տենտոն Յենե 28՛, 1-2՝ Դրամանե Սալու 29՛:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (53 միավոր), «Նոա»՝ 9-րդ տեղ (18 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Արարատ-Արմենիան» հաջող ելույթներ է ունենում նաև առաջնության գարնանային հատվածում՝ 4 հանդիպումներում վաստակելով 10 միավոր: Միայն «Ալաշկերտին» է հաջողվել գարնանը միավոր վաստակել Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Իսկ նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» անչափ դժվարին պայքարում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ: Թիմին հաղթանակ պարգևեցին խաղավերջում Ալեմաոյի հստակ իրացրած 11մ երկու հարվածները: «Արարատ-Արմենիան» իր անպարտելի խաղերի ռեկորդային թիվը հասցրեց 14-ի, որոնցից 10-ում հաղթել է, 4-ն ավարտել է ոչ-ոքի: Վերջին պարտությունը Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է «Փյունիկից» հոկտեմբերի 17-ին կայացած երկրորդ շրջանի խաղում՝ 1-2:

2. «Նոան» ընթացիկ առաջնությունում պայքարում է Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: Թիմի խաղը վատ տպավորություն չի թողնում, իսկ ահա միավորները դժվարությամբ են ձեռք բերվում: Այս առումով հատկանշական էր նախորդ տուրում «Արարատի» հետ կայացած հանդիպումը, որում «Նոան» ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Ռուբեն Եսայանի խփած գոլի շնորհիվ կորզեց հաղթանակը:

Դա առաջնության գարնանային հատվածում Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ տարած արդեն 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր իր հիմնական մրցակից ԲԿՄԱ-ի նկատմամբ Ալեքսանդր Լյովեի խփած միակ գոլի շնորհիվ: Այդ խաղում ֆրանսիացի հարձակվողը նորամուտն էր նշել «Նոայում»: Նա աչքի է ընկել նաև «Արարատի» հետ խաղում:

3. Որքան էլ որ զարմանալի է, սակայն մինչև նախորդ առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex ՀՊԼ-ում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Եվ ահա մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակն առայժմ միակն է Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև անցկացված 17 հանդիպումներում:

4. Իսկ պաշտոնական մրցումներում «Նոային» երկու անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել:  2019-20թթ. ՀՀ գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակիչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը: 

Մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արմեն Համբարձումյանն «Արարատ-Արմենիայի» կազմում  Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ ցուցանիշին հասած թիմի առաջին ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Համբարձումյանն առաջինն էր թիմի կազմում պաշտոնական մրցումներում հատել 100 խաղի սահմանագիծը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 2 գոլ:

«Ուրարտու»  - «Ալաշկերտ»

Ապրիլի 2, ժամը՝ 19:00, Երևան, «»Ուրարտու-1» մարզադաշտ

39 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Ալաշկերտը»՝ 16, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 48-57

1-ին շրջան. 10.09.2022 «Ուրարտու» - «Ալաշկերտ» ՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Տիագո Գալվաո 16՛, 1-1՝ Դավիթ Խուրցիձե 57՛:

2-րդ շրջան. 10.11.2022   «Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 0-0

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (59 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (42 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: «Ուրարտուի» համար այս հանդիպումը հոբելյանական է՝ 700-րդը Fastex ՀՊԼ-ում: Դա 4-րդ ցուցանիշն է «Շիրակից» (815 խաղ), «Փյունիկից» (796) և «Արարատից» (781) հետո: Առաջնության միանձնյա առաջատարը գերազանց է սկսել գարնանային հատվածը՝ հաղթելով բոլոր 4 խաղերում էլ:

Նախորդ տուրում «Ուրարտուն» 2 -0 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին: Դա ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» 6-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 5 հանդիպումներում թիմի դարպասն անառիկ է մնացել: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը միակն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել:

2. Թեև «Ալաշկերտը» վաստակած միավորներով զգալիորեն հետ է մնում առաջատար եռյակի թիմերից, բայց դեռ չի կորցրել մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը:

Առաջատարի նկատմամբ հաղթանակը կարող է մեծ լիցք հաղորդել ալաշկերտցիներին, որոնք Վահե Գևորգյանի գլխավորությամբ անցկացրած գարնանային հատվածի 4 խաղերում 8 միավոր են վաստակել: Նախորդ տուրում «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը:

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելությունն «Ալաշկերտի» կողմն էր, որը հաղթել էր առաջին շրջանում, հաջորդ 3 խաղերն  ավարտել էր ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ ոչ-ոքի արդյունք է գրանցվել: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 8 խաղերից 3-ն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով, 5 անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է 2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանն էր:

4. «Ուրարտուի» հետ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին կայացած մրցավեճում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը պատմական նվաճում էր գրանցել՝ դառնալով 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը: 35-ամյա Գրիգորյանը Բարձրագույն խմբում 356-րդ խաղն էր անցկացրել ու գերազանցել էր «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանի ռեկորդային ցուցանիշը (355 խաղ):

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արսեն Բեգլարյանը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում 231-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի ամենափորձառու դարպասապահների հնգյակում: Նա կշրջանցի «Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանին, որն ակումբային մակարդակով պաշտոնական 230 խաղի է մասնակցել: Ցանկը գլխավորում է Հայաստանի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովը, որը հայկական 9 ակումբներում ընդհանուր առմամբ 430 խաղ է անցկացրել:

Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնության մասնակից դարպասապահներից միակն է, որ գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել: ԲԿՄԱ- հետ կայացած նախորդ տուրում 30-ամյա դարպասապահը պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասն անառիկ էր պահել և ընդգրկվել էր Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Վահագն Այվազյան - 4 գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան - 9-ական գոլ:

«Ուրարտուի» համար մեծ կորուստ կլինի 5 դեղին քարտ ստացած Նարեկ Գրիգորյանի բացակայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա