Logo

Fastex ՀՊԼ. 30-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:23 / 01.05.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 1-ին կմեկնարկի 30-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ» 

Մայիսի 1, ժամը՝ 16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝ 6-2

1-ին շրջան. 12.08.2022 «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Ռոնալդ Կուելյար 90+6՛:

2-րդ շրջան. 20.10.2022 «Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ»՝ 2-1 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Տիագո Գալվաո 20՛, 2-0՝ Բլադիմիր Դիաս 31՛, 2-1՝ Մարվին Պերեա 89՛:

3-րդ շրջան. 28.02.2023  «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»՝ 1-3 (0-0) 

Գոլերը՝ 1-0՝ Օլաոլուվա Օջետունդե 52՛, 1-1՝ Տարոն Ոսկանյան 63՛, 1-2՝ Արտակ Եդիգարյան 78՛, 1-3՝ Ագդոն Մենեզես 82՛:

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (51 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 9-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտն» առաջնության վերջին երկու հանդիպումներում աչքի ընկավ արդյունավետությամբ՝ ընդհանուր առմամբ 7 գոլ խփելով «Նոային» (3-0) և «Արարատին» (4-2): Վահե Գևորգյանի գլխավորությամբ ալաշկերտցիներն առաջնության գարնանային հատվածում անցկացրած 9 հանդիպումներում 17 միավոր են վաստակել: «Ալաշկերտը» գործնականում զրկվել է մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային» 12 միավոր է զիջում: Եվրագավաթի ուղեգիր նվաճելու «Ալաշկերտի» միակ հնարավորությունն «Ուրարտուի» գավաթակիր դառնալն է: 

2. «Լեռնային Արցախը» կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին՝ կրելով 12-րդ անընդմեջ պարտությունը: Նախորդ տուրում առաջնության նորեկը Վայքում 2 անպատասխան գնդակ ընդունեց «Նոայից»: Առաջնության վերջին 16 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Արդեն 8-րդ անընդմեջ խաղում արցախցիներին չի հաջողվում գեթ մեկ գոլ խփել: Թիմում գոլային երաշտը հասել է 758 րոպեի: Հետաքրքիր է, որ առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին վերջին գոլը գրանցվել է փետրվարի 28-ին հենց «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն: 

Եթե առաջիկա երկու խաղերում էլ «Լեռնային Արցախը» չգտնի մրցակիցների դարպասի բանալին, ապա Հայաստանի առաջնությունների հակառեկորդ կսահմանի: Իսկ առայժմ ամենաերկար գոլային երաշտը գրանցվել է «Շիրակ-2-ում», որը 1998թ. առաջնությունում 10 խաղ անընդմեջ, 926 րոպե շարունակ գոլ չի խփել:

3. «Արարատի» հետ խաղում «Լեռնային Արցախի» նախկին ֆուտբոլիստ Յեիսոն Ռասինեսը բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»: Առաջնության աշնանային հատվածում նա 4 գնդակով գլխավորում էր «Լեռնային Արցախի» ռմբարկուների ցանկը: Եվ մինչև օրս թիմի ֆուտբոլիստներից ոչ մեկը նույնիսկ չի կրկնել իր նախկին թիմակցի ցուցանիշը: Ներկայիս կազմից ամենաարդյունավետը 2-ական գոլ խփած Մարվին Պերեան ու Օլաոլուվա Օջետունդեն են: 

4. «Ալաշկերտի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներն էլ դժվար թե կարողանան գերազանցել թիմից հեռացած Բլադիմիր Դիասի ցուցանիշը, որը 11 գոլ է խփել: Ամենաարդյունավետն Արտակ Եդիգարյանն ու Տիագո Գալվաոն են, որոնց հաշվին 7-ական գոլ է գրանցված

5. Այս խաղում «Ալաշկերտի» դարպասը չի կարող պաշտպանել 5-րդ զգուշացումը ստացած Օգնյեն Չանչարևիչը, որը մինչև այդ առանց փոխարինման մասնակցել էր Հայաստանի առաջնություններում թիմի անցկացրած նախորդ 34 հանդիպումներին: Այդ ցուցանիշով Չանչարևիչն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է: Վերջին անգամ նա առաջնությունում «Ալաշկերտի» խաղին չի մասնակցել անցյալ տարվա մայիսի 3-ին «Ուրարտուի» հետ կայացած մրցավեճում՝ դարպասում տեղը զիջելով Դավիթ Յուրչենկոյին:

«Նոա» - ԲԿՄԱ 

Մայիսի 1, ժամը՝ 19:00, Աբովյան, Քաղաքային մարզադաշտ

7 խաղ, որոնցից 3-ում հաղթել է «Նոան», 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-5

1-ին շրջան. 12.08.2022 ԲԿՄԱ - «Նոա»՝ 2-2 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Ժիրայր Շաղոյան 8՛, 11մ, 1-1՝ Ռուբեն Եսայան 44՛, 2-1՝ Արգիշտի Պետրոսյան 90՛, 2-2՝ Դրամանե Սալու 90+6՛, 11մ:

2-րդ շրջան. 19.10.2022 «Նոա» - ԲԿՄԱ՝ 0-0 

3-րդ շրջան. 27.02.2023  ԲԿՄԱ - «Նոա»՝ 0-1 (0-0) 

Գոլը՝ 0-1՝ Ալեքսանդր Լյովե 64՛:

«Նոա»՝ 8-րդ տեղ (23 միավոր), ԲԿՄԱ՝ 10-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Fastex ՀՊԼ-ում տեղը պահպանելու համար պայքարող երկու թիմերի մրցավեճի ելքը կարևոր նշանակություն ունի: «Նոայի» համար նախորդ տուրը հաղթական էր: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը Վայքում 2 անպատասխան գնդակ խփեց առաջնությունում անչափ անհաջող ելույթներ ունեցող «Լեռնային Արցախի» դարպասը և մրցաշարային աղյուսակում շրջանցելով արցախցիներին, զբաղեցնում է 8-րդ տեղը:

2. «Վանի» հետ նախորդ տուրում կայացած հանդիպումը շատ հաջող դասավորվեց ԲԿՄԱ-ի համար, որը սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթանակ տարավ: Դա Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Հետաքրքիր է, որ մինչև այդ բանակայիններն առաջնության մեկ խաղում նույնիսկ 4 գոլ չէին խփել: Նախկինում ԲԿՄԱ-ն 3-0 խոշոր հաշվով հաղթել էր Գորիսի «Զանգեզուրին» (1996/97թթ.), իսկ ընթացիկ առաջնությունում նույնպիսի արդյունքով պարտության էր մատնել «Լեռնային Արցախին»:

3. ԲԿՄԱ-ին դեռ չի հաջողվել Fastex ՀՊԼ-ում հաղթել «Նոային»: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն էլ միայն ընթացիկ առաջնության 3-րդ շրջանում կարողացավ հաղթել ԲԿՄԱ-ին՝ ընդհատելով մրցակիցների միջև գրանցված 4 անընդմեջ ոչ-ոքիների շարքը: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Նոա»՝  Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ - 2-ական գոլ:

«Վան» - «Ուրարտու» 

Մայիսի 2, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

10 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 7,  գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝ 6-15

1-ին շրջան. 13.08.2022 «Ուրարտու» - «Վան»՝ 0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Իպեյ Վիլյամս 8՛:

2-րդ շրջան. 19.10.2022  «Վան» - «Ուրարտու» ՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Համլետ Ասոյան 69՛, ինքնագոլ:

3-րդ շրջան. 01.03.2023  «Ուրարտու» - «Վան»՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Նարեկ Գրիգորյան 43՛, 2-0՝ Մաքսիմ Մայրովիչ 60՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (34 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (67 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Վանը» նախորդ տուրում չափազանց անհաջող ելույթ ունեցավ՝ հյուրընկալվելիս 1-5 խոշոր հաշվով պարտվելով ԲԿՄԱ-ին: Հանդիպման ընթացքի վրա իր բացասական ազդեցությունն ունեցավ 57-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանի հեռացումը խաղադաշտից: Այդ պահին հաշիվը հավասար էր՝ 1-1: «Վանը» Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ մեկ խաղում 5 գոլ բաց թողեց: Ավելի շատ գոլեր «Վանին» խփել է միայն «Նորավանքը»՝ 2021/22թթ. առաջնությունում հաղթելով 7-1 հաշվով: Դա Fastex ՀՊԼ-ում «Վանի» կրած ամենախոշոր հաշվով պարտությունն է:

2. «Ուրարտուին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 3 խաղերի շարքը՝ սեփական դաշտում պարտության մատնելով «Շիրակին», որին հաղթել էր նաև ընթացիկ առաջնության նախորդ երեք հանդիպումներում: «Ուրարտուն» պահպանեց առաջատարի իր դիրքն ու «Փյունիկից» 3 միավորի տարբերությունը:

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Ուրարտուի» ցուցանիշները շատ տպավորիչ են: 2021/22թթ. առաջնության 29 հանդիպումներում վաստակած 36 միավորով «Ուրարտուն» զբաղեցնում էր 6-րդ տեղը:

3. Առաջին շրջանում «Ուրարտուի» նկատմամբ տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի և 3 անընդմեջ պարտությունների շարքը: Այդ հանդիպումներից 4-ում «Վանը» պարտվել էր, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Վանը» տոնել էր 2021թ. մարտի 6-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 3-1: 

Իսկ ընթացիկ առաջնության հաջորդ երկու հանդիպումներում «Ուրարտուն» առավելության է հասել «Վանի» նկատմամբ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ուգոչուկվու Իվուն Fastex ՀՊԼ-ում 80-րդ խաղը կանցկացնի և կդառնա Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» կազմում բոլորից շատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը: Նիգերիացի կիսապաշտպանը կգերազանցի թիմի նախկին լեգեոնական, ուգանդացի Նոա Կասուլեի ռեկորդային ցուցանիշը, որն «Ուրարտուի» կազմում 79 խաղի է մասնակցել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն 

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Վանի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ռումյան Հովսեփյանն ու 5-րդ դեղին քարտը ստացած Նարեկ Հովհաննիսյանը:

«Շիրակ» - «Փյունիկ»

Մայիսի 2, ժամը՝ 20:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ 

94 խաղ, «Շիրակը» հաղթել է 28 անգամ, «Փյունիկը»՝ 53, գրանցվել է 13  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 99-153

1-ին շրջան. 13.08.2022 «Փյունիկ» -«Շիրակ»՝ 1-0 (0-0)  

Գոլը՝ 1-0՝ Արտակ Դաշյան 59՛:  

2-րդ շրջան. 21.10.2022 «Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-1 (0-0)   

Գոլը՝ 0-1՝ Դավիդ Դավիդյան 66՛:

3-րդ շրջան. 01.03.2023  «Փյունիկ» - «Շիրակ»՝ 4-1 (4-0) 

Գոլերը՝ 1-0՝ Յուսուֆ Օտուբանջո 11՛, 2-0՝ Ջոնել Դեսիրե 17՛, 3-0՝ Խոսե Կառաբալյո 31՛, 4-0՝ Յուսուֆ Օտուբանջո  40՛, 4-1՝ Սուրեն Ծառուկյան 90՛:

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (32 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (64 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ընդհատվեց «Շիրակի» 4 անպարտելի խաղերի շարքը: Շիրակցիները հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջեցին «Ուրարտուին»: Ընթացիկ առաջնությունում «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել «Ուրարտուի» հետ մրցավեճում: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 8 հանդիպումներն անցել են «Ուրարտուի» առավելությամբ, որը տարել է 6 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակն» «Ուրարտուին» հաղթել է 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում կայացած խաղում (3-1):

2. «Փյունիկը» շարունակեց հաղթարշավը՝ չեմպիոնական մրցավազքում կարևորագույն խաղում 4-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու շրջանցելով մրցակցին, զբաղեցրեց 2-րդ տեղը: Այդ հաղթանակն արդեն 10-րդն էր առաջնության գարնանային հատվածում, որում Հայաստանի գործող չեմպիոնը գերազանց է խաղում: Առաջատար «Ուրարտուից» «Փյունիկն» ընդամենը 3 միավոր է հետ մնում:

3. Առաջնության ավարտից 7 տուր առաջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել չեմպիոնական մրցավազքում: Ոսկե մեդալների գլխավոր հավակնորդներ «Ուրարտուն» և «Փյունիկը» մրցավեճի են բռնվելու նախավերջին՝  35-րդ տուրում և ամենայն հավանականությամբ հենց այդ խաղն էլ կորոշի չեմպիոնին:

Չի բացառվում, որ նույնիսկ «Ուրարտուին» հաղթելու դեպքում «Փյունիկն» ու Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեն հավասար միավորներով: Ինչպես հայտնի է, այդ դեպքում մրցակարգով «ոսկե» խաղ նախատեսված չէ, այլ հաշվի են առնվելու երկու թիմերի միջև կայացած հանդիպումների արդյունքները: Իսկ դրանք առայժմ «Փյունիկի» օգտին չեն: Փյունիկցիները երկու խաղում պարտվել են «Ուրարտուին» (1-2, 0-3), երրորդ շրջանի խաղում հաղթել են 3-1 հաշվով: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն էլ (6-4) առայժմ «Ուրարտուի» օգտին է: Այնպես որ «Փյունիկն» «Ուրարտուին» պետք է հաղթի 3 գնդակի առավելությամբ:

Ինչպես տեսնում ենք, «Փյունիկին» դժվարին պայքար է սպասվում չեմպիոնության համար, եթե «Ուրարտուն» բացի չեմպիոնի հետ մրցավեճից, մյուս հանդիպումներում այլևս միավորներ չկորցնի: 

4. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած վերջին 5 հանդիպումներում էլ հաղթել է «Փյունիկը»: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:

5. Եթե «Շիրակին» հաջողվի գրավել «Փյունիկի» դարպասը, ապա գործող չեմպիոնի հետ դիմակայությունում հոբելյանական՝ 100-րդ գոլը կխփի: Ի դեպ, մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի խաղում Յուսուֆ Օտուբանջոյի խփած առաջին գոլը «Շիրակի» հետ դիմակայությունում «Փյունիկի» հոբելյանական՝ 150-րդ գնդակն էր:

6. Մուսա Փոլ Բակայոկոն էլ «Փյունիկի» դարպասը գրավելու դեպքում Fastex ՀՊԼ-ում 24-րդ գոլը կխփի ու կդառնա Հայաստանի առաջնություններում «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գնդակով գերազանցելով Մորի Կոնեի և Ժան Ժակ Բուգուհիի ռեկորդային ցուցանիշը: Այդ գոլը կդառնա նաև պաշտոնական մրցումներում իվուարցի ֆուտբոլիստի հաշվին «Շիրակում» գրանցված 30-րդ գնդակը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:

«Արարատ - Արմենիա»  - «Արարատ» 

Մայիսի 3, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

18 խաղ, «Արարատ - Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 37-12

1-ին շրջան. 11.08.2022 «Արարատ»  - «Արարատ - Արմենիա»՝ 0-2 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 12՛, 0-2՝ Տենտոն Յենե 40՛:

2-րդ շրջան. 21.10.2022 «Արարատ - Արմենիա» - «Արարատ»՝ 2-1 (1-1)  

Գոլերը՝ 1-0՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 34՛, 1-1՝ Ռուդիկ Մկրտչյան 42՛, 2-1՝ Տենտոն Յենե 89՛:

3-րդ շրջան. 27.02.2023  «Արարատ»  - «Արարատ - Արմենիա»՝ 1-3 (1-2) 

Գոլերը՝ 1-0՝ Դուշան Միհիչ 29՛, 1-1՝ Կառլոս Պերես 30՛, 1-2՝ Ալեմաո 37՛, 1-3՝ Թաոֆիք Ջիբրիլ 77՛:

«Արարատ - Արմենիա»՝ 3-րդ տեղ (63 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (29 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում ընթացիկ առաջնության ամենավճռորոշ հանդիպումներից մեկում 1-4 հաշվով պարտվեց «Փյունիկին» և ոսկե մեդալների համար մղվող պայքարում հայտնվեց չափազանց ծանր կացության մեջ: Առաջնության ավարտից 7 տուր առաջ Հայաստանի կրկնակի չեմպիոնը 4 միավորով է զիջում առաջատար «Ուրարտուին», մեկ միավորով էլ հետ է մնում «Փյունիկից»:

Ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» անպարտելի 18 խաղերի ռեկորդային շարքը, որում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 13 հաղթանակ էր տարել, 5 անգամ գրանցվել էր ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ նախորդ պարտությունն առաջնությունում «Արարատ-Արմենիան» կրել էր հենց «Փյունիկից» անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին կայացած խաղում՝ 1-2: Ի դեպ, ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիային» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Փյունիկին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Արարատը» մրցեց առաջատար քառյակում գտնվող թիմերի հետ: «Ուրարտուի» հետ խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից հետո արարատցիները պարտվեցին «Փյունիկին» (0-2) ու «Ալաշկերտին» (2-4):

3. «Արարատ-Արմենիան» Fastex ՀՊԼ-ում «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Նախորդ առաջնությունում «Արարատ-Արմենիան» միակն էր, որի հետ հանդիպումներում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել: Ավելին, միայն 3-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: 

Ընթացիկ առաջնությունում էլ մրցակիցների միջև կայացած երեք խաղերում էլ հաղթել է «Արարատ-Արմենիան»: Այնպես որ առաջնության նախորդ 7 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Արդեն 8 խաղ է, որ արարատցիներն առաջնությունում չեն հաղթել Հայաստանի կրկնակի չեմպիոնին: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

Նշենք նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում էլ «Արարատն» անհաջողության էր մատնվել՝ «Արարատ-Արմենիային» զիջելով 0-4 հաշվով: Այդ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան հեթ-տրիկ էր ձևակերպել, մեկ գոլ էլ խփել էր Ագդոն Մենեզեսը:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մաիլսոն Լիման Արմեն Համբարձումյանից հետո կդառնա Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» կազմում 100-րդ խաղի սահմանագիծը հատած երկրորդ ֆուտբոլիստը:

5. Հետաքրքիր ցուցանիշ կգրանցի նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, որը Fastex ՀՊԼ-ում 253-րդ խաղը կանցկացնի ու կընդգրկվի 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում առավելագույն քանակի հանդիպումների մասնակցած 25 ֆուտբոլիստների ցանկում: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ - Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի ընթացիկ առաջնությունում խաղադաշտից երկրորդ անգամ հեռացված «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա