Logo

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն՝ պատերազմի եզրին. Մունդիալը կանցկացվի՞ երկու տարին մեկ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:28 / 16.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

1999-ին ՖԻՖԱ-ի այդ ժամանակվա նախագահ Յոզեֆ Բլատերն առաջին անգամ խոսեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարի մասին, սակայն այդ միտքն այդպես կախված մնաց օդում 20 տարի, մինչև 2018-ին այն փայլատակեց նաև Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսի գլխում: 2021-ի մայիսին Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան խոսքերից անցավ գործի ու ՖԻՖԱ-ի կոնգրեսում հանդես եկավ նախաձեռնությամբ, որին կողմ արտահայտվեցին ՖԻՖԱ-ի անդամ 210 ասոցիացիաներից 166-ը: 

Այս ամենից հետո ՖԻՖԱ-ն ընդունեց էստաֆետան ու, որպես իսկական գիշատիչ, սկսեց նախագծի մշակման պրոցեսը: Հետո կազմակերպությունը, արդեն կանխագուշակելով համընդհանուր խռովությունը, խորամանկ քայլի գնաց ու նախագծի ղեկավար նշանակեց «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ՖԻՖԱ-ում ֆուտբոլի զարգացման գծով տնօրեն Արսեն Վենգերին:

Այս առաջարկը շատ արագ քննարկումների ու բանավեճերի առիթ դարձավ ամբողջ աշխարհում. երկրպագուները, մարզիչները, խաղացողներն ու ֆուտբոլային ղեկավար մարմինները բաժանվեցին երկու ճամբարի, որոնց տեսակետները, պնդումները, բերած փաստարկները VNews-ն ամփոփել է մեկ վայրում:

ՖԻՖԱ-Ն ՈՒ ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐԸ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՖԻՖԱ-ի գլխավոր պնդումն աշխարհի առաջնությանը երկու տարին մեկ անցկացնելու օգտին այն է, որ ֆուտբոլն այդկերպ ավելի կգլոբալիզացվի, ու երկրպագուների պահանջներն ամբողջությամբ կբավարարվեն։ Բայց ամեն ինչ այդքան պարզ ու շիտակ չէ։ Տպավորություն է, թե ՖԻՖԱ-ում բոլորին արբեցրել է խոշոր եկամուտների հոտը, որը նրանք կարող են ստանալ Մունդիալի ձևաչափի փոփոխությունից հետո։ 

Երիտասարդությունը կարևոր մարզական իրադարձությունների պահանջ ունի։ Եթե ֆուտբոլը չստեղծի պայմաններ, ապա դա կանի մեկ այլ սպորատձև։ Մենք շատ մրցակիցներ ունենք, որոնք վախենում են կորցնել վերահսկողությունը սեփական մրցաշարերի նկատմամբ...

Արսեն Վենգեր, ՖԻՖԱ-ում ֆուտբոլի զարգացման գծով տնօրեն

Հայտնի փաստ է, որ ՖԻՖԱ-ն իր եկամուտների մեծ մասը գեներացնում է աշխարհի առաջնություններից։ Ըստ Nielsen խորհրդատվական ընկերության անցկացրած ուսումնասիրությունների՝ կազմակերպության եկամուտը կաճի 3,8 մլրդ եվրոյով։ Հիմա ՖԻՖԱ-ն ստանում է 6,2 մլրդ, բայց նոր ձևաչափի ներդրման դեպքում այն կկազմի ավելի քան 10 մլրդ եվրո։

Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու առավելությունները պարզ են։ Դա բարձր մակարդակի մրցաշար է, որը ավելի մեծ հնարավորություններ ու սենսացիա է տալիս այսօրվա աշխարհին։ Երբ որոշվել էր, որ աշխարհի առաջնությունը անցկացվելու է 4 տարին մեկ անգամ, 40 թիմ էր, իսկ հիմա մենք 211-ն ենք...

Ջանի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի նախագահ

Այս հարցով էլ ՖԻՖԱ-ն իր 211 անդամներին հավաստիացրել է, որ լրացուցիչ եկամուտի մի մասը կուղղվի կազմակերպության ընդհանուր ֆոնդ, իսկ յուրաքանչյուր ասոցիացիա կստանա լրացուցիչ 14 մլն եվրո։ Բացի դրանից, FIFA Forward ծրագրով ազգային ֆեդերացիաներին տարամադրվող գումարը կաճի 50%-ով՝ 6 մլն դոլարից հասնելով մինչև 9 մլն-ի։ Այս համակարգը, ըստ ՖԻՖԱ-ի, թույլ կտա նաև նվազեցնել ֆինանսական անհավասարությունը ֆուտբոլային շուկայում և ավելի շատ երկրների հնարավորություն կտա հաջողությամբ հանդես գալու համաշխարհային մակարդակով:

ՖԻՖԱ-ի պատվերով անցկացված անկախ զեկույցում նաև ասվում է, որ այս ծրագիրը կօգնի ՀՆԱ-ն բարձրացնել 180 մլն դոլարով, ու չորս տարվա ընթացքում կստեղծվի 2 մլն աշխատատեղ։

Հիմա ձեզ հավանաբար հուզում է հարցը՝ ինչ ձևաչափով կանցկացվի աշխարհի առաջնությունը, եթե այն կայանա երկու տարին մեկ. ՖԻՖԱ-ն ու Վենգերը պատասխանել են նաև այս հարցին։

  1. Նախ՝ կստեղծվի նոր միջազգային օրացույց (ներկայիս օրացույցը ավարտվում է 2024/25 մրցաշրջանում)։
  2. Առաջին փուլ. ԱԱ որակավորման փուլի 4 հանդիպում կայանում է հոկտեմբերին։ Այդ խաղերը տեղի են ունենալու 28 օրվա ընթացքում։
  3. Երկրորդ փուլ. ևս 3 հանդիպում կայանում է մարտին։ Հետևություն՝ ընտրական փուլի խաղերը կրճատվում են մինչև 7-ի՝ նախկին 8-ի կամ 10-ի փոխարեն։
  4. ԱԱ եզրափակիչ փուլը մեկնարկում է հունիսի սկզբին։ Ուստի՝ ազգային առաջնությունների վերջին տուրը պետք է կայանա մայիսի առաջին կեսին։
  5. Այդպես, նոր մրցաշարերը, ինչպես, օրինակ, Ազգերի լիգան կամ ընկերական խաղերը, դուրս են գալիս ասպարեզից։
  6. Կենտ տարիներին էլ անցկացվում է Կոնֆեդերացիաների առաջնությունը։
  7. Ֆուտբոլիստներին տրամադրվող պարտադիր հանգիստ՝ 25 օր հուլիսին։


Աշխարհի առաջնությունը հիանալի մրցաշար է։ Դա ամենանշանակալի մրցաշարն է, ու ես՝ որպես երկրպագու, սիրում եմ դիտել այն։ Հիանալի կլիներ Մունդիալը դիտել 2 տարին մեկ։ Ես ամբողջությամբ աջակցում եմ Արսեն Վենգերին, որ եթե չի անկացվում աշխարհի առաջնություն, դրա փոխարեն պետք է այլ մրցաշար, օրինակ՝ Կոնֆեդերացիաների գավաթը։ Ակումբներն ու լիգաներն իրենց դիրքորոշումն են պաշտպանում, ՖԻՖԱ-ն՝ իր դիրքը, ՈՒԵՖԱ-ն՝ իր։ Ամեն ինչ հասնում է աբսուրդի, քանի որ բոլորը միայն իրենց մասին են մտածում...

Պեպ Գվարդիոլա, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ

Ըստ դեկտեմբերին անցկացված սոցհարցումների՝ Եվրոպայից 48% երկրպագուները դեմ են ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելուն, ընդ որում՝ Անգլիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում ամենից շատ են անհավանություն հայտնել, միայն անգլիացիների 10 %-ն է ասել «այո»։ Մինչդեռ Աֆրիկայում ու Ասիայում բարեփոխումներին դրական են տրամադրված հարցվածների համապատասխանաբար 76 ու 66 %-ը։ Սակայն ՖԻՖԱ-ի նոր նախաձեռնությանը դեմ է արտահայտվել ծանր հրետանին՝ Հարավամերիկյան ֆուտբոլային ֆեդերացիան (Հարավային Ամերիկա, 10 երկիր) ու ՈՒԵՖԱ-ն (Եվրոպա, 55 երկիր)։ Այս հզոր զույգն է, որ ամենաշատ ներկայացուցիչներն ունի խոշոր մրցաշարերում ու ամենաբարձր հորիզոնականներն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի դասարկարգման աղյուսակում։ Երկու կազմակերպությունն էլ կտրականապես դեմ է ՖԻՖԱ-ի բարեփոխումներին՝ սպառնալով բոյկոտել աշխարհի առաջնությունը։ Սակայն նրանք էլ իրենց շահերն են պաշտպանում ու ունեն իրենց պատճառները։

ՈՒԵՖԱ-Ն ՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս նախաձեռնության ընդդիմախոսների փաստարկների ու տողերի միջև ևս թաքնված է ֆինանսական կողմը։ 

Այսպես, ՖԻՖԱ-ի իր եկամուտների 95%-ն ստանում է աշխարհի առաջնությունից. վերջին քառամյակում (2015-2018) կազմակերպությունը աշխատել է մոտ 6,42 մլրդ դոլար, իսկ ՈՒԵՖԱ-ն 2014/15 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանն աշխատել է մոտավորապես 14 մլրդ եվրո։ Իսկ նոր ձևաչափի ներդրման պարագայում կշեռքի նժարը կթեքվի ՖԻՖԱ-ի կողմը, այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն անցել է կոնկրետ գործողությունների ու անկախ քննություն պատվիրել Oliver & Ohlbaum խորհրդատվական ընկերությունից։ 

Եվ նրանց եզրակացությունն այն է, որ ֆուտբոլասերներին կձանձրացնի մրցաշարի հաճախականությունը, կընկնի առաջնության հեղինակությունը, որն էլ կբերի լսարանի հետաքրքրության նվազման, ինչպես նաև անկում կապրեն հեռուստատեսային, հովանավորչական ու կոմերցիոն պայմանագրերի արժեքները։

Չեմ կարող վստահ ասել՝ ճի՞շտ է արդյոք, թե՞ սխալ աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելը, բայց ինձ համար դա յուրահատուկ մրցաշար է։ Եվ դրան նպաստում է դրա անցկացումը 4 տարին մեկ։ Եթե մենք Մունդիալներն անցկացնենք երկու տարին մեկ, դրանք կդառնան սովորական, ինչը պետք չէ թույլ տալ։ Մենք ունենք ԵՎՐՈ-ն, աշխարհի առաջնությունն ու Ազգերի լիգան… Իհարկե, մենք սիրում ենք ֆուտբոլը, բայց դա արդեն չափազանց է։ Եթե մարդիկ ցանկանում են որակյալ մրցաշարեր ու թեժ կրքեր, ապա պետք է համապատասխան ընդմիջումներ լինեն մրցաշարերի միջև...

Կիլիան Մբապե, ՊՍԺ ,Ֆրանսիա

 

ՈՒԵՖԱ-ն դեպքերի զարգացման երկու սցենար է մշակել. ԵՎՐՈ-ն՝ 4 տարին մեկ, ԱԱ-ն՝ 2 տարին մեկ, ինչպես նաև ԵՎՐՈ-ն ու ԱԱ-ն՝ 2 տարին մեկ։ Եվ այս երկու տարբերակներն էլ ոչ շահեկան են ՈՒԵՖԱ-ի համար։ Առաջին դեպքում, համաձայն հաշվարկների, կազմակերպության եկամուտը կընկնի 53%-ով, իսկ երկորրդ դեպքում՝ 44%-ով։ Ազգային առաջնություններին տրվող վճարումները 4 մլրդ դոլարից կնվազեն մինչև 2,5 մլրդ։ Ակումբային ֆուտբոլը ևս ստիպված կլինի մեկ քայլ ետ գնալ ու տեղը զիջել աշխարհի առաջնությանը։ FTI Delta Partners-ի, KPMG, Global Web Inde-ի, 21st Group-ի, Oliver & Ohlbaum-ի ու Colgan Bauer-ի համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ակումբները կարող են մեկ մրցաշրջանի ընթացքում ունենալ ընդհանուր 5,6 մլրդ դոլարից մինչև 9,6 մլրդ կորուստներ։ 

Ես նույնպես այդ գաղափարի երկրպագուն չեմ։ Մենք առանց այդ էլ անցկացնում ենք մեծ թվով հանդիպումներ մեկ տարվա ընթացքում։ Շատ են բարդ հանդիպումները, ծանր շաբաթները, որոնց ընթացքում մենք պատրաստվում ենք ակումբային մրցաշրջանի մեկնարկին կամ մեծ մրցաշարերին։ Հեշտ է ինչ-որ նոր բան հնարելը, բայց կարևոր է գնահատել գաղափարների ազդեցությունը գրաֆիկի վրա ու հիշել ընդմիջումների կարևորությունը։ Ենթադրենք՝ մենք սկսում ենք խաղալ աշխարհի առաջնությունում երկու տարի մեկ անգամ. դա անխուսափելիորեն պատճառ կդառնա խաղամակարդակի նվազմանը։ Նման ռիթմով ֆիզիկապես ու հոգեբանորեն գոյատևելն անտանելի է։ Եթե դուք ցանկանում եք, որ թոփ ֆուտբոլիստները երկար խաղան ֆուտբոլ, պետք է նրանց ընդմիջումներ տալ...

Ռոբերտ Լևանդովսկի. «Բավարիա», Լեհաստան

Մունդիալի ձևաչափի փոփոխությունն իսկապես վատ նորություն է ֆուտբոլիստների համար։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ավելի շատ մարզումներ անցկացնեն, մեծացնեն ծանրաբեռնվածությունը, ավելի շատ ճանապարհորդեն և հետևաբար ավելի քիչ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների հետ։

Սա նաև մեկ այլ գլխացավանք կդառնա ակումբների համար, քանի որ ֆուտբոլիստները կսկսեն ավելի շատ ու հաճախակի վնասվածքներ ստանալ: Այն ակումբները, որոնք իրենց աստղերին հանգիստ տրամադրելու հետևանքով չեն կարողանա ճիշտ ռոտացիա կատարել, կսկսեն ցածր արդյունքներ ցույց տալ ու կկանգնեն ֆինանսական խնդիրների առջև։ Նույն պատճառով կընկնեն նաև հանդիպումների տեմպն ու դիտարժանությունը, ավելի քիչ երկրպագուներ կգնան ստադիոններ։

Եվ այսպես, ՖԻՖԱ-ի հաջորդ հանրագումարը կայանալու է մարտի 2022-ին Կատարում, բայց դեռևս ծրագրեր չկան այդ ժամանակ քվեարկություն անցկացնելու համար։ Սակայն պարզ է, որ դա վաղ թե ուշ կայանալու է, ու թե ով կհաղթի այս պատերազմում՝ ՈՒԵՖԱ-ն, թե՞ ՖԻՖԱ-ն, պարզ կլինի միայն ժամանակի ընթացքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա