Logo

Ֆենոմենը, հանճարեղն ու գոլահարը դաշտում. ինչպիսին է Ռոնալդոն՝ որպես նախագահ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2406769 50034150 2560 1440 - Ֆենոմենը, հանճարեղն ու գոլահարը դաշտում. ինչպիսին է Ռոնալդոն՝ որպես նախագահ

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է:

Ֆուտբոլային մարդիկ իրենց դերը հաճախ են փոխում: Թոփ ֆուտբոլիստը դառնում է մարզական տնօրեն, անհայտ թարգմանիչը՝ հանճարեղ մարզիչ, ինչ-որ ակումբի լեգենդ՝ փորձագետ լավագույն հեռուստաընկերություններից մեկում, ոմանք էլ՝ աշխարհի լավագույն հարձակվողից վերածվում են ակումբի սեփականատիրոջ:

Ռոնալդոն՝ այն ֆենոմենը, որ նվաճեց աշխարհը 2002-ին իր գոլերով ու սանրվածքով, այսօր նստում է «Խոսե Զորիլյա» ստադիոնում ու դիտում «Վալյադոլիդի» խաղերը՝ ակումբ, որը նա 2 ու կես տարի առաջ գնեց 30 մլն եվրոյով: Իհարկե, տարօրինակ է «մեծատամին» տեսնել տրիբունայում կոստյումով, այլ ոչ ֆուտբոլային մարզաշապիկով ու խաղադաշտում անցումներ անելիս. «Վալյադոլիդի» արդյունքները կախված են թիմի գլխավոր մարզչից ու ֆուտբոլիստներից, ոչ թե ինձնից, բայց խոստովանում եմ՝ երբեմն ցանկանում եմ վազել խաղադաշտ ու գոլ խփել», – նշում է Ռոնալդոն:

«Վալյադոլիդն» ամենևին էլ լավ վիճակում չէր 2019-ին, երբ բրազիլացին որոշեց գնել ակումբը: Ռոնալդոն խոստովանում է, որ իրեն այս նոր կարգավիճակում շատ է ոգեշնչել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որի հետ մինչև այժմ պահում է ընկերական հարաբերություններ, պատմում խաղի ժամանակ իր սթրեսային վիճակների մասին. «Հիմա նա հասկանում է՝ ինչերի միջով եմ անցել և անցնում այս ամբողջ տարիներին: Հավատացեք՝ շատ ավելի բարդ է լինել նախագահ, քան ֆուտբոլիստ», – ասում է Պերեսը:

ronaldo perez 2048x1365 - Ֆենոմենը, հանճարեղն ու գոլահարը դաշտում. ինչպիսին է Ռոնալդոն՝ որպես նախագահ

«Իսկապես դժվար է լինել նախագահ: Առաջին հերթին, սա նոր դեր է ինձ համար: Որպես ֆուտբոլիստ՝ ես յուրաքանչյուր իրավիճակ կարողանում էի հաղթահարել՝ Օլիվեր Կանի դեմ մեն-մենակ մնալուց մինչև Պաոլո Մալդինիի և Ֆաբիո Կանավարոյի կողքին շրջափակված լինելն ինձ համար մեծ խնդիր չէր: Իսկ հիմա անսովոր խնդիրների առաջ եմ կանգնել. կոմերցիոն կողմ, մարկետինգ, նոր պրոյեկտներ, ենթակառուցվածքներ…»:

Իրականում, Ռոնալդոն ինչ-որ առավոտ չի արթնացել ու որոշել գնել «Վալյադոլիդը»: Նա 3 տարի Լոնդոնում մարքեթինգի և սպորտային մենեջմենթի դասեր է անցել և ներգրավվել Fort Lauderdale Strikers ընկերության կառավարման մեջ. «Նոր փուլ է սկսել իմ կյանքում: Մարդիկ ինձ ճանաչում են որպես ֆուտբոլիստ, բայց ցանկանում եմ, որ հայտնի դառնամ նաև այն ամենի համար, ինչ անում եմ հիմա», – նշում է 45-ամյա բրազիլացին:

Իր թիմակիցների՝ մարզչական կարիերա սկսելու քայլերին հետևելու փոխարեն Ռոնալդոն այլ ճանապարհ ընտրեց: Նա արդեն որոշել էր ակումբ կառավարել, երբ գոլեր էր խփում խաղադաշտում: Նրան ոգեշնչել է նաև իր կարիերայի վերջին ակումբի՝ «Կորինտիանսի» նախագահ Անդրես Սանչեսը. «Անդրեսը լավ նախագահ էր իմ ու «Կորինտիանսի» համար: Ես ավելի հասուն էի՝ 33 տարեկան, երբ տեղափոխվեցի այնտեղ: Այդ ժամանակ ինձ հետաքրքրեց՝ ինչ կառուցվածք ունի ակումբը, ինչպես են այն ղեկավարում»:

Andrés quer Ronaldo em sua gestão caso seja eleito presidente - Gazeta Esportiva

Բայց «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի համար նախագահի էտալոնը Մասիմո Մորատին է, որը 1997-ին տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ գնելով իրեն. «Ես ուսումնասիրել եմ իմ բոլոր ակումբների նախագահներին, ու կարող եմ ասել, որ ամենից շատ սովորել եմ Մորատիից: Նա թիմի ֆուտբոլիստներին վերաբերում էր այնպես, կարծես նրանք իր ընտանիքի անդամները լինեին: Ես հասկացա՝ որքան կարևոր է մոտ լինել թիմին: Դու պետք է ամեն ինչ անես խաղացողների համար, և նրանք ջանք չեն խնայի իրենց լավագույն խաղը ցուցադրելու համար»:

Ռոնալդոն իր փորձով օրինակ է ծառայում մյուսներին և ապացուցում՝ որքան մոտ է «Վալյադոլիդի» ֆուտբոլիստներին: 2019-ին, երբ «Վալյադոլիդը» պահեց տեղը Լա լիգայում, բրազիլացին բոլորին հրավիրեց Իբիցայում գտնվող իր առանձնատուն. «Ես ձեր նախագահը չեմ, ես Ռոնին եմ՝ ձեր ընկերը: Հուսանք՝ հաջորդ ամռանը նույնպես այստեղ կլինենք բոլորով: Ցանկանում եմ Իբիցա գալն ավանդույթ դարձնել: Այստեղ կարող ենք նշել մրցաշրջանի վերջում մեր գրանցած հաջողությունները», – ասել է Ռոնալդոն իր ֆուտբոլիստներին:

«Վալյադոլիդը» Ռոնալդոյի առաջին ամբողջական մրցաշրջանում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, ինչն ակումբի լավագույն արդյունքն էր 2002-ից հետո, բայց 2020/21-ին «Վալյադոլիդը» չպահեց տեղը Լա լիգայում և նահանջեց Սեգունդա: Նույնիսկ թիմի առաջատար Սերխի Գվարդիոլային պահելն ու ավստրիացի Շոն Վեյսմանին գնելը չփրկեց իրավիճակը:

Մեր ընտրանին.

Ռոնալդոյի վերաբերմունքը՝ Սուպերլիգային

Տարօրինակ է, բայց Ռոնալդոն այն եզակի միջակ ակումբների ղեկավարներից է, որ դեմ չէ Սուպերլիգայի ստեղծմանը. «Որպես «Վալյադոլիդի» նախագահ՝ ես չէի ցանկանա, որ Լա լիգան կորցներ իր ուժն ու հզորությունը: Բայց ես չեմ կարծում, թե Սուպերլիգայի ստեղծմամբ նման հետևանք կլինի: Կարծում եմ՝ ֆուտբոլում ներքին առաջնությունները կպահեն իրենց արժեքը: Հավատացած եմ՝ Սուպերլիգան բացասաբար չի անդրադառնա Իսպանիայի առաջնության վրա: Բոլորս պետք է ապագայի մաս կազմենք:

Եթե նայում ենք Սուպերլիգայի ծրագրին, ապա տեսնում ենք, որ այն այդքան էլ վատ գաղափար չէ: Խոստովանենք, որ երկրպագուները սիրում են դիտել մեծ խաղեր: Նրանք ցանկանում են ավելի հաճախ տեսնել «Ռեալի» ու «Միլանի», ՊՍԺ-ի ու «Սիթիի» և այլ գրանդների միջև խաղեր: Մենք, այդ թվում՝ ես, ցանկանում ենք ավելի վաղ փուլերում նման խաղեր տեսնել, ոչ թե սպասել մինչև ՉԼ 1/4-ին կամ կիսաեզրափակիչին: Բայց հասկացել եմ, որ, ցավոք, հիմա յուրաքանչյուր կողմն իր հետաքրքրություններն ու շահերն է պաշտպանում:

Ronaldo, the president: From Segunda to the Super League – The Athletic

Կա հաղորդակցման լուրջ խնդիր: Պետք է կարևոր անձիք նստեն սեղանի շուրջ ու քննարկեն բոլոր տարբերակները և ընդհանուր հայտարարի գան: Երկրպագուներն են ֆուտբոլի հիմքը, ֆուտբոլն այդքան արժեքավոր է միայն նրանց շնորհիվ: Մենք պետք է կատարելագործենք մեր արտադրանքն ու առաջարկենք ավելի լավ պայմաններ: Մենք տեսանք մեծ բողոքներ, ցույցեր Սուպերլիգայի դեմ, բայց դա այն պատճառով է, որ այդ նախագծի մասին լավ չէր բացատրվել մարդկանց: Սուպերլիգան ունի մեծ ներուժ: Շուտով նորարարություններ կլինեն ու ֆուտբոլն ավելի լավը կդառնա բոլորիս համար», – նշում է Ռոնալդոն:

Ռոնալդոն կենտրոնացած է «Վալյադոլիդի» նախագծի և հետագա ծրագրերի ուղղությամբ: Վալյադոլիդում նրան վստահում են, երկրպագուները՝ սիրում: Բոլորը վստահ են, որ El Presidente-ն (ինչպես նրան հիմա են ասում), նույնքան դիպուկ է նախագահի դերում, որքան՝ որպես ֆուտբոլիստ էր: Նա գիտի՝ ինչպես գոլ խփի, գիտի դարպասի տեղը, գիտի իր նպատակը և ամեն ինչ անելու է «Վալյադոլիդին» Լա լիգա վերադարձնելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա